Մատչելիության հղումներ

Հայտնի է ԲՀԿ-ի համամասնական ցուցակի առաջին քսանյակը


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյան իր ղեկավարած կուսակցության համագումարում, 17մարտի, 2012 թվական

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյան իր ղեկավարած կուսակցության համագումարում, 17մարտի, 2012 թվական

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հրապարակել է խորհրդարանական ընտրություններում իր համամասնական ցուցակի առաջին քսանյակը:

Համամասնական ցուցակի առաջին հորիզոնականում կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է, երկրորդում՝ Հայաստանի նախկին արտգործնախարար, վերջերս ԲՀԿ-ին անդամակցած Վարդան Օսկանյանը, երրորդում՝ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը: Ցուցակի չորրորդ հորիզոնականը զբաղեցնում է Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը, ում հաջորդում են Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Բալասանյանը, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Առաջին տասնյակը եզրափակում է ԲՀԿ քաղխորհրդի անդամ, տնտեսագետ Միքայել Մելքոնյանը:

ԲՀԿ-ական պատգամավորներ Արամ Սաֆարյանը, Վահե Էնֆիաջյանը, Ռուբեն Գեւորգյանը ընդգրկվել են ցուցակի երկրորդ տասնյակում: Երկրորդ տասնյակում են նաեւ մշակույթի նախկին նախարար, «Օրինաց երկիր» կուսակցության երբեմնի անդամ Թամարա Պողոսյանը եւ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը: Քսանյակը եզրափակում են ԲՀԿ քաղխորհրդի անդամներ, իրենց կուսակցությունները լուծարած եւ ԲՀԿ-ին մոտ մեկ տարի առաջ միացած Վահան Բաբայանն ու Տիգրան Ուրիխանյանը:

Բաբայանը լուծարել է իր ղեկավարած Հայաստանի երիտասարդական կուսակցությունը, մինչ այդ նա Միացյալ ազատական ազգային կուսակցության (ՄԻԱԿ) անդամ էր, իսկ տարիներ առաջ` ընդդիմադիր, ղեկավարում էր այժմ Հայ ազգային կոնգրեսին անդամակցած «Հանրապետություն» կուսակցության երիտասարդական կառույցը: Ուրիխանյանը Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահն էր:

Փաստորեն ԲՀԿ-ի առաջին քսանյակում տեղ են զբաղեցրել կուսակցությանը միայն վերջերս անդամակցած մի շարք անդամներ, նաեւ ՄԱԿ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը, ով չի պատրաստվում լուծարել իր կուսակցությունն ու ձուլվել ԲՀԿ-ին, ինչպես նաեւ անկուսակցական Հմայակ Հովհաննիսյանը. նա եղել է Դաշնակցության, ապա Հայաստանի ժողովրդական կուսակցության անդամ, 2003-2007 թ.թ. Ազգային ժողովի պատգամավոր` սկզբում «Ազգային միաբանության» կազմում, ապա դուրս է եկել խմբակցությունից, դարձել անկախ պատգամավոր:

Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով հինգ տղամարդկանցից հետո առաջին կին թեկնածուն է ԲՀԿ-ի համամասնական ցուցակում, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ցուցակը «արժանապատիվ» որակեց:

Հարցին, թե ցուցակում ինչո՞ւ ավելի շատ չեն ընդգրկվել ԲՀԿ-ի ներկայիս պատգամավորները, Զոհրաբյանը պատասխանեց. - «Ես կարծում եմ, վաղը առավոտյան արդեն կհրապարակվի մնացյալ մեր գործընկերների անունները, որոնք ներառված են ցուցակում, այդ դեպքում արդեն հստակ կլինի, թե ով կա, ով` չկա»:

Զոհրաբյանը չցանկացավ կանխատեսել, թե ԲՀԿ-ին ընտրողների քանի տոկոսը կհաջողվի հավաքել` ասելով, թե դա անշնորհակալ գործ է: Բայց ԲՀԿ-ն, ինչպես այս կուսակցության համամասնական ցուցակի քսանյակում ընդգրկված թեկնածուներից ոմանք են ասում, Զոհրաբյանի խոսքով էլ` մեծամասնություն ստանալու համար է մասնակցում խորհրդարանական ընտրություններին:

ԲՀԿ-ն մեծամասնություն չի կարող ստանալ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

«Անհավանական է: Որպես քաղաքական այսօրվա երկրորդ ուժ` հավակնություններ ունի այդ դաշտը պաշտպանել», - ասաց Սահակյանը, ով ծանոթացել է ԲՀԿ-ի համամասնական ցուցակի առաջին քսան անուններին եւ կարծում է, որ իրենց ցուցակն ավելի մրցունակ է:

Ցուցակի առաջին քսանյակում չկա «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության գործող պատգամավոր Վարդան Բոստանջյանի անունը: Նա տեղեկություններ ունի, որ կուսակցության համամասնական ցուցակում իր անունն ընդհանրապես չի լինելու: Բոստանջյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, թե այս որոշումն իրեն չի նեղացրել, ուստի ինքը չի պատրաստվում լքել կուսակցությունը. - «Միայն եթե հանկարծակի չստացվի, որ կուսակցությունը նպատակահարմար համարի ինձ հեռացնել կուսակցությունից: Այդ կուսակցության բոլոր սկզբունքները, բոլոր արժեքները գնահատել եմ, ինքս մասնակից եմ եղել դրանց ձեւավորմանը, ինչո՞վ պայմանավորված պետք է հրաժարվեմ դրանցից», - ասաց Բոստանջյանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG