Մատչելիության հղումներ

Վաղը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) կքննարկվի Խաչատուր Սուքիասյանի դիմումը:

Հանձնաժողովը կորոշի` արդյո՞ք Հայ ազգային կոնգրեսի անդամ, հայտնի գործարար Սուքիասյանի ներկայացրած փաստաթղթերը համապատասխանում են օրենսդրությանն ու հետեւաբար` Սուքիասյանին կարելի՞ է գրանցել որպես թեկնածու, թե՞ ոչ:

Սուքիասյանն անցած շաբաթ փաստաթղթեր էր ներկայացրել թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու գրանցվելու համար: Դրանց շարքում էր նաեւ բնակության մասին տեղեկանքը, որը գործարարին հատկացրել էր Էրեբունի վարչական շրջանի ոստիկանության անձնագրային բաժինը: Համաձայն այդ տեղեկանքի, նա վերջին հինգ տարիներին բնակվել է Հայաստանում:

Մինչդեռ փաստաթղթերը ներկայացնելուց հետո հանձնաժողովը ստացել է Հայաստանի ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության գրությունը, որով խնդրել են Էրեբունու բաժանմունքի կողմից ավելի վաղ տրամադրված տեղեկանքում առկա տեղեկատվության փոխարեն հիմք ընդունել տրամագծորեն հակառակ տեղեկություններ պարունակող տեղեկանքը: Ըստ այդմ` Հայ ազգային կոնգրեսի անդամը չի հանդիսանում վերջին հինգ տարում Հայաստանում մշտապես բնակվող, եւ մերժվում է վերջին հինգ տարում Հայաստանում մշտապես բնակվելու մասին տեղեկանքի տրամադրումը:

Սուքիասյանի փաստաբան Արա Զոհրաբյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնում է մշտապես բնակվելու հանգամանքին: Ոստիկանության վերջին տեղեկանքի համաձայն, Սուքիասյանը վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանում չի ապրել 10 ամիս եւ 20 օր: Զոհրաբյանը նշում է, որ սա կազմում է վերջին հինգ տարիների` այսինքն 60 ամիսների 18 տոկոսը, մինչդեռ այդ ժամանակահատվածի գերակշիռ մասը` 82 տոկոսը անցկացրել է Հայաստանում:

Փաստաբանը վկայակոչում է Քաղաքացիական օրենսգիրքը: Օրենքում քաղաքացու բնակության վայր է համարվում այն վայրը, որտեղ քաղաքացին մշտապես կամ առավելապես ապրում է:

Թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սամվել Յազրյանն «Ազատություն» ռադիոկայանին ավելի վաղ ասել էր, թե ներկայացված փաստաթղթերն ուսումնասիրելիս իրենք հիմք են ընդունելու Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության ներկայացրած վերջին տեղեկանքը, ըստ որի վերջին 5 տարում Սուքիասյանը մշտապես չի բնակվել Հայաստանում:

Մինչ Կենտրոնական Ընտրական հանձնաժողովը կորոշի Սուքիասյանի գրանցման հարցը, իշխանությունների նման գործելաոճը քննադատում են «Ժառանգության» ու Դաշնակցության ներկայացուցիչները:

Դաշնակցության ղեկավար անդամ Աղվան Վարդանյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասում է, որ իշխանություններն արհեստականորեն փորձ են անում Սուքիասյանին դուրս մղել ընտրական մրցապայքարից. - «Երեւույթը վատ է ու անընդունելի: Կարծում եմ, դրան առաջին հերթին պետք է ընդդիմանան նրա հավանական մրցակիցները, օրինակ` Գարեգին Նուշիկյանը»:

«Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանն էլ նշում է, որ իրականում Սուքիասյանը չի փոխել մշտական բնակության վայրը, այլ ընդամենը որոշ ժամանակով օբյեկտիվ պատճառներով բացակայել է երկրից:

«Եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովը չգրանցի Սուքիասյանին, դա կլինի անօրինական որոշում», - նշում է Փոստանջյանը` պարզաբանելով. - «Եթե մարդը դուրս է մեկնել Հայաստանի Հանրապետությունից եւ ունեցել է մեկ այլ պետությունում մշտապես բնակվելու կացության իրավունք, այդ դեպքում միգուցեեւ հնարավոր լիներ այդ մարդուն ասել, որ նա մշտապես չի բնակվել Հայաստանի Հանրապետությունում: Մինչդեռ Խաչատուր Սուքիասյանը այդպիսի կացության իրավունք մեկ այլ պետությունում չի ունեցել… Բոլոր այլ տարածքներում գտնվելը եղել են պատճառաբանված»:

Հայ ազգային կոնգրեսը Սուքիասյանի գրանցման շուրջ ստեղծված իրավիճակը հերթական քաղաքական հետապնդումն է համարում նրա նկատմամբ:

Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ թիվ 10 ընտրատարածքում իրենք անպայման իրենց թեկնածուն կունենան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG