Մատչելիության հղումներ

Հանրապետականն ուզում է 50+1 տոկոս մեծամասնություն ունենալ


Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյան
Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյան
Իշխող Հանրապետական կուսակցությունը միայն իր համամասնական ցուցակով ակնկալում է ստանալ ընտրողների 40 տոկոսի ձայները: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում փոխանցեց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը:

«Դա ե՛ւ սոցիոլոգների հաշվարկներ է, ե՛ւ մեր հաշվարկներն է: Մենք չենք ուզում դառնալ, ինչպես խորհրդային տարիներին` ասենք 99 տոկոս հավաքող կուսակցություն: Ժողովրդավարությունը ակնկալում է 51-ից 61 տոկոս: 61-ից այն կողմ կարծես թե ինչ-որ բան այն չէ: Եվ մենք այդ 40-ով բավարարվում ենք` պլյուս, իհարկե, մեծամասնականը: Այդ 50+1-ը մեծամասնություն մենք ուզում ենք ունենալ, որպեսզի Ազգային ժողովում կարողանանք հանգիստ աշխատել», - ասաց Ռազմիկ Զոհրաբյանը:

Ռազմիկ Զոհրաբյանին հարցրեցինք նաեւ, թե ինչո՞ւ է Հանրապետականն իր համամասնական ցուցակի անցողիկ տեղերում ներգրավել ոչ հանրապետականների: Արդյո՞ք դա նշանակում է, որ իշխող ուժը այնքան էլ վստահ չէ իր ուժերին: Հանրապետականի փոխնախագահն ասաց, թե իրենք այդ ցուցակով ներկայացնում են ամբողջ Հայաստանը` ընդգրկելով հասարակության բոլոր շերտերին, ռազմական ոլորտից, օրինակ, ներգրավել են ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին: Զոհրաբյանի համոզմամբ, քանի որ ԵԿՄ նախագահը Հանրապետականի համամասնական ցուցակում է, ապա իշխող ուժը կստանա նաեւ երկրապահների մեծամասնության աջակցությունը:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչո՞ւ որոշեցին իրենց ցուցակում նաեւ երգիչների, լրագրողների ընդգրկել, Զոհրաբյանն ասաց. - «Պատկերացնո՞ւմ եք, որ չոր-չոր միայն քաղաքական գործիչներ ներկայացնենք: Ի՞նչ վատ է, ասենք, երգիչներ, թեկուզ թող պարողներ էլ լինեն»:

Ի դեպ, օրերս համացանցում են հայտնվել կադրեր, որտեղ երեւում է, թե ինչպես է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հարվածում գործարար Սիլվա Համբարձումյանին: Հետեւաբար Ռազմիկ Զոհրաբյանին հարցերցինք, թե ինչո՞ւ են Սյունիքի մարզպետին այդ միջադեպից հետո իրենց ցուցակում ընդգրկել, արդյո՞ք տեղի ունեցածը չի վնասի Հանրապետականին:

«Նրանք, ովքեր նման արարքներ են անում, բնականաբար, ներսում նախատինք ստանում են», - նշեց Զոհրաբյանը: - «Բայց եթե մենք փորձենք ամեն մի թեթեւ ընդհարումից մարդկանց հանել կուսակցությունից, ապա կարող է կուսակցությունում մնամ մենակ ես», - կատակեց Հանրապետականի փոխնախագահը:

Անդրադառնալով նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին, ով Հանրապետականի համամասնական ցուցակի 10-րդ համարն է, Ռազմիկ Զոհրաբյանը նշեց, որ հայտնի դեպքերից հետո նա իր պատիժը ստացել է հրաժարականի տեսքով եւ ամեն անգամ նույն բանի համար պետք չէ նախատել կամ պատժել, այժմ Բեգլարյանը իրենց թիմում է եւ աշխատելու է իրենց հետ:

Հիշեցնենք, Բեգլարյանը հրաժարական տվեց Երեւանի քաղաքապետի պաշտոնից այն բանից հետո, երբ ծեծի ենթարկեց նախագահ Սերժ Սարգսյանի արարողակարգի աշխատակից Արմեն Կանդայանին:

Ի դեպ, այսօր հայտարարություն է տարածել օրերս Հանրապետականին անդամակցած պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: Հայտարարության մեջ նա անդրադարձել է իր հասցեին հնչող այն պնդումներին, որ տարիներ շարունակ սուր քննադատության է ենթարկել ոչ միայն իշխանությանը, այլեւ գործող նախագահ Սերժ Սարգսյանին, մինչդեռ այժմ դարձել է հանրապետական: Հակադարձելով այս գնահատականներին, Վիկտոր Դալլաքյանը, մասնավորապես, նշում է, թե 17 տարվա իր պատգամավորական գործունեության ընթացքում շատ դեպքերում քննադատել է պետության ղեկավարներին եւ որոշ իրադարձությունների վերաբերյալ արտահայտած իր գնահատականները սրբագրումների ենթակա չեն:

please wait

No media source currently available

0:00 0:04:30 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG