Մատչելիության հղումներ

«Ջավախքում անկախ պետության ձեւավորման վտանգ չկա»


Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Քալանդաձեն ճեպազրույցի ժամանակ, արխիվային լուսանկար
Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Քալանդաձեն ճեպազրույցի ժամանակ, արխիվային լուսանկար
Վրաստանի արտգործնախարարությունը Ռուսաստանին մեղադրում է հայաբնակ Ջավախքի հարցը շահարկելու մեջ:

Ռուսաստանում Ջավախքի սփյուռքի ներկայացուցիչները անցյալ շաբաթ ռուսական լրատվամիջոցներով հայտարարել էին, որ Վրաստանի տարածքում կարող է եւս մեկ պետություն առաջանալ, եւ դա կլինի Ջավախքը, եթե Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ դառնա:

Երկուշաբթի օրը արձագանքելով այս հայտարարությանը` Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Նինո Քալանդաձեն, «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, ասել է, թե ակնհայտ է` դրա հետեւում Ռուսաստանն է կանգնած:

Պաշտոնական Թբիլիսին կարծում է, որ Ջավախքում անկախ պետության ձեւավորման վտանգ չկա, իսկ նման հայտարարությունների հետեւում կանգնած են ռուսաստանյան ուժերը, հայտարարել է Քալանդաձեն։

Փոխարտգործնախարարի խոսքերով` Վրաստանի կառավարությունը հստակ ռազմավարություն ունի ազգային փոքրամասնությունների վերաբերյալ եւ այն հաջողությամբ իրականացնում է:

«Մենք տիրապետում ենք փոքրամասնություններով բնակեցված շրջաններում տիրող իրավիճակին եւ տեղեկատվությանը։ Մասնավորապես Ջավախքում, որտեղ բնակվում են հայերը, վրացական կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր` պետական գործընթացներին տեղի բնակչությանը մասնակից դարձնելու», - ասել է Քալանդաձեն:

Վրաց դիվանագետը նաեւ նշել է, որ Վրաստանը լավ հարաբերություններ է պահպանում Հայաստանի հետ, եւ բոլոր հարցերը լուծվում են միջպետական մակարդակում ու բարեկամական մթնոլորտում:

«Մենք լավ հարաբերություններ ունենք ոչ միայն Հայաստանի հետ, այլ նաեւ Վրաստանում բնակվող հայերի հետ, եւ որեւէ խնդիր այստեղ չենք տեսնում», - ասել է Նինո Քալանդաձեն:

Մեկնաբանելով ռուսաստանաբնակ ջավախահայերի հայտարարությունը, թե հայերը կտրականապես դեմ են Վրաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, Քալանդաձեն ասել է, որ Հայաստանն ինքը սերտորեն համագործակցում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ, եւ դժվար է պատկերացնել, թե ինչու պետք է հայերը իրենց նկատմամբ սպառնալիք ընկալեն Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։

«Հնարավոր է, որ նման հեռանկարը սպառնալիք է ռուսաստանյան ծառայությունների համար, որոնք կանգնած են հայտարարությունը տարածողների հետեւում եւ որոնք շահագրգռված են Վրաստանում էթնիկ փոքրամասնությությունների հակազդեցությամբ: Իմ կարծիքով, նման շահարկումները ոչ թե Վրաստանում բնակվող հայերից են գալիս, այլ լրիվ այլ ուժերից», - հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարարը` հավելելով, որ հրապարակումները լրատվամիջոցներում կարելի է բացատրել Ռուսաստանի ձգտումով` Հյուսիսատլանտյան դաշինքը հնարավորինս հեռացնել հարեւան երկրներից եւ Վրաստանում բնակվող էթնիկ խմբերի միջեւ լարվածություն սերմանել։

Անցած շաբաթ օրը աշխատանքային այցով Թբիլիսի էր մեկնել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն, այցի շրջանակներում վրաց պաշտոնակից Գրիգոլ Վաշաձեի հետ հանդիպման ժամանակ Նալբանդյանը քննարկել է «երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցեր՝ երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաեւ Վրաստանի հայ համայնքի համար կարեւորություն ներկայացնող մի շարք խնդիրներ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG