Մատչելիության հղումներ

Ազգային ժողովում այսօր քվեարկության չդրվեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը` կողմ քվեարկելու պատրաստամություն ունեցող բավարար թվով պատգամավորների ներկայությունը նիստերի դահլիճում չապահովելու պատճառով:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը 20 րոպեանոց ընդմիջում խնդրեց:

«Գրանցվել են 79 հոգի, բայց դահլիճում նստած է 76 հոգի. ես մի քանի անգամ հաշվեցի: Այդ 76-ից եթե 12-ը չի քվեարկում… չի անցնի: Դրա համար վերցրեցին ընդմիջում, որպեսզի բերման ենթարկեն իրենց կոճակ սեղմողներին», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը:

Ընդմիջումից հետո, որի ընթացքում Գալուստ Սահակյանը, խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը եւ մյուս պատգամավորները փորձում էին զանգահարել ընկերներին` նրանց խորհրդարան կանչելու եւ օրինագծին կողմ քվեարկելու համար, Ազգային ժողովի ղեկավարությունը նախընտրեց խուսափել օրինագծի քվեարկությունից:

Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հարց հնչեցրեց. - «Այն հանգամանքը, որ ԱԺ ղեկավարությունը նույնիսկ 20 րոպե ընդմիջումից հետո հաշվարկով նկատեց, որ այն օրենքը, որը մեր հասարակության (ոչ միայն ընդդիմության) համար բացարձակապես ընդունելի չէ, որոշեցիք չդնել հիմա քվեարկության... Պարզ է չէ՞ բոլորիս, որ դա լավ օրենք չի, ինչո՞ւ եք ուզում անպայման զոռով անցկացնել»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը եւս խորհրդարանական մեծամասնությանը հորդորեց հրաժարվել օրինագծի ընդունումից:

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը ասաց. - «Այդ պահին նպատակահարմար չգտա, որ դնեի քվեարկության: Հաշվի առնելով հնարավոր կողմ եւ չքվեարկող պատգամավորների թվի հարաբերությունը` ես տեղափոխեցի այդ հարցի քվեարկությունը այն պահին, երբ հարմար կլինի»:

Նիկոյանը հավելեց, որ հարցը, ամենայն հավանականությամբ, քվեարկության կդրվի վաղը:

Այս օրինագծով, հիշեցնենք, արտակարգ դրություն է հայտարարվում, երբ սահմանադրական կարգին վտանգ է սպառնում: Եթե արտակարգ դրության ժամանակ Ոստիկանության եւ Ազգային անվտանգության ուժերը չեն բավարարում, Հայաստանի նախագահը ստանում է բանակը օրենքով ներգրավելու հնարավորություն:

Ընդդիմախոսները պնդում են, որ օրինագծի հեղինակը հանդիսացող կառավարությունը մի շարք դրույթներ ձեւակերպելիս շրջանցել է Սահմանադրությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG