Մատչելիության հղումներ

logo-print

«Եվրատեսիլ»-ի պատճառով Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները լայն արձագանք են ստանում


«Եվրատեսիլ»-ի պատճառով միջազգային կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրը:

Վերջին ամիսներին արեւմտյան լրատվամիջոցները պարբերաբար անդրադառնում են այս թեմային եւ քննարկում, թե որքանով է նպատակահարմար եվրոպական մրցույթի անցկացումը բռնապետական քաղաքականություն որդեգրած երկրում։

«Նոր կասկածներ են ի հայտ գալիս մրցույթը հյուրընկալելու՝ Ադրբեջանի կարողության վերաբերյալ», - գրում է այսօր բրիտանական «Ինդեփենդենթը» եւ նշում, որ մրցույթից ընդամենը երկու ամիս առաջ իշխանությունները տեղի երաժիշտներին բռնության են ենթարկել ու ազատազրկել՝ նախագահ Ալիեւին քննադատելու համար։

Դեպքը տեղի է ունեցել անցած շաբաթ օրը, Բաքվում ընդդիմության կազմակերպած հանրահավաքի ժամանակ երկու երիտասարդ ադրբեջանցի երաժիշտներ քննադատել են Ալիեւին ու նրա ընտանիքի անդամներին, ինչից հետո դատարանը նրանց տասնօրյա կալանքի է դատապարտել՝ խուլիգանություն կատարելու համար։ Ավելի ուշ երաժիշտները ասել են, որ ազատազրկումից բացի ոստիկանները նաեւ ծեծել են իրենց ու զրկել հարազատների ու փաստաբանների հետ տեսակցելու իրավունքից։

«Զավեշտալի է, որ «Եվրատեսիլ»-ը հյուրընկալելուց ամիսներ առաջ Ադրբեջանի իշխանությունը ուժ է գործադրում՝ երաժիշտներին լռեցնելու ու ազատազրկելու համար», - այս առթիվ հայտարարել է միջազգային «Ամնեսթի» իրավապաշտպան կազմակերպությունը եւ կոչ արել անկախ հետաքննություն իրականացնել միջադեպի վերաբերյալ։

«Ադրբեջանն այս մրցույթը ընկալում է որպես իր տնտեսական աճն ի ցույց դնելու հնարավորություն եւ միլիոնններ է ներդնում, որպեսզի ամեն ինչ հարթ ու սահուն անցնի», - փաստում է բրիտանական պարբերականն ու ընդգծում, որ դրան հակառակ հետզհետե նոր ու մտահոգիչ փաստեր են ի հայտ գալիս ընդդիմախոսների նկատմամբ Ալիեւի վարչակազմի կիրառած բռնությունների վերաբերյալ։

«Այդ շարքում երաժիշտների հետ կապված միջադեպը վերջիններից մեկն է միայն: Ավելի վաղ այս ամիս համացանցում տարածվել էր «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Խադիջա Իսմայիլովայի ինտիմ կյանքի մասին պատմող տեսանյութը», - գրում է «Ինդեփենդեթ»-ը եւ հիշեցնում, որ լրագրողը հայտնի է հենց Ալիեւի եւ մերձավոր շրջապատի կաշառակերության մասին հաղորդումներով։

Թեմային անդրադարձել է նաեւ «Բիբիսի»-ն, որն, ի դեպ, հաղորդումը սկսել է «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ զրույցով:

«Վստահ եմ՝ տեսախցիկը տեղադրել ու տեսանյութը տարածել են կառավարության ներկայացուցչները», - ասել է Իսմայիլովան եւ զգուշացրել, որ «կագեբեական մեթոդներով» լրտեսության զոհ կարող են դառնալ նաեւ «Եվրատեսիլ»-ի օտարերկրյա հյուրերը։

«Բիբիսի»-ն փաստում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանում մարդկանց ինտիմ կյանքի մասին պատմող տեսանյութերը օգտագործվում են որպես գործիք՝ ընդդիմախոսներին լռեցնելու համար:

«Մենք հույս ունեինք, որ «Եվրատեսիլ»-ի հետ կապված պատրաստություններն ու միջազգային հանրության ուշադրությունը կընդարձակեր ազատությունները Ադրբեջանում, սակայն իրականում իշխանությունները ավելի մեծ ուժով են ճնշումներ գործադրում», - «Բիբիսի»-ին ասել է միջազգային «Արթիկլ 19» կազմակերպության ներկայացուցիչը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG