Մատչելիության հղումներ

Հայաստանում բնակվող հաշմանդամների խնդիրները բազմաթիվ են` ցածր նպաստներ, շատ քիչ աշխատատեղեր, փոխադրամիջոցների եւ հասարակական վայրերի անհասանելիություն:

Հայաստանում բնակվող հաշմանդամների խնդիրները բազմաթիվ են եւ դրանցից մեկի լուծմանը՝ հաշմանդամներին աշխատատանքով ապահովվելուն է ուղղված ԱՄՆ ՄԶԳ «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավումը զբաղվածության խթանման միջոցով» ծրագիրը: Ծրագիրն ընդգրկելու է Երեւանը եւ հանրապետության չորս մարզերը՝ Արարատը, Գեղարքունիքը, Շիրակը եւ Լոռին, որտեղ առավել շատ է հաշմանդամների թիվը:

Ընդհանուր առմամբ Հայաստանում կա մոտ 180.000 հաշմանդամ, որոնց մեկ երրորդը բնակվում է Երեւանում: «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցներից մեկում լսողության խնդիրներ ունեցող Սուսաննան եւ սուրդոթարգմանչուհի Աննայի հայրը, փոխանցել էին, որ իրենց հիմնական խնդիրը աշխատանք չունենալն է, քանի որ նպաստենրը շատ ցածր են եւ հնարավոր չէ դրանցով ապրել:

«Ոչ ոք չի աշխատում երեխաներս են ինձ պահում, ինքս էլ եմ ինձ վատ զգում, որովհետեւ երեխաներս են ինձ պահում: Մեծ մարդ եմ եւ աշխատանք չունեմ», - ասել էր Աննային հայրը:

«Նախկինում աշխատել ենք խուլերի կոմբինատներում, կոշկակարությամբ ենք զբաղվել, կարուձեւ ենք արել, տարբեր բաժիններում ենք աշխատել: Իսկ այսօր նույնիսկ խուլ աշխատողներ են եղել, որոնց աշխատացրել եւ վերջում գումարը չեն տվել», - փոխանցեց Սուսաննան:

Հաշմանդամներին զբաղվածությամբ ապահովելու “LIFE” կոչվող ծրագրի շրջանակներում նոր սարքավորումներ պետք է ներմուծվեն Հայաստան, որոնք կգնահատեն հաշմանդամների հնարավորությունները՝ որոշելով, թե ինչ աշխատանք կարող են նրանք կատարել, ըստ այդմ էլ կորոշվի, թե որ ոլորտում նրանց կներգրավեն:

«Այդ սարքի միջոցով հնարավոր է չափել ցանկացած հաշմանդամություն ունեցող մարդու մտավոր եւ ֆիզիկական ունակությունները, անգամ ձեռքի հմտությունն է հնարավոր չափել: Վերջում սարքը տալիս է աշխատանքների տեսակների մի ցուցակ, որը տվյալ հաշմանդամը կարող է կատարել, որի շրջանակներում էլ նախասիրություններից ելնելով որոշում են, թե ինչ աշխատանք փնտրեն նրա համար», - ասաց ծրագրի տնօրեն Ջինա Սարգիզովան:

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիմային հարցրինք, թե ինչպես կգնահատի Հայաստանում հաշմանդամների վիճակը: Նա պատասխանեց, որ կատարյալ իրավիճակ կլիներ, երբ բոլոր հաշմանդամներն աշխատանք ունենային. - «Հաշվի առնելով երկրաշարժը եւ տնտեսական ճգնաժամը չէի ասի, որ առանձնահատուկ է հաշմանդամների թվով: Բազմաթիվ երկրներում այդպիսի իրավիճակ է: Կարեւորն այն է, որ կարողանանք այնպես անել, որ նրանք ինտեգրվեն հասարակության մեջ»:

Քննարկման ընթացքում նշվեց, որ “LIFE” ծրագրի գործելու երեք տարիների ընթացքում՝ 2012-2015 թվականներին ակնկալվում է, որ 20 տոկոսով կբարձրանա այն գործատուների թիվը, ովքեր աշխատանքի կհրավիրեն հաշմանդամներին:

XS
SM
MD
LG