Մատչելիության հղումներ

Հայոց ցեղասպանության նոր օրինագիծը ներկայացվեց ԱՄՆ-ի Սենատին


ԱՄՆ - Ռոբերտ Մենենդեսը Սենատի նիստի ժամանակ, արխիվային լուսանկար
ԱՄՆ - Ռոբերտ Մենենդեսը Սենատի նիստի ժամանակ, արխիվային լուսանկար
Սենատորներ Ռոբերտ Մենենդեսը եւ Մարկ Քըրքը պաշտոնապես Միացյալ Նահանգների Սենատին են ներկայացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցով նոր բանաձեւի նախագիծը:

Ամերիկայի հայկական համագումարի հաղորդագրության համաձայն` յոթ սենատոր միացել է նախագծին, ժողովրդավարության հարցերով հանձնաժողովի ղեկավար Չարլզ Շումերը եւս համաձայնել է դառնալ օրինագծի հովանավորներից մեկը:

Սենատոր Մենենդեսն իր խոսքում ասել է. - «Ժամանակն է, որ Միացյալ Նահանգները միանա այն 19 երկրներին, ներառյալ` Բելգիան, Կանադան, Ֆրանսիան, Իտալիան եւ Եվրամիությունը, որոնք Օսմանյան կայսրությունում 1915-1923 թվականներին տեղի ունեցած իրադարձությունները պաշտոնապես ճանաչել են որպես ցեղասպանություն»։

«Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է եւ համապատասխանում է Ցեղասպանության մասին կոնվենցիայի նկարագրին: Միայն անցյալի հանցագործությունները հստակ ճանաչելու միջոցով կարող ենք օրինական եղանակով առաջ շարժվելու եւ ապագայում մարդու իրավունքների դեմ նման հանցագործությունները կանխելու հույս ունենալ», - հայտարարել է Մենենդեսը։

Սենատոր Քըրքը նշել է, որ Հայոց ցեղասպանությունը փաստաթղթերով ապացուցված է եւ պաշտոնապես ճանաչվել է ՆԱՏՕ-ի անդամ 11 երկրների, ինչպես նաեւ Եվրամիության կողմից: Այս նախագիծը ճշգրտորեն բնորոշում է 1915-23 թվականների իրադարձությունները որպես ցեղասպանություն, հարգանքի տուրք է մատուցում զոհերի հիշատակին, ուժեղացնում Միացյալ Նահանգների առաջնորդությունը մարդու իրավունքների ոլորտում եւ կանխում զանգվածային չարագործությունները ամբողջ աշխարհում, ընդգծել է սենատորը։

Բանաձեւի նախագծի քննարկումների առաջին փուլը կլինի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։ Այստեղ սենատոր Մենենդեսը ենթահանձնաժողովներից մեկի ղեկավարն է, իսկ հանձնաժողովի նախագահը Ջոն Քերին է` ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու, ով երկար ժամանակ իր աջակցությունն է հայտնել Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG