Մատչելիության հղումներ

Թամամյանը չորս տարվա ազատազրկման դատապարտվեց


Հովհաննես Թամամյայանը դատարանի դահլիճում: 14-ը մարտի, 2012 թ.

Հովհաննես Թամամյայանը դատարանի դահլիճում: 14-ը մարտի, 2012 թ.

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը այսօր կայացրած դատավճռով չորս տարվա ազատազրկման դատապարտեց Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանին:

Թամամյանը մեղավոր ճանաչվեց Քրեական օրենսգրքի 308 հոդվածի առաջին եւ երկրորդ մասերով, այն է՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական դիրքը իր ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու համար՝ շահադիտական կամ այլ շահագրգռվածությունից ելնելով, եւ պաշտոնական լիազորությունները չարաշահելը, որը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ:

Գործով անցնող մյուս երկու մեղադրյալները՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ Արմեն Պողոսյանը եւ ոստիկանության հատկապես կարեւոր գործերով նախկին ավագ քննիչ Վահան Խանզադյանը, դատապարտվեցին պայմանական ազատազրկման երկու տարի վեց ամիս ժամկետով եւ դատարանի դահլիճից ազատ արձակվեցին:

Հիշեցնենք, որ երեք մեղադրյալներն էլ ավելի վաղ ընդունել էին իրենց ներկայացված մեղադրանքը եւ դատարանին խնդրել իրենց նկատմամբ արագացված դատական կարգ կիրառել:

Թամամյանի փաստաբան Վաղինակ Գեւորգյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե դատավճիռը արդարացի չէր: Փաստաբանը իր պաշտպանական ճառում միջնորդել էր դատարանին Թամամյանին պայմանական պատիժ նշանականել մեկ տարի փորձաշրջանով:

Ինչ վերաբերում է նրան, թե արդյո՞ք Թամամյանը կբողոքարկի դատավճիռը, թե՝ ոչ, ապա Գեւորգյանն ասաց, թե դա կախված է իր պաշտպանյալի որոշումից, եւ նրա հետ խորհրդակցելուց հետո կորոշեն այդ հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG