Մատչելիության հղումներ

Դաշնակցությունը հրապարակեց իր համամասնական ցուցակը


Դաշնակցության ղեկավարները ներկայացնում են կուսակցության համամասնական ցուցակը, Երեւան, 21-ը մարտի, 2012թ.
Դաշնակցության ղեկավարները ներկայացնում են կուսակցության համամասնական ցուցակը, Երեւան, 21-ը մարտի, 2012թ.
ՀՅ Դաշնակցությունը չորեքշաբթի օրը հրապարակեց մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների իր համամասնական ցուցակը։

85-հոգանոց ցուցակը գլխավորում է Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը։

Երկրորդ հորիզոնականում Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանն է, երրորդը` պատգամավոր Արտյուշ Շահբազյանը, չորրորդը` աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախկին նախարար Աղվան Վարդանյանը, հինգերորդը` պատգամավոր, ֆինանսավարկային եւ բյուջետային խորհրդարանական մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արծվիկ Մինասյանը, վեցերորդը` կրթության ոլորտի մասնագետ Կարինե Հարությունյանը:

Դաշնակցության ցուցակում ընդգրկվել են նաեւ գործարարներ. ցուցակի յոթերորդ համարը հայ - կանադական «Գրանդ Քենդի» ընկերության գործադիր տնօրեն Արմեն Բաբայանն է, ութերորդը` նախկին գյուղնախարար Արամայիս Գրիգորյանը, ում ընտանիքին է պատկանում «Ավշար» գինու գործարան ընկերությունը:

Իններորդը` պատգամավոր, Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմնի անդամ Միքայել Մանուկյանն է: Տասնյակը եզրափակում է «Արմենիա-Լադա» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Շահմուրադյանը։

Դաշնակցության ցուցակի երկրորդ տասնյակում են Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցության պատգամավորներ Ռուզան Առաքելյանը, Արա Նռանյանը, Լիլիթ Գալստյանը, ինչպես նաեւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը։

Դաշնակցությունն այս պահին նաեւ 8 թեկնածուների առաջադրել է մեծամասնական ընտրակարգով: Նրանց մեջ է «Աֆշար» գինու գործարան ընկերության նախագահ Արայիկ Գրիգորյանը:

Դաշնակցության ցանկում ընդգրկված չէ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, նաեւ Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը, պատգամավորներ Արթուր Աղաբեկյանն ու Ալվարդ Պետրոսյանը: Ինչպես Վահան Հովհաննիսյանը բացատրեց, կուսակցությունը նրանց շատ լուրջ հանձնարարություն է տվել:

Ասուլիսի ժամանակ ցուցակը ներկայացրեց Վահան Հովհաննիսյանը, ով կուսակցության Բյուրոյի` ցուցակում ընդգրկված միակ ներկայացուցիչն է։

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցի, թե որքանո՞վ է մրցունակ կուսակցության ցուցակը` իշխող Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ցուցակների համեմատությամբ, Հովհաննիսյանը հայտարարեց. - «Ես կարծում եմ` ամենամրցունակ եւ ամենահաջող ցանկը մերն է, եւ ամենաարժանի մարդիկ` պատգամավոր դառնալու, հենց մեր ցանկի մեջ են»։

Լրագրողների այն դիտարկմանը, որ Դաշնակցության պատգամավորության որոշ թեկնածուների, մասնավորապես` մեծամասնականով առաջադրվողների անունները հասարակությանը ծանոթ չեն, Վահան Հովհաննիսյանը հակադարձեց` «այդ դեպքում ո՞ւմ եք դուք ընդհանրապես ճանաչում»:

«Դուք ճանաչում եք կամ, ինչպես դուք ասացիք, նրանց, ով ինքնահռչակվել է աստղ, կամ գողականների, կամ անհայտ աղբյուրներից սարսափելի կերպով հարստացած մարդկանց, որոնց անվանում եք օլիգարխ: Այո՛, այդպիսի մարդիկ մենք չունենք», - հավելեց Հովհաննիսյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե, հաշվի առնելով արդեն իսկ հրապարակված ցուցակներն ու պատգամավորության թեկնածուների ցանկը, ինչպիսի՞ ընտրապայքար է սպասվում առաջիկայում եւ արդյոք հնարավո՞ր են բախումներ, Վահան Հովհաննիսյանը պատասխանեց, թե իշխանությունն այդ բախումները չի բացառում:

«Դատելով նրանից, թե ինչպես է ուզում իշխանությունը զոռով անցկացնել արտակարգ իրավիճակների ռեժիմին վերաբերող օրենքը, որտեղ որ նախագահի միանձնյա որոշմամբ կարող է բանակային ստորաբաժանում օգտագործվել արտակարգ իրավիճակում, իշխանությունը դա չի բացառում: Մենք` կցանկանայինք բացառել», - նշեց նա:

Վահան Հովհաննիսյանին հարցերցինք նաեւ, թե ինչպե՞ս է գնահատում նախագահ Սերժ Սարգսյանի նոր կարգախոսը` «Հավատանք, որ փոխենք»: Հովհաննիսյանն ասաց, թե հասարակության հավատի պաշարը վաղուց մսխված է եւ այն ոչ մի խոստումով ետ բերել հնարավոր չէ:

«Հավատանք, որ իրենք ուզո՞ւմ են լավը` հավատում ենք: Բայց հավատա՞նք, որ իրենք կարող են փոխել` այ, դրան չենք հավատում: Դրա համար ընդդիմություն ենք, եւ դրա համար գնում ենք ամբողջական իշխանափոխության եւ արմատական իշխանափոխության: Որովհետեւ չենք հավատում, որ այս իշխանությունները իրենց ունեցած կազմով, պաշարով... իրենց համամասնական ցանկը նայեք` ի՞նչ փոփոխության շունչ կարող է ներշնչվել Հայաստանի քաղաքացու մեջ` տեսնելով նույն անունները, ազգանունները: Մի երկու հատ էլ ավելացել են, որ ընդհանրապես դեռ պետք է face control անցնեն: Պահանջել, որ մենք հավատանք, որ այդ կազմով նրանք կկարողանան փոխել` ես կարծում եմ արդարացված չէ»:

Հավելենք, որ Դաշնակցությունն առաջիկա ընտրություններին կմասնակցի «Ազատություն, արդարություն, Դաշնակցություն» կարգախոսով:

please wait

No media source currently available

0:00 0:04:04 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG