Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի ղեկավար Գագիկ Ջհանգիրյանը կարծում է, որ օրեր առաջ խորհրդարանի ընդունած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը հակասահմանադրական է: Ջհանգիրյանն ասաց՝ այդ օրինագիծը ընտրական շրջանում ընդունելը որոշակի ուղերձ է հասարակությանը:

«Սա նաեւ մեսիջ է հասարակությանը, որ գիտեք, մենք որեւէ բանի առաջ կանգնող չենք, մենք հիմա նաեւ այդպիսի օրենք ունենք, եթե դուք վիճարկում էիք «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագրի սահմանադրականությունը, հիմա մենք օրենք ունենք, եւ բարի եղեղ ձեզ զուսպ, չափավոր պահեք», - լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ջհանգիրյանը:

ՀԱԿ-ի ներկայացուցիչը նկատի ունի 2008-ի մարտյան իրադարձությունների ժամանակ Հայաստանի նախագահի ընդունած «Արտակարգ դրության մասին» հրամանագիրը: Այն ժամանակ նման օրենք չկար, ու նախագահն առաջնորդվել էր Սահմանադրությամբ իրեն ընձեռնված իրավունքից: Ջհանգիրյանը, վկայակոչելով Հայաստանի սահմանադրությունն ասաց, թե նախագահն իրավունք չունի արտակարգ դրության ժամանակ կիրառել Զինված ուժերը, Սահմանադրությունը Զինված ուժերի կիրառումը նախատեսում է միայն ռազմական դրության ժամանակ:

Մինչդեռ օրեր առաջ երկրորդ, երրորդ ընթերցումներով եւ ամբողջությամբ ընդունված օրենքում արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցներից մեկն էլ Զինված ուժերն են, այսինքն արտակարգ դրության ժամանակ, երբ օրենքով հավաքները կամ հանրային միջոցառումների իրականացումը սահմանափակվում են կամ արգելվում, հասարակական կարգի պահպանության համար, օրինակ, Զինված ուժերը կարող են ներգրավվել, եթե ոստիկանական ուժերը բավարար չլինեն:

Հանրապետական կուսակցության քաղխորհրդի անդամ, պատգամավոր Հովհաննես Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ համաձայն չէ Ջհանգիրյանի դիտարկումների հետ: Սահակյանն ասաց՝ Սահմանադրական դատարանը կարող է որոշել օրենքի վիճարկվող դրույթը բխո՞ւմ է Սահմանադրությունից, թե՝ ոչ:

«Եվ այստեղ նշվում է, թե ինչ է արտակարգ դրությունը, երբ կարող է հայտարարվել, թե այդ հրամանագիրը ինչ տեսք է ունենալու եւ բոլոր մանրամասները կապված այդ իրավիճակի հետ կարգավորված են, որը շատ ավելի սահմանափակում է երկրի նախագահի գործառույթները եւ գործողությունները, քան թե տալիս է լիազորություններ», - ասաց Սահակյանը:

Սահակյանն հակադարձում է Ջհանգիրյանի այն պնդմանը, թե այս օրենքն ընդամենը նպատակ ունի օրինականացնել մարտյան դեպքերը, երբ այդ իրադարձությունների հետեւանքով տասը մարդ մահացավ: Հանրապետական կուսակցության ներկայացուցիչն ասում է, որ այս պարագայում օրենքը հետադարձ ուժ չունի: Նա նշում է, որ ընդդիմության հայտարարությունները ընդամենը քաղաքական են ու ամեն գնով այն կապել մարտիմեկյան իրադարձությունների կամ ընտրությունների հետ՝ անթույլատրելի է:

Հայ ազգային կոնգրեսը, սակայն, հույս ունի, որ Հայաստանի նախագահը չի ստորագրի «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG