Մատչելիության հղումներ

Փաշինյանը Հովհաննիսյանի ինքնաբացարկը իր հետ չի կապում


«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյան

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյան

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) անդամ Նիկոլ Փաշինյան «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարություններից դատելով՝ վերջինիս ինքնաբացարկը իր առաջադրման հետ որեւէ կապ չունի։

«Ես Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունները ընթերցելով հասկանում եմ, որ թիվ 7 ընտրատարածքում նրա առաջադրվելը, իր իսկ պարզաբանմամբ, որեւէ կապ չի ունեցել իմ առաջադրման փաստի հետ, եւ իր ինքնաբացարկը նույնպես որեւէ կապ չունի իմ առաջադրման փաստի հետ», - նշեց Փաշինյանը՝ հավելելով․ - «Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրվելը որեւէ կերպ չի փոխել իմ նախընտրական մարտավարությունը, ինքնաբացարկը նույնպես չի փոխում իմ նախընտրական մարտավարությունը, եւ ես կարող եմ Րաֆֆի Հովհաննիսյանին մաղթել ամենայն բարիք եւ հաջողություններ»։

Թիվ 7 ընտրատարածքում Նիկոլ Փաշինյանից բացի, իրենց թեկնածությունն են առաջադրել նաեւ հայտնի գործարար, պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, որին պաշտպանում է Հանրապետական կուսակցությունը, անկուսակցականներ Տիգրան Գրիգորյանը եւ Վարդան Վարդանյանը: Գրիգորյանը հերքում է մամուլի այն հրապարակումները, թե ինքը Ալեքսանյանի դրածոն է:

Այսօր ավելի վաղ հրավիրած ասուլիսում Փաշինյանը, ներկայացնելով «Ժառանգություն»-ՀԱԿ անարդյունք բանակցությունների նախապատմությունը, տեղեկացրեց, որ «Ժառանգություն»-ը ցանկացել է ընդդիմության միասնական թեկնածուների հարցը նախ քննարկել առաջադրումների փուլի ավարտից հետո: Այս դիրքորոշումը, Փաշինյանի փոխանցմամբ, ՀԱԿ-ի համար հասկանալի չի եղել: Փաշինյանը նաեւ ասաց, որ մեծամասնական ընտրակարգով թեկնածուների առաջադրումներից հետո «Ժառանգություն»-ը իրենց առջեւ պայման է դրել, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը հանի իր թեկնածությունը թիվ 7-ից, ապա ՀԱԿ-ը դրա դիմաց պետք է հանի իր թեկնածուներին հինգ ընտրատարածքներից` թիվ 1-ից, 4-ից, 6-ից, 9-ից, 12-ից:

Փաշինանյանի փոխանցմամբ` «Ժառանգության» այս առաջարկը անտրամաբանական է եւ հետեւաբար քննարկման ենթակա չէ:

«ՀԱԿ-ը գնահատել է, որ այսպիսի առաջարկը հիմք չի տալիս բանակցությունների համար, որովհետեւ, չեմ կարծում, թե որեւէ մեկը տրամաբանական համարեր այսպիսի առաջարկությունը: ՀԱԿ-ը ընտրություններին մասնակցում է ոչ թե զիջելու, այլ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական իրավիճակ փոխելու, իշխանափոխություն իրականացնելու համար», - ասաց Փաշինյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը իր հերթին այսօր կայացած ասուլիսում հայտարարել էր, որ մեծամասնական թեկնածուների հարցում համաձայնության գալու համար հանդիպում է եղել ՀԱԿ-ի ներկայացուցչի հետ եւ առաջարկվել է, մասնավորապես, որ 21 ընտրատարածքներում միասնաբար զորակցեն ՀԱԿ-ի թեկնածուին, 7 ընտրատարածքներում` «Ժառանգության» թեկնածուին, մնացած 13-ում` Դաշնակցության թեկնածուին։ Առաջակրը, սակայն, մերժվել է:

Փաշինյանը նաեւ անտրամաբանական է համարում այս փուլում նման քննարկումներ ծավալելը, երբ մի քանի օրից մեկնարկելու է նախընտրական քարոզարշավը:

«Այսինքն Հանրապետական կուսակցությունը սկսի քարոզարշավ անել, մենք սենյակներում բանակցենք, հետո մայիսի 6-ին ասենք` վայ, մոռացանք քարոզարշավ անել, որովհետեւ բանակցում էինք ինչ-որ անտրամաբանական առաջարկների վերաբերյալ: Ես կարծում եմ, որ մենք բոլորս պետք է հասկանանք, որ սկսվել է ընտրարշավ, եւ այդ ընտրարշավից ընդդիմությանը շեղելու փորձերը ինձ համար ընդունելի չեն», - ասաց ՀԱԿ-ի ներկայացուցիչը:

Փաշինյանն ասաց` թիվ 7-ում շատ հետաքրքիր ընտրարշավ է սպասվում, եւ հաշվի առնելով հասարակական մեծ հետաքրքրությունը` իշխանական թեկնածու Սամվել Ալեքսանյանին հրավիրում է հեռուստաբանավեճի:

«Սերժ Սարգսյանը ասել է, որ բիզնեսը եւ իշխանությունը պետք է տարանջատվեն: Հանրապետական կուսակցությունը ասում է, որ Սամվել Ալեքսանյանը բիզնեսմեն չէ: Եթե նա բիզնեսմեն չէ, ուրեմն քաղաքական գործիչ է: Ուրեմն, եկե'ք բանավեճ կազմակերպենք, տեսնենք, թե ինչպիսի քաղաքական գործիչ է Սամվել Ալեքսանյանը, որպեսզի հանրությունը հնարավորություն ունենա տեսնելու, թե Սերժ Սարգսյանը քաղաքական ինչ թիմով է ներկայանում խորհրդարանական ընտրություններին եւ քաղաքական ինչպիսի գործիչներով է ուզում կառավարել Հայաստանի Հանրապետությունը», - հայտարարեց ընդդիմադիր թեկնածուն:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG