Մատչելիության հղումներ

Հայրապետյանի հետ կմրցեն Գայանե Առուստամյանը եւ Ստյոպա Սաֆարյանը


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյան
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյան
Թիվ 1 ընտրատարածքում Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հետ կմրցեն «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Գայանե Առուստամյանը, ով ինքնառաջադրվել է, եւ ընդդիմադիր «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Չորեքշաբթի երեկոյան Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմինը նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ որոշել է թիվ 1 ընտրատարածքում առաջադրել Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին:

Որոշումն անսպասելի էր, քանի որ նախորդ նիստում էլ Հանրապետականը որոշել էր, որ Հայրապետյանը չպետք է առաջադրվի: Ավելին, Հայրապետյանը իր վերջին ասուլիսում հայտարարեց, թե նախագահի որոշմամբ ինքը չի առաջադրելու իր թեկնածությունը եւ կենտրոնանալու է Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի աշխատանքների վրա: Փաստորեն պլանները փոխվել են, եւ այսօր կեսօրից հետո Ռուբեն Հայրապետյանը առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերն արդեն ներկայացրել է թիվ 1 ընտրատարածքային հանձնաժողով:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե ինչո՞ւ նախագահի որոշումը փոխվեց, Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց. - «Նախագահ Սերժ Սարգսյանի որոշումն էր, որպեսզի այդ ընտրատարածքում առաջադրվի Մանկավարժական համալսարանի պատմական ֆակուլտետի դեկան Էդիկ Գեւորգյանը: Սակայն քննարկումների արդյունքում հստակ դարձավ, որ պարոն Գեւորգյանը ավելի շատ ցանկանում է կենտրոնանալ մանկավարժական աշխատանքի վրա, իսկ այնտեղ` այդ ընտրատարածքում, մեր ամենաընդունելի եւ նաեւ գործող պատգամավորը Ռուբեն Հայրապետյանն էր, հետեւաբար` կուսակցությունը որոշեց թիվ 1 ընտրատարածքում առաջադրել Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, Հանրապետականի քաղխորհրդի անդամ, պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին»:

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ է որոշել թողնել լրագրությունը, «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Գայանե Առուստամյանն ասաց, թե 20 տարի աշխատել է որպես լրագրող, իսկ լրագրության համար կա մի սահման, որը մի պահ գալիս հատում ես. ինքն այդ սահմանն արդեն հատել է եւ այժմ ցանկանում է քաղաքականության մեջ ինչ-որ ներդրում ունենալ, որպեսզի այդ դաշտը մի փոքր փոխվի, ավելի քաղաքակիրթ դառնա:

Հարցին, թե չի վախենո՞ւմ Ռուբեն Հայրապետյանի հետ մրցակցությունից, Առուստամյանը, ով, ի դեպ, թիվ 1 ընտրատարածքի բնակիչ չէ, ասաց. - «Չես վախենում ձեւակերպման հետ այդքան էլ համաձայն չեմ, որովհետեւ ես հո՞ մահվան դուռը չեմ գնում, չեմ վախենում, Ռուբեն Հայրապետյանը չեմ կարծում, թե վախենալու անձնավորություն է: Բնականաբար, նա շատ ավելի ռեսուրսներ ունի, քան ես, բայց ես ունեմ շատ լավ թիմ, եւ կարծում եմ, որ ես արժանի մրցակից եմ»:

Լրագրողը կարծում է, որ ինքը Հայրապետյանին հաղթելու շանսեր ունի:

«Ինչո՞ւ ոչ, այո', ես ունեմ այդ շանսերը, որովհետեւ եթե խորհրդարանը բանավեճի հարթակ է, ես չեմ կարծում, որ բանավոր կամ գրավոր խոսքի հարթության մեջ ես կզիջեմ Ռուբեն Հայրապետյանին եւ չեմ կարողանա հակադրվել, հակաճառել նրան, կամ արտահայտել իմ այն գաղափարները, որոնք ուզում եմ առարկայացնել, իրականացնել խորհրդարանում», - ասաց Առուստամյանը:

Առուստամյանն ասաց` տեղյակ չի եղել, որ Հայրապետյանը նույնպես առաջադրվել է այդ ընտրատարածքում. այսօր առավոտյան, երբ ընտրատարածք է ներկայացրել առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը, ինքը եղել է միակ թեկնածուն: Ամեն դեպքում, լրագրողն ասում է, որ անկախ այն բանից, թե ով կառաջադրվի այդ նույն ընտրատարածքում, ինքը չի նահանջելու:

«Ես նահանջող տեսակից չեմ, լրագրողական աշխարհի իմ գործընկերները գիտեն, որ ես նահանջող չեմ: Հույս ունեմ, որ այլեւս քաղաքացիները նույնպես կիմանան այդ մասին: Նահանջ չկա», - ասաց նա:

Առուստամյանի փոխանցմամբ` իրեն սատարելու է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը:

Ինչ վերաբերում է նույն ընտրատարածքում առաջադրված «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանին, ապա վերջինս փոխանցմամբ, ինքը որեւէ կերպ կաշկանդված չէ, որ մրցելու է Հայրապետյանի հետ: Ավելին` Սաֆարյանը շատ բարձր է գնահատում իր հաղթելու շանսերը:

«Ամենեւին, որեւէ կերպ չի ազդել ոչ իմ տրամադրության, ոչ իմ վճռականության, ոչ իմ շանսերի վրա: Ես անձնագրեր չեմ հավաքելու, ես ընտրակաշառք չեմ բաժանելու, ես ներկայացնելու եմ հինգ տարվա աշխատանք, որը կատարել եմ իմ կուսակցության հետ միասին: Ես իրատեսական եմ համարում իմ հաղթանակը, եթե այդ ընտրությունները լինեն ազատ եւ արդար: Ես դրանում գրեթե կասկած չունեմ», - ասաց Սաֆարյանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:48 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG