Մատչելիության հղումներ

Չինաստանից ներկրված 249 ավտոբուսներից 80-ը այսօրվանից ներգրավվեցին Երեւանի հասարակական տրանսպորտի 6 երթուղիներում: Մնացած ավտոբուսները երթուղի կմտնեն աստիճանաբար:

Ավտոբուսները 45 ուղեւոր տեղատարողությամբ են: Քաղաքային իշխանությունները նախատեսում են մինչեւ տարեվերջ ներկրված ավտոբուսներից 25-ը կահավորել այնպես, որ դյուրին լինի հաշմանդամների անվասայլակներով ելումուտը:

Հանրապետության հրապարակում ավտոբուսի առաջին ուղեւորներից էին Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ու Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի խոսքով, առաջիկա օրերին կհաստատեն հասարակական տրանսպորտի նոր ցանցը: Ըստ քաղաքապետի, մասնավոր հատվածի հետ բանակցությունների եւ համապատասխան մրցույթի արդյունքում այս տարի Երեւան կներկրվի եւս 350 ավտոբուս:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հնարավո՞ր է, որ նոր ներկրված ավտոբուսները սկսեն գազով աշխատել, քանի որ դիզվառելիքի ծախսը սովորականից ավելի շատ է, քաղաքապետը հետեւյալ կերպ արձագանքեց․ - «Եթե տեսնենք ծախսը շատ է, հնարավոր է ժամանակ առ ժամանակ անցնեն գազի»։

Երեւանի քաղաքապետը չհերքեց, որ կան որոշակի դժվարություններ նոր ներկրված ավտոբուսների համար վարորդներ գտնելու հարցում:
«Քանի որ հայեցակարգով միկրոավտոբուսները կրճատվելու էին, եւ հիմնականում ավտոբուսներ են լինելու, առաջին հնարավորությունը տալու ենք միկրոավտոբուսների վարորդներին», - պարզաբանեց Տարոն Մարգարյանը։

Ինչ վերաբերում է վարորդների աշխատավարձերին, ապա քաղաքապետի պարզաբանմամբ՝ աշխատավարձը կկազմի 70-80 հազար դրամ, որից բացի վարորդների համար կլինի «խրախուսանք, որ իրենք իրականում կարողանան նորմալ սպասարկել»։

Տարոն Մարգարյանից հետաքրքրվեցինք նաեւ տեսնո՞ւմ է իրեն նոր խորհրդարանում, թե՞ ոչ։

«Քանի որ ես կուսակցական եմ՝ ընտրություններից հետո կուսակցությունն է որոշում։ Բայց ես բազմիցս ասել եմ, որ ես իմ աշխատանքը տեղական ինքնակառավարման մարմիններում փորձը ունեմ, այդ աշխատանքը հոգեհարազատ է», - նշեց քաղաքապետը։

Վերադառնալով երթուղի դուրս եկած նոր ավտոբուսներին, հավելենք, որ դրանք այսօր հանրությանը կսպասարկեն անվճար:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG