Մատչելիության հղումներ

Պոպով. «Բանակցային գործընթացը բավական ինտենսիվ է»


Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմքում ընկած բանակցային պրոցեսը բավական ինտենսիվ է ընթանում։ Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում այդ մասին ասել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը։

«Քննարկվում են ղարաբաղյան կարգավորման Հիմնարար սկզբունքները, որոնք պետք է հիմք դառնան ապագա խաղաղ համաձայնագրի մշակման համար», - ասել է Պոպովը հարցազրույցում, որի տեքստը տեղադրված է ռուսաստանյան արտգործնախարարության կայքէջում։

Նշելով, որ վերջին մեկ տարվա ընթացքում կայացել են երեք հանդիպումներ, «որոնց ժամանակ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները կարողացել են հստակեցնել դիրքորոշումները իրենց մոտ տարաձայնություններ հարուցող հարցերում», ռուսաստանցի համանախագահը հավելել է. - «Դրանք շատ չեն արդեն համաձայնեցվածի համեմատ, սակայն ամենաբարդն են»։

Պոպովի համոզմամբ, Սոչիի հանդիպման ժամանակ նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հայտարարությունը` Հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնությունը արագացնելու իրենց մտադրության վերաբերյալ, վկայում է, որ «կողմերը ոչ միայն պատրաստ են շարունակել խաղաղ գործընթացը, այլեւ մտադիր են ջանքեր գործադրել, որպեսզի այդ գործընթացը տա ակնկալվող արդյունքը»։

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տեսնում են միայն խաղաղ ճանապարհով, ընդգծել է ռուսաստանցի միջնորդը։

Պոպովը նշել է նաեւ Ռուսաստանի ակտիվ դերը ղարաբաղյան կարգավորման գործընթացում` հիշեցնելով, որ 2008 - 2012 թվականներին նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մասնակցությամբ մեկ տասնյակից ավելի հանդիպումներ են կայացել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ, իսկ 2008 թվականին ընդունված Մոսկովյան հռչակագիրը «ղարաբաղյան կարգավորման առաջին եւ առայժմ միակ փաստաթուղթն է, որի տակ դրված են Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների ստորագրությունները»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG