Մատչելիության հղումներ

«Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատների» ցուցակը չի փոխվել


Անուշ Սեդրակյան եւ Ռուբեն Հակոբյան
Անուշ Սեդրակյան եւ Ռուբեն Հակոբյան
Առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների` կիրակի օրը հրապարակված միասնական համամասնական ցուցակը չի փոխվել: Այդ մասին վերջնականապես հայտնի դարձավ այսօր, երբ «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատների» փոխնախագահներ Ռուբեն Հակոբյանն ու Անուշ Սեդրակյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) ներկայացրին համամասնական ցուցակը:

Հիշեցնենք` այն բանից հետո, երբ կիրակի օրը հրապարակվեց «Ժառանգություն» ու «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից բաղկացած ցուցակը, հայտնի դարձավ, որ ցուցակի հետ կապված դժգոհություններ կան երկու կուսակցությունում էլ:

«Ժառանգությունում» երրորդ մարդը համարվող կուսակցության քարտուղար Կարինե Հակոբյանը հրապարակման հենց հաջորդ օրը հայտարարեց, թե ցուցակը անարդար է կազմվել, եւ որ ինքը դուրս է գալիս «Ժառանգությունից»: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության մամուլի պատասխանատու Անժելա Խաչատրյանն էլ հաստատեց շրջանառվող այն լուրերը, թե ցուցակի հետ կապված կուսակցության վարչությունում դժգոհություններ են եղել` չմանրամասնելով, սակայն, թե ովքեր են եղել դժգոհողները:

Անցած օրերի ընթացքում հայտնի դարձավ նաեւ, որ «Ժառանգության» ու «Ազատ դեմոկրատների» ղեկավարների միջեւ տեղի են ունենում քննարկումներ, եւ, լրատվամիջոցների համաձայն, քննարկման թեման արդեն հրապարակված ցուցակն է: Մամուլը գրում էր, թե ցուցակը կարող է վերանայվել: Երեկ պետք է կայանար «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսը, որը, ինչպես հայտարարվեց, հետաձգվեց տեխնիկական պատճառներով: Տեղեկություն հայտնվեցին, թե չի բացառվում, որ ի վերջո «Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատները» ընտրություններին գնան առանձին համամասնական ցուցակներով:

«Այն որոշումը, որը կայացվել էր 3-4 օր առաջ, եւ այն համամասնական ցուցակը, որ հաստատվել էր երկու կուսակցությունների վարչությունների կողմից, որեւէ փոփոխություն չի կրել», - այսօր ԿԸՀ-ում «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ռուբեն Հակոբյանը:

Հարցին, թե այդ դեպքում ի՞նչ էին քննարկում այս օրերի ընթացքում, Հակոբյանը պատասխանեց. - «Այնքան հարցեր կան քննարկելու… առաջիկայում կհրապարակվի այն հիմնադրույթները, որի շուրջ շատ երկար ժամանակ աշխատել ենք: Դրանք քաղաքական հայեցակարգային ձեւակերպումներ են»:

Անդրադառնալով «Ազատ դեմոկրատների» կազմում ցուցակի վերաբերյալ եղած դժգոհությունների մասին լուրերին, կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն ասաց. - «Ես կարող եմ ասել մի բան, երբ որ կա հստակ քաղաքական կուրս, եւ երբ դու հասկանում ես, որ դա բերելու է երկրի բարօրության, թափանցիկ ընտրությունների եւ Հայաստան պետության վերջնական ամրապնդման, հաղթարշավի, դեպի քաղաքացիական դաշտ, դեպի մարդու իրավունքներ, ապա ինձ թվում է` իմաստ չունի քննարկելու տեղերի հերթականությունը եւ այլն»: Նա այդպես էլ չմանրամասնեց, թե ովքեր են եղել դժգոհողները. - «Պետք է միշտ բանսարկություններից հեռու մնալ եւ, դրանք, իհարկե, քաղաքական դաշտի ինտրիգներն են, բայց հիմա մենք ավելի կոնկրետ եւ ավելի կարեւոր գործ ունենք անելու»:

«Այնքան անբնական կլիներ, որ չլինեին դժգոհություններ: Կային շատ ուժեր, որոնք չէին ուզում, որ այս միասնական թիմը կայանար», - հավելեց Ռուբեն Հակոբյանը:

ԿՀԸ այսօր ներկայացված ցուցակը կրում էր «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակ» անվանումը: Այսինքն ֆորմալ առումով ստացվում է, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ուղղակի տեղ են գտել «Ժառանգության» համամասնական ցուցակում: Եթե համամասնական ցուցակը ֆորմալ առումով կոչվում է կուսակցությունների դաշինքի ցուցակ, ապա այդ դաշինքը խորհրդարան մտնելու համար պետք է առնվազն հավաքի 7 տոկոս քվե: Այս պարագայում, քանի որ ցուցակը կոչվում է «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակ, խորհրդարան մտնելու համար անհրաժեշտ է առնվազն 5 տոկոս քվե հավաքել:

please wait

No media source currently available

0:00 0:04:36 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG