Մատչելիության հղումներ

Վրաստանում գոհ չեն Ռուսաստանի հետ հարաբերությունների բացակայությունից


Վրաստան - Տեսարան մայրաքաղաք Թբիլիսիից
Վրաստան - Տեսարան մայրաքաղաք Թբիլիսիից
Վրաստանի ամեն երկրորդ բնակիչը համոզված է, որ Ռուսաստանի Դաշնությունն իրական վտանգ ու սպառնալիք է ներկայացնում իր երկրի համար: Սա են վկայում ամերիկյան Ազգային ժողովրդավարական ինստիտուտի` NDI-ի պատվերով Վրաստանում փետրվարի վերջին եւ մարտի սկզբին անցկացված հարցման արդյունքները:

Չորեքշաբթի օրը Թբիլիսիում հրապարակված այս հետազոտության նպատակն էր պարզել Վրաստանում տիրող տրամադրությունները` հատկապես երկրի քաղաքացիների վերաբերմունքը արտաքին քաղաքականության խնդիրներին:

Հարցման մասնակիցների 30 տոկոսը, անդրադառնալով ռուս - վրացական հարաբերությունների ներկա վիճակին, նշել է, որ պաշտոնական Մոսկվան իրոք վտանգ է ներկայացնում Վրաստանի համար։ Դրա հետ մեկտեղ, այդ սպառնալիքը, հարցվածների այս մի խմբի համոզմամբ, երբեմն չափազանցված է ներկայացվում վրացական հանրությանը:

Հարցմանը մասնակցած վրացիների եւս 8 տոկոսն էլ նշել է, որ Ռուսաստանն ընդհանրապես որեւէ վտանգ վրացական պետականության գոյությանը չի ներկայացնում:

Ինչ վերաբերում է արեւմտյան կառույցների հետ Վրաստանի հարաբերություններին, ապա հարցվածների ճնշող մեծամասնությունը` 74 տոկոսը աջակցում է նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կառավարության` Եվրամիությանն անդամակցելու ձգտմանը:

Հարցվածների 70 տոկոսը դրական է վերաբերվում ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարին: Հետազոտության մասնակիցների 59 տոկոսը, սակայն, դժվարացել է նշել, թե, իրենց կարծիքով, երբ կարող է Վրաստանն անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին: Հարցվածների 9 տոկոսը, հակառակը, խիստ լավատես է եւ համոզված է, որ դա տեղի կունենա արդեն հաջորդ տարի: Հարցվածների եւս 23 տոկոսին կարելի է բնութագրել որպես չափավոր լավատեսներ. նրանց կարծիքով` Վրաստանը դաշինքի լիիրավ անդամ կդառնա կա՛մ 2014-ին, կա՛մ էլ դրանից հետո: Վրացիների միայն 7 տոկոսն է համոզված, որ Վրաստանը երբեք չի անդամակցի ՆԱՏՕ-ին:

Հարցվածների ավելի քան մեկ քառորդը` 26 տոկոսը, համաձայն է ընդդիմադիր որոշ գործիչների այն տեսակետին, թե հրաժարվելով ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարից` հնարավոր է համաձայնության գալ պաշտոնական Մոսկվայի հետ եւ վերադարձնել Աբխազիան ու Հարավային Օսիան:

Ընդհանուր առմամբ, Վրաստանի բնակիչների 88 տոկոսը նշում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների ներկա սառեցված վիճակն իրենց չի գոհացնում:

Փակ սահմանների առկայության ու դիվանագիտական հարաբերությունների բացակայության կողմնակիցներ եւս կան: Մոսկվայի եւ Թբիլիսիի ներկա հարաբերություններից գոհ է հարցմանը մասնակցած վրացիների 6 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG