Մատչելիության հղումներ

ԵՄԱ. Հեռուստատեսությունները ավելի շատ լուսաբանում են ՀՀԿ-ին


Այս տարվա մարտի 1-10-ը Հայաստանի 6 համապետական հեռուստաընկերություններով, մայրաքաղաքային 2 հեռուստաալիքով, ինչպես նաեւ Հանրային ռադիոյով իշխող Հանրապետական կուսակցության գործունեությունը լուսաբանվել է մի քանի անգամ ավելի շատ (գրեթե առանց բացառությունների դրականորեն), քան ընդդիմադիր քաղաքական ուժերինը` Հայ ազգային կոնգրեսի, «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների: Նման տվյալներ են առկա Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ Երեւանի մամուլի ակումբի իրականացրած հետազոտությունում:

Նշենք, որ հետազոտության առարկա է հանդիսացել 13 քաղաքական ուժերի գործունեության լուսաբանումը` այդ թվում` ՀՀԿ-ը, ԲՀԿ-ը, «Օրինաց երկրինը», ՀՅԴ-ը, «Ժառանգությանը», ՀԱԿ-ը եւ «Ազատ դեմոկրատներինը»:

Եվ այսպես, խորհրդարանական ընտրությունների նախաշեմին` մարտի 1-10-ը, Երեւանի մամուլի ակումբը մշտադիտարկում է իրականացրել Հայաստանի հանրային հեռուստատեսության, Հայկական երկրորդ հեռուստաալիքի, «Արմենիա», «Շանթ», «Երկիր մեդիա», «Կենտրոն», «Արմնյուզ» եւ «Շողակաթ» հեռուստաընկերությունների, ինչպես նաեւ Հանրային ռադիոյի` երեկոյան ժամը 6-ից մինչեւ գիշերվա ժամը 1-ը ընկած եթերները եւ պարզել է, որ նշված ժամանակահատվածում այդ ԶԼՄ-ների լրատվական ծրագրերի հիմնական թողարկումներում եւ հիմնական հասարակական-քաղաքական հաղորդումներում իշխող Հանրապետական կուսակցությունը լուսաբանվել է ավելի քան 221 րոպե: Մինչդեռ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը` մոտ 60 րոպե (այսինքն` ավելի քան 3.5 անգամ քիչ), «Ժառանգությունը»` 95 րոպե (այսինքն` մոտ 2.5 անգամ քիչ), իսկ «Ազատ դեմոկրատներին» էլ անդրադարձել են շուրջ 50 րոպե (այսինքն` գրեթե 4.5 անգամ քիչ):

Ընդ որում, թեեւ կուսակցությունների գործունեությունը հիմնականում լուսաբանվել է չեզոք, սակայն նշված լրատվամիջոցների դրական 30 անդրադարձներից 29-ը վերաբերել են իշխող Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններին:

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի այսօրվա ասուլիսի ընթացքում, որի ժամանակ եւ ներկայացվեց հետազոտությունը, նրան հարցրեցինք, ինչպես կմեկնաբանի հրապարակված թվերը:

«Այստեղ որոշակի դեր են խաղում, իհարկե, քաղաքական ուժերի որոշակի ազդեցությունը այս կամ այն հեռուստաալիքների վրա: Եվ երկրորդ պատճառը, իհարկե, այն է, որ հավասարաչափ ակտիվ չեն քաղաքական ուժերը այս նախընտրական փուլում», - նշեց Բորիս Նավասարդյանը:

«Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով պարզաբանելով, թե ինչ նկատի ունի «որոշակի ազդեցություն» բնորոշմամբ, Երեւանի մամուլի ակումբի նախագահը նշեց. - «Առաջինը դա սեփականատերերի խնդիր է: Մենք այստեղ ունենք, համարյա մենաշնորհ այն սեփականատերերի, որոնք իշխանության մոտ են կանգնած, եւ ունենք սեփականության որոշակի կոնցենտրացիա, երբ մի քանի հեռուստաընկերություն անուղղակի կերպով պատկանում են մեկ ընկերությանը կամ մեկ սեփականատիրոջը, եւ դա, իհարկե, իր անդրադարձն է ստանում նաեւ քաղաքական գործընթացների լուսաբանման վրա: Երկրորդ պատճառը որոշակի թաքնված գրաքննության մեխանիզմներն են, որոնք աշխատում են Հայաստանում»:

Եվս մեկ ուշագրավ դիտարկում: Նշված ժամանակահատվածում Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ իշխող Հանրապետականը լուսաբանվել է 4 անգամ ավելի շատ, քան ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը եւ «Ժառանգությունը», ու գրեթե 15 անգամ շատ, քան «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը:

Ի դեպ, նույն` Հանրայինով իշխող քաղաքական կոալիցիայի մաս հանդիսացող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Հանրապետականից 20 անգամ քիչ է լուսաբանվել, իսկ «Օրինաց երկրից»` 4 անգամ:

Փոխարենը մենք տեսանում ենք, որ մարտի 1-10-ը «Կենտրոն» հեռուստաընկերությամբ ամենից շատը լուսաբանվել է «Բարգավաճ Հայաստանը»` նշված հեռուստահաղորդումների ողջ եթերաժամի մոտ 1/3-րդը:

Իսկ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունն ամենից հաճախ անդրադարձել է ՀՅԴ գործունեությանը, ինչը զբաղեցրել է վերը հիիշատակված հեռուստահաղորդումների եթերաժամի ավելի քան 70 տոկոսը:

please wait

No media source currently available

0:00 0:04:28 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG