Մատչելիության հղումներ

logo-print

Համանախագահ երկրների ԱԳ նախարարները կոչ են անում արագացնել համաձայնությունը


Ձախից` աջ. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն Փարիզում Մեծ ութնյակի հանդիպման ժամանակ, 14-ը մարտի, 2011թ.

Ձախից` աջ. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն Փարիզում Մեծ ութնյակի հանդիպման ժամանակ, 14-ը մարտի, 2011թ.

Ղարաբաղյան հակամարտության հարցով Մինսկի կոնֆերանսի հրավիրման 20-ամյակի կապակցությամբ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հինգշաբթի օրը հայտարարությամբ են հանդես եկել` կողմերին կոչ անելով ցուցաբերել տեւական եւ խաղաղ կարգավորման հասնելու համար անհրաժեշտ քաղաքական կամք։

«Ինչպես նախագահներ Օբաման, Մեդվեդեւը եւ Սարկոզին են վերահաստատել 2011 թվականի մայիսի 24-ին Դովիլում արված համատեղ հայտարարությունում, միայն բանակցությունների ճանապարհով կարգավորումը կարող է հանգեցնել խաղաղության, կայունության եւ հաշտեցման, եւ հակամարտությունը լուծելու համար ուժ կիրառելու ցանկացած փորձ միայն ավելի շատ տառապանքներ կբերի մի տարածաշրջանի, որը վաղուց արդեն անորոշության եւ անապահովության մեջ է», - ասված է Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեի համատեղ հայտարարությունում։

Արտգործնախարարները հիշեցնում են, որ «տարածաշրջանի ժողովուրդները առավել շատ են տուժել պատերազմի հետեւանքներից, եւ կարգավորման հասնելու հարցում որեւէ ձգձգում միայն կերկարաձգի նրանց տառապանքները»։

«Տարածաշրջանում նոր սերունդ է հասունացել, որը չի կրում հայերի եւ ադրբեջանցիների` կողք կողքի ապրելու անմիջական հիշողությունը, եւ այդ արհեստական բաժանումները երկարաձգելը միայն խորացնում է պատերազմի վերքերը։ Այդ իսկ պատճառով, մենք հորդորում ենք կողմերի առաջնորդներին` իրենց բնակչություններին պատրաստել խաղաղության, ոչ թե պատերազմի», - ասված է հայտարարությունում։

«Արձանագրվել է առաջընթաց դեպի խաղաղություն։ Մեր երեք նախագահների համատեղ հայտարարությունները` 2009 թվականին լ՛Ակվիլայում, 2010 թվականին` Մուսկոկայում եւ 2011 թվականին` Դովիլում, ուրվագծեցին համընդգրկուն խաղաղ կարգավորման շրջանակի տարրերը։ Վերջերս` 2012 թվականի հունվարի 23-ին, Ռուսաստանի Սոչի քաղաքում նախագահներ Ալիեւի, Սարգսյանի եւ Մեդվեդեւի արած համատեղ հայտարարությունը արտահայտեց Հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնությունը արագացնելու` երկու կողմերի հանձնառությունը», - հիշեցնում են Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները։

«Մենք կոչ ենք անում կողմերի առաջնորդներին` հնարավորինս արագ ավարտել աշխատանքը շրջանակային համաձայնագրի եւ հաջորդող վերջնական կարգավորման վրա` հիմնված Հելսինկյան եզրափակիչ ակտի` ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման ու իրավահավասարության սկզբունքների, ՄԱԿ-ի Խարտիայի կետերի, ինչպես նաեւ միջազգային օրենսդրության նորմերի եւ սկզբունքների վրա, ինչը թույլ կտա տարածաշրջանին առաջ շարժվել ստատուս քվոյից դեպի առավել անվտանգ եւ բարգավաճ ապագա», - ասված է հայտարարությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG