Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունը կղեկավարի Ռադմիլա Շեկերինսկան


Ռադմիլա Շեկերինսկան (կենտրոնում) Մակեդոնիայի խորհրդարանի նիստի ժամանակ, Սկոպյե, հունիս, 2011թ.

Ռադմիլա Շեկերինսկան (կենտրոնում) Մակեդոնիայի խորհրդարանի նիստի ժամանակ, Սկոպյե, հունիս, 2011թ.

Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելությունը կղեկավարի Ռադմիլա Շեկերինսկան: Հինգշաբթի օրը Երեւանում նրան կընդունի Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Թե ինչ կազմով են Երեւանում գործունեություն ծավալելու իր դիտորդները` որոշում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, Հայաստանը միայն հրավեր է ուղարկում:

Այս կազմակերպությունից հայաստանյան խորհրդարանական ընտրությունները կդիտարկեն 24 երկարաժամկետ եւ 250 կարճաժամկետ դիտորդներ։

Դիտորդական խմբի ղեկավար Ռադմիլա Շեկերինսկան 40 տարեկան է, միջազգային հարաբերություններ է ուսանել Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի դիվանագիտության եւ իրավաբանության դպրոցում:

2004 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին նա եղել է Մակեդոնիայի վարչապետի պաշտոնակատարը: Եղել է փոխվարչապետ, զբաղվել է եվրոպական ինտեգրացիայի հարցերով:

1998 թվականին 26 տարեկանում նա ամենաերիտասարդ պատգամավորն էր խորհրդարանում։

Շեկերինսկան գլխավորել է «Սոցիալ-դեմոկրատական միություն» կուսակցությունը, եղել է ընդդիմադիր ամենախոշոր կուսակցության առաջնորդը Մակեդոնիայի խորհրդարանում։

2009 թվականին նա գլխավորել է դիտորդական առաքելությունը Ղրղըզստանի նախագահական ընտրություններում:

Արդեն հայտնի է նաեւ, որ Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) դիտորդների պատվիրակության ղեկավարն է լինելու Եվրախորհրդարանի պատգամավոր, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Էմմա Նիքոլսոնը: ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ ԵԽԽՎ 30 հոգանոց դիտորդական պատվիրակությունը Հայաստան կժամանի ապրիլի կեսերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG