Մատչելիության հղումներ

ԿԸՀ. «Սուքիասյանին գրանցելու լիազորությունը պատկանում է թիվ 10 ԸԸՀ-ին»


Հայ ազգային կոնգրեսի անդամ, հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյան
Հայ ազգային կոնգրեսի անդամ, հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյան
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրաժարվեց վարչական վարույթ հարուցել Հայ ազգային կոնգրեսի անդամ, հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի դիմումի հիման վրա:

Հիշեցնենք, Սուքիասյանն անցած շաբաթ փաստաթղթեր էր ներկայացրել թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով (ԸԸՀ)` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու գրանցվելու համար: Դրանց շարքում էր նաեւ բնակության մասին տեղեկանքը, որը գործարարին հատկացրել էր Էրեբունի վարչական շրջանի ոստիկանության անձնագրային բաժինը: Համաձայն այդ տեղեկանքի, նա վերջին հինգ տարիներին բնակվել է Հայաստանում:

Ավելի ուշ, սակայն, ԸԸՀ-ն ստացել է Հայաստանի ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության գրությունը, որով խնդրել են Էրեբունու բաժանմունքի կողմից ավելի վաղ տրամադրված տեղեկանքում առկա տեղեկատվության փոխարեն հիմք ընդունել տրամագծորեն հակառակ տեղեկություններ պարունակող տեղեկանքը, որի համաձայն Սուքիասյանը չի հանդիսանում վերջին հինգ տարում Հայաստանում մշտապես բնակվող, եւ մերժվում է վերջին հինգ տարում Հայաստանում մշտապես բնակվելու մասին տեղեկանքի տրամադրումը:

Քանի որ այս հանգամանքը կարող է խոչընդոտ հանդիսանալ Սուքիասյանի գրանցման համար, վերջինս դիմել էր վերադաս մարմնին` Կենտրոնական ընտրական հանձնաժողովին (ԿԸՀ), առաջարկելով քննել փաստաթղթերի` օրենսդրությանը համապատասխանության, եւ համապատասխանաբար` որպես պատգամավորության թեկնածու իր գրանցման խնդիրը:

Այսօր սակայն, ԿԸՀ-ն միաձայն գտավ, որ Սուքիասյանի դիմումը հանձնաժողովի լիազորությունների շրջանակից դուրս է, քանի որ Խաչատուր Սուքիասյանին որպես պատգամավորության թեկնածու գրանցելու լիազորությունը պատկանում է թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին, որն էլ մարտի 22-ից սկսած մինչեւ ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում կքննարկի գրանցման հարցը:

Նիստին ներկա Խաչատուր Սուքիասյանի լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Արա Զոհրաբյանը նշեց, որ ինքը համաձայն է ԿԸՀ-ի դիրքորոշման հետ: Զոհրաբյանը հավելեց, որ Սուքիասյանի դիմումն ուղղված է եղել ինչպես Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, այնպես էլ թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին: Նրա խոսքով, իրենք դիմումի միջոցով պարզապես ԿԸՀ-ին իրազեկել են Սուքիասյանի փաստաթղթերի շուրջ առաջացած խնդրի մասին:

Նիստից հետո փաստաբան Զոհրաբյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադարձավ Քաղաքացիական օրենսգրքի դրույթներին: Օրենքում քաղաքացու բնակության վայր է համարվում այն վայրը, որտեղ քաղաքացին մշտապես կամ առավելապես ապրում է: Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության գրությունում նշված` 10 ամիս եւ 20 օր հանրապետությունից բացակայելը, փաստաբանի կարծիքով, չի նշանակում, որ Սուքիասյանը մշտապես չի բնակվել Հայաստանում:

«Հինգ տարվա մեջ 10 ամիսը կազմում է չնչին մաս, ոչ թե առավելագույն: Եթե օրենսդիրը, 5 տարի տալով, ինքը սահմանները տալիս է, ասում է` այս շրջանի մեջ նայեք` մշտապես բնակվել է, թե չէ», - պարզաբանեց Արա Զոհրաբյանը:

Խաչատուր Սուքիասյանի փաստաբանը չցանկացավ պատասխանել այն հարցին, թե ինչպես կարելի է բացատրել նույն ընտրատարածքում գործարարի եղբոր` Սարիբեկ Սուքիասյանի առաջադրումը:

Փաստորեն, երկու եղբայր ինքնաառաջադրվել են նույն ընտրատարածքում:

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ իշխանությունները քաղաքական հետապնդում են սկսել:

«Կոնգրեսը թիվ 10 ընտրատարածքում կունենա իր թեկնածուն, Կոնգրեսը Խաչատուր Սուքիասյանի թեկնածութունը չգրանցելու դեպքում ունի խնդրի լուծման իր հնարավորությունը»,- նշեց Մուսինյանը:

«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե արդյոք Սարիբեկ Սուքիասյանն այս պարագայում դիտարկվում է որպես «հնարավորություն», Մուսինյանը պատախանեց, թե դա կերեւա մարտի 22-ից հետո:

please wait

No media source currently available

0:00 0:02:43 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG