Մատչելիության հղումներ

ԺՀՄԻԳ-ը «անկողմնակալ, պրոֆեսիոնալ եւ օբյեկտիվ» է լինելու


«Այն պրոֆեսիոնալիզմը, ինչի շնորհիվ ԺՀՄԻԳ-ը համարվում է Եվրոպայում ընտրություններ դիտարկող առաջատար կառույցը, նշանակում է, որ մեր աշխատանքում մենք խստագույնս առաջնորդվում ենք մեր գործունեության հիմնարար սկզբունքներով: Իսկ դա նշանակում է, որ իբրեւ ընտրություններ դիտարկող, մենք լինելու ենք անկողմնակալ, պրոֆեսիոնալ եւ օբյեկտիվ», - այսօր այս մասին Երեւանում հրավիրած մամլո ասուլիսին հայտարարեց առաջիկա խորհրդարանական ընտրություններին ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկան:

«Մենք շահագրգիռ ենք բացառապես ընտրական գործընթացով, եւ ոչ երբեք դրանց արդյունքներով», - հավելեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավարը:

ԺՀՄԻԳ-ի առաքելությունը բաղկացած է Երեւանում տեղակայված 13 միջազգային փորձագետներից եւ 24 երկարաժամկետ դիտորդներից, որոնք տեղաբաշխվելու են Հայաստանի ողջ տարածքում:

Ի հավելումն, ընտրությունների օրվանից մի քանի օր առաջ Հայաստան կժամանեն ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի 250 կարճաժամկետ դիտորդներ, որոնք կդիտարկեն ընտրությունների ընթացքը եւ քվեների հաշվարկման գործընթացը:

Դիտորդական առաքելության անդամներն, անշուշտ, կդիտարկեն նաեւ նախընտրական քարոզչության ընթացքը, ինչը, Ռադմիլա Շեկերինսկայի բնորոշմամբ, կազմում է իրենց աշխատանքի կարեւոր բաղկացուցիչ մասը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ որքանով է հիմնավոր ընդդիմության մտահոգությունը, որ միջազգային դիտորդների թիվը բավարար չէ ամբողջական ու արդյունավետ դիտարկում իրականացնելու համար, ինչը հնարավոր կլիներ ընտրատեղամասերի թվին համարժեք՝ այսինքն մոտ 2000 դիտորդի ներկայության պարագայում, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկան պատասխանեց․ - «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ընտրական ոստիկանություն չէ, եւ ոչ էլ նրանց փոխարինողը: Մենք առաջնորդվում ենք մեր ստանդարտ մեթոդաբանությամբ»։

Ըստ Շեկերինսկայի, իրենք գնահատումն իրականացնում են հենվելով մի շարք չափանիշների վրա, այդ թվում՝ տեղային առանձնահատկությունների, ընտրողների եւ ընտրատեղամասերի քանակի եւ այլն: - «Ուստի, մեր գնահատմամբ, դիտորդների առկա թիվը մեր մանդատը կյանքի կոչելու լավ հիմքեր է տալիս», - ամփոփեց Ռադմիլա Շեկերինսկան։

Լրագրողներից մեկի դիտարկամանը, թե երբեմն ընտրակեղծիքներ կատարելու համար բավարար է նաեւ 10 րոպեն, Շեկիրինսկան ընգծեց, որ իրենք չեն պատրաստվում փոխարինել տեղական դիտորդներին եւ իշխանության պատկան օղակներին:

«Անօրինությունների դեպքում հենց նրանք պետք է արձագանքեն», - ասաց դիտորդական առաքելության ղեկավարը՝ եւս մեկ անգամ հիշեցնելով իրենց գործունեության հիմնական սկզբունքներից մեկը՝ միջազգային դիտորդները միայն դիտարկում են, ոչ թե միջամտում:

Վերջում հիշեցնենք, որ Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները կդիտարկեն նաեւ ԵԽԽՎ-ի դիտորդները:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդների պատվիրակության ղեկավարն է լինելու Եվրախորհրդարանի պատգամավոր, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Էմմա Նիքոլսոնը: ԵԽԽՎ 30 հոգանոց դիտորդական պատվիրակությունը Հայաստան կժամանի ապրիլի կեսերին:

please wait

No media source currently available

0:00 0:04:12 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG