Մատչելիության հղումներ

logo-print

Հեֆերնը ազատ եւ արդար ընտրությունների կոչ է անում


Խոսելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների մասին` Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց, որ Հայաստանը «լավ Ընտրական օրենսգիրք ունի» եւ հույս հայտնեց, որ ընտրությունների ընթացքում դրա դրույթները կպահպանվեն:

«Մենք աշխատում ենք բոլոր կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության հետ, որպեսզի այս ընտրությունները ազատ, արդար եւ վստահելի դարձնենք: Ուրբաթ օրը գլխավոր դատախազը կոնֆերանս է հրավիրում, մենք եւս մասնակցելու ենք այդ կոնֆերանսին՝ բարձրաձայնելու, որ այս ընտրությունները լինեն ազատ, արդար եւ վստահելի: Այդ պատճառով աշխատում ենք ե'ւ կառավարության, ե'ւ բոլոր կուսակցությունների ու ներգրավված կողմերի հետ, որպեսզի դա հնարավոր դարձնենք», - ասաց դեսպան Հեֆերնը:

Նա նաեւ հույս հայտնեց, որ նախընտրական շրջանում բոլոր կուսակցությունները լրատվամիջոցներից օգտվելու հնարավորություն կունենան եւ որ Ընտրական օրենսգրքի դրույթները կպահպանվեն թե' նախընտրական շրջանում, թե' քվեարկության օրը:

Հարցին, թե ինչպես է վերաբերվում այն փաստին, որ շոուբիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ ձգտում են պատգամավոր դառնալ, Հեֆերնը պատասխանեց, որ դա զուտ ընտրողների գործն է՝ որոշել, թե ում կընտրեն. - «Նրանց, ում օրենքը թույլ է տալիս թեկնածություն դնել, պետք է ունենան այդ հնարավորությունը: Իմ անձնական կարծիքն այս դեպքում այդքան էլ կարեւոր չէ: Մեր նախագահներից մեկը նախկինում դերասան էր: Այսպիսով, կարծում եմ, որ ընտրվելու իրավունք ունեցող քաղաքացիները ցանկացած ոլորտից պետք է հնարավորություն ունենան առաջադրել իրենց թեկնածությունը պատգամավոր ընտրվելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG