Մատչելիության հղումներ

Միջազգային կրոնական ազատության հարցերով ամերիկյան հանձնաժողովի ամենամյա զեկույցում Թուրքիան ճանաչվել է ամենավատթար երկրներից մեկը։

Ըստ զեկույցի, այդ երկրում առկա է կրոնի ազատության մշտական եւ աղաղակող ոտնահարում։

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամիք Թանն ասել է, թե զեկույցը չի համապատասխանում իրականությանը. - «Ցանկացած անկողմնակալ դիտորդ կփաստի, որ Թուրքիան տեղ չունի այդ զեկույցում»։

Նրա խոսքերով, կառավարությունն անցյալ տարվանից սկսել է վերադարձնել բռնագրավված արժեքները ոչ մահմեդական դավանանքի հաստատություններին։

«Թուրքիային այդ զեկույցում տրվել է անարդար եւ անսպասելի գնահատական», - հայտարարել է դեսպանը։

Զեկույցում ասվում է, թե, ի շարս այլ խնդիրների, Թուրքիայում սահմանափակված է «հոգեւոր սպասավորներ պատրաստելու, կրոնական կրթություն տալու եւ սեփական աղոթատեղիներ ունենալու կրոնական փոքրամասնությունների իրավունքը»։

Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» պարբերականի խմբագրապետ Արա Գոչունյանի փոխանցմամբ, Թուրքիայում, անշուշտ, կան մտահոգություն հարուցող գործոններ, սակայն ներկայիս իշխանությունները շատ ավելի հանդուրժողական են նախկին վարչակարգերի համեմատությամբ։

«Արդարություն եւ զարգացում» կուսակցության իշխանության օրոք արձանագրվում են եկեղեցիները վերականգնելու փաստեր, կրոնական փոքրամասնություններին տրված իրավուքները` թեպետ ոչ շատ արագ, այնուամենայնիվ հետզհետե ընդարձակվում են։

«Թուրքիայում թե' հասարակությունը եւ թե' ազգային-կրոնական փոքրամասնություններն ուշադրության են արժանացրել կրոնական ազատության վերաբերյալ ԱՄՆ-ում պատրաստված զեկույցը։ Հարկ է ընդունել, որ անցած տասը տարիները կրոնական ազատության իմաստով ամենադրական ժամանակաշրջան է Թուրքիայում», - ասել է «Ժամանակ»-ի խմբագրապետը։

«Ասելով «դրական շրջան», բնավ չեմ պնդում, որ ընդհանրապես ոչ մի խնդիր չկա, սակայն փաստում եմ, որ խղճի ազատության հանդեպ կա հարգանք եւ առկա է տասնամյակների ընթացքում կուտակված հարցերը լուծելու համար անհրաժեշտ քաղաքական կամք», - պարզաբանել է «Ժամանակ»-ի խմբագիրը։

Արա Գոչունյանի խոսքերով, թուրքահայերն ակնկալում, են, որ այդ դրական միտումը կհասունանա եւ ձեռք կբերվեն նոր նվաճումներ։

Խմբագրապետի փոխանցմամբ, միջազգային հանրության արտահայտած մտահոգությունները, իհարկե, հարկ է հաշվի առնել, սակայն «երրորդ կողմից արտաքին միջամտությունը վերը նշված դրական միտումների հասունացման գործընթացին չի նպաստում»։

Արա Գոչունյանն ասել է, որ այդ տեսակետն ունեն ե'ւ թուրքահայերը, ե'ւ Թուրքիայի Հայոց Պատրիարքարանը։

Միջազգային կրոնական ազատությունների հարցերով ամերիկյան հանձնաժողովը պետական անկախ գործակալություն է, որը ստեղծվել է 1998 թվականին ընդունած Միջազգային կրոնական ազատության հռչակագրով։

Հանձնաժողքովականներին նշանակում են ԱՄՆ-ի նախագահը եւ Սենատում ու Ներկայացոփւցիչների պալատում ընդգրկված երկու կուսակցությունների ղեկավարները։

Հանձնաժողովն ուսումնասիրում է աշխարհում կրոնական ազատության ոտնահարման հանգամանքները եւ իր քաղաքական հանձնարարականներն է փոխանցում նախագային, պետական քարտուղարին եւ Կոնգրեսին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG