Մատչելիության հղումներ

Մարտի 24-ի մամուլ


«Ինչպիսի՞ն կլինի հաջորդ խորհրդարանը», - հարց է տալիս «Հայոց աշխարհ»-ը ու պատասխանում․ - «Կոպիտ, բայց կանխահայտորեն իմաստավորված գնահատական կարելի է ստանալ շատ պարզ. կլինի այնպիսին, ինչպիսին ներկայինս է, ընտրարշավի ընթացքում շտկումներով։ Անակնկալներ, բնականաբար, միշտ հնարավոր են, բայց վախենանք, որ, չհաշված ՀԱԿ-ի համամասնականով ԱԺ մտնողների, հարյուր ծաղկի ծաղկում ԱԺ-ում այդպես էլ չենք տեսնի»։

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է․ - «Էլի սիրուն բան չստացվեց։ Պատգամավորության թեկնածուների ցուցակները հրապարակվեցին, եւ պարզվեց, որ ինչպես միշտ՝ գործ ենք ունենալու «աջաբսանդալի» հետ։ Իշխանական կուսակցությունների ցուցակներում հայտնվեցին մինչ այդ իբր ընդդիմադիր գործիչներ, իբր ընդդիմադիր կուսակցությունների ցուցակներում հայտնվեցին ակնհայտորեն իշխանամետ դեմքեր եւ այլն, ու իբր դա քիչ էր՝ հետո էլ պարզվեց, որ նույն ընտրատարածքներում մեծամասնականով իրար դեմ են պայքարելու ընդդիմության լիդերները եւ նույնիսկ միասնական ցուցակ ներկայացրած ուժերի «հովանավորյալները»։ Սերժ Սարգսյանն, իհարկե, պղտոր ջրում ձուկ որսալու մեծ մասնագետ է, եւ եթե այսպես շարունակվի՝ նա ամենայն հավանականությամբ կհասնի իր նպատակին»։

Թեման շարունակում է «Ժամանակ»-ը։ «Ընդդիմության նվերն իշխանություններին» վերնագրի ներքո թերթը գրում է․ - «Դեռ չի մեկնարկել պաշտոնական քարոզարշավն ու քաղաքական ուժերն ընդամենը նոր են հատել խորհրդարանի ընտրության առաջադրումների փուլը, բայց իրավիճակն արդեն հասցրել է հարստանալ երկու ընդդիմադիր ճամբարների՝ Հայ ազգային կոնգրեսի և Ժառանգության փոխհրաձգություններով: Իսկ պատճառը, ինչպես հայտնի է, այն է, որ թիվ 7 ընտրատարածքում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի առաջադրումից հետո առաջադրվեց նաև Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Ժառանգության առաջնորդը, ընդ որում՝ նույնիսկ իր կուսակիցների համար անակնկալ: Իհարկե, երեկ Հովհաննիսյանը հայտարարեց, որ ինքը Փաշինյանից հետո առաջադրվել է՝ չիմանալով Փաշինյանի առաջադրման մասին, բայց դա, իհարկե, այնքան էլ չմեղմեց այն փոխադարձ մեղադրանքների և վիրավորանքների տարափը, որ տեղում են կոնգրեսականներն ու ժառանգականները միմյանց հասցեին: Կարելի է պատկերացնել, թե ինչպիսին կլինի այս երկու ճամբարների մրցակցությունը արդեն քարոզարշավի ընթացքում, երբ ավելի ու ավելի մոտենանք քվեարկությանը»։

«Առավոտ»-ը գրում է․ - «Իշխանական դաշտում կրկնակի (եռակի) ռեսուրս ծախսելն ու իրար դեմ աշխատելը այնքան վնասակար չէ այդ ճամբարի համար: Նախ` այնտեղ հավաքվել են ոչ աղքատ մարդիկ, եւ իրենց մրցակցությունն, ի վերջո, հանգեցնում է նրան, թե ով ավելի շատ փող կծախսի: Երկրորդ` այդ ճամբարն ընդհանրապես հսկայական «ֆորա» ունի` իր նյութական եւ վարչական ռեսուրսներով, այնպես որ` նրանց ներկայացուցիչները կարող են իրենց թույլ տալ իրար դեմ թեկնածություններ դնելու շռայլությունը: Այլ հարց է ընդդիմադիր ուժերը, որոնց օգտին մարդիկ գալիս են քվեարկելու իրենց համոզմունքներից, ոչ թե նյութական շահագրգռությունից ելնելով: Եվ այստեղ առավել եւս տարօրինակ է, որ ՀԱԿ-ի, «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի միջեւ չկա տեղեկատվության տարրական փոխանակման մեխանիզմ, մասնավորապես` թե ով որտեղ է իր թեկնածությունը դնում: Իհարկե, հավատում եմ Րաֆֆի Հովհաննիսյանին, երբ նա ասում է, թե չգիտեր, որ թիվ 7 ընտրատարածքում կա մեկ այլ հայտնի ընդդիմադիր թեկնածու, բայց տարօրինակը հենց դա է` ընդդիմադիր թեկնածուները պետք է նախօրոք միմյանց տեղեկացնեն իրենց մտադրությունների մասին: Իսկ ամենակարեւոր բանը, որ վաղուց պիտի անեին այդ երեք քաղաքական ուժերը, հետեւյալն է` հավաքվել եւ որոշել` ով որ ընտրատարածքում ունի այսինչ ուժեղ թեկնածուն, այսինչ պայքարող վստահված անձը եւ այսինչ պատրաստված դիտորդը, եւ նրանց բաշխել բոլոր տեղամասերով»։

«Ի՞նչ տեխզննություն, եթե կա ԱՊՊԱ», - գրում է «Երկիր»-ը եւ շարունակում․ - «Բնականաբար, հասարակության շահերով առաջնորդվելու դեպքում կառավարությունը առաջնահերթությունը պետք է տար ոչ այնքան ավտոապահովագրական համակարգի կայացմանը, որքան ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննության խնդիրներին: Քանի որ երբ դու պատճառը կամ գոնե պատճառներից կարեւորագույնը չես վերացնում ու սկսում ես հետեւանքից, ապա խնդիրը չես լուծում: Կարծում եմ` պարզ է, որ ճանապարհային երթեւկության անվտանգությունն ապահովում է ոչ թե ԱՊՊԱ-ն, այլ` տեխզննությունը, որի անցկացումը, նախ եւ առաջ, օրենքի պահանջ է: Այլ հարց է, թե արդյո՞ք կառավարությանը հարկավոր է հանրային շահ հետապնդող որեւէ խնդրի արմատական կարգավորում: Մինչդեռ վարչապետի` կառավարության նիստերից մեկում արված մի հայտարարություն (այն է` տեխզննության կտրոնի ետեւում կնիքը պարտադիր չէ, եւ համապատասխան մարմիններն իրավունք չունեն այն քաղաքացուց պահանջելու)` նման էր ջուրը նետված քարի. արդյունքը եղավ այն, որ այս տարվա փետրվարին տեխզննում անցած մեքենաների թիվը կազմեց ընդամենը 5300` 2011թ. փետրվարի 10700-ի դիմաց, այսինքն` կիսով չափ պակաս»:

please wait

No media source currently available

0:00 0:04:44 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG