Մատչելիության հղումներ

logo-print

Երիտասարդ գիտնականները կոչ են անում ավելացնել գիտության ֆինանսավորումը


Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ Հայաստանի երիտասարդ գիտնականները քաղաքական կուսակցություններին կոչ են անում իրենց նախընտրական ծրագրերում անդրադառնալ գիտության ֆինանսավորման խնդրին։

«Կոչ ենք անում, որ բոլոր կուսակցությունների նախընտրական ծրագրերում ֆիքսվի, որ գիտությանը տրվող ֆինանսավորումը պետք է աճի համախառն ներքին արդյունքի 1 տոկոսով տարեկան 0.2 տոկոսով աճելու պայմանով», - ասում է «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության անդամ, երիտասարդ գիտնական Արթուր Մովսիսյանը՝ հավելելով, որ երկու կուսակցություններ`«Հայ ազգային կոնգրեսը» եւ «ժառանգությունը», արդեն արձագանքել են իրենց կոչին, առաջինը՝ ֆիքսելով պահանջը իր ծրագրում, երկրորդը՝ խոստանալով ներառել նախընտրական ծրագրում:

«Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում նա նշեց, որ աշխարհում գիտությանը տրվում է համախառն ներքին արդյունքի 2-3 տոկոսը, որից 1 տոկոսը հենց պետության կողմից է տրվում, մյուս մասով գիտությունն ինքնաֆինանսավորվում է:

«Ապացուցված է, որ ՀՆԱ-ի մեկ տոկոսից ցածր ֆինանսավորման դեպքում այդ երկրում գիտությունը մեռնում է: Մեր պահանջը պետությունից այն է, որ պետական մինիմումը ապահովվի», - նշեց նա:

Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում միջին աշխատավարձը մոտ 120.000 դրամ է, իսկ գիտնականների խոսքերով իրենցը ՝ 58.000 դրամ, բազմաթիվ երիտասարդ գիտնականներ էլ աշխատում են մինիմալ 32.500 դրամ աշխատավարձով։ Այս պատճառով տեղի է ունենում գիտնականների արտահոսք դեպի այն երկրների բուհեր ու գիտահետազոտական կենտրոններ, որտեղ իրենց աշխատանքը գնահատվում է եւ վարձատրվում ըստ արժանվույն:

«Այդպես եղավ նաեւ այս տարվա ֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի հատուկ խմբում սովորող երիտասարդների հետ, որոնցից երկուսն ավարտեցին Երեւանում, մյուսները «ընդունվեցին Ցյուրիխի համալսարան: Նրանք ասում են, որ իհարկե Հայաստանում չեն ակնկալում շվեյցարական աշխատավարձ, բայց գոնե ինչ-որ համեմատելի բան», - հավելեց երիտասարդ գիտնական Հայկ Իշխանյանը՝ նշելով, որ շատերն են համաձայն Հայաստանի պայմանենրի համար պատշաճ աշխատավարձով այստեղ աշխատել:

Իրենց խոսքերով՝ գիտությունը երիտասարդների համար հրապուրիչ դարձնել այժմ կարելի է ֆինանսավորման ավելացմամբ, ինչպես նաեւ գիտության նկատմամբ վերաբերմունքը փոփոխելով:
Մատնանշվեց նաեւ գիտության ոլորտի մեկ այլ խնդիր․ այժմ Հայաստանի գիտնականների միջին տարիքը 59 տարեկան է, այսինքն` մի քանի տարի հետո, երբ մեծ թվով գիտնականներ անցնեն թոշակի, իսկ երիտասարդների արտահոսքը շարունակվի, կկանգնենք փաստի առջեւ:

XS
SM
MD
LG