Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը ընդունել է Ռադմիլա Շեկերինսկային


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր ընդունել է մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկային:

Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը ակտիվորեն ներգրավված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի շրջանակներում իրականացվող համագործակցության ու կառույցի աշխատանքների մեջ, եւ այդ մասին է խոսում այն փաստը, որ երկրի արտգործնախարարը առաջին ԱԳ նախարարն էր, որ դեռեւս 2009 թվականին այցելել է կազմակերպության՝ Վարշավայում գտնվող կենտրոնակայան:

Նախարարը վերահաստատել է առաջիկա ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու իշխանությունների վճռականությունը՝ ընդգծելով, որ այդ նպատակով միջազգային կառույցների հետ համագործակցաբար ծավալուն բարեփոխումներ են իրականացվել՝ մասնավորապես լրամշակվել է Ընտրական օրենսգիրքը, որն արժանացել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հավանությանը, ասված է արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրությունում։

Շեկերինսկան նշել է, որ իրենց գլխավոր նպատակն է աջակցել ընտրական գործընթացի բարելավմանը, եւ այդ գործում դիտորդները անաչառ են լինելու:

Նա տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ Հայաստան կժամանեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կազմում ընդգրկված երկարաժամկետ դիտորդները, ու առաքելությունը կսկսի աշխատել ամբողջական ծավալով. նախատեսվում է, որ ընտրությունների ընթացքին կհետեւեն 24 երկարաժամկետ եւ 250 կարճաժամկետ դիտորդներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG