Մատչելիության հղումներ

Հայաստանին վերաբերող նախագիծ Եվրախորհրդարանում


Ստրասբուրգ, Ֆրանսիա - Եվրախորհրդարանի պատգամավորները քվեարկության են մասնակցում, արխիվային լուսանկար

Ստրասբուրգ, Ֆրանսիա - Եվրախորհրդարանի պատգամավորները քվեարկության են մասնակցում, արխիվային լուսանկար

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը այսօր գումարում է եռօրյա նիստ, որի օրակարգում նաեւ Հարավային Կովկասին վերաբերող հարցեր են։

Հարավային Կովկասի տարածաշրջանի վերաբերյալ եվրոպացի օրենսդիրները պետք է հինգշաբթի օրը քվեարկությամբ հավանություն տան հանձնարարական բնույթի երկու փաստաթղթերին, որոնք Եվրահանձնաժողովի կողմից կիրառվելու են Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ասոցացման համաձայնագրերի բանակցություններում։

Հայաստանի մասով փաստաթղթի նախագիծը կազմել է լեհ օրենսդիր Տոմաշ Պյոտր Պորեմբան։ Դրանում ասվում է, որ հիմնվելով Եվրոպական հարեւանության Գործողությունների ծրագրի, Արեւելյան գործընկերության համատեղ հռչակագրի, Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ ստորագրված մի շարք այլ համաձայնագրերի վրա, ինչպես նաեւ հաշվի առնելով ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու եւ օրենքի գերակայությունը ապահովելու մասին Հայաստանի ստանձնած պարտավորությունները, Եվրոպական միությունը Հայաստանի հետ քննարկում է Ասոցացման համաձայնագիրը։

«Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելում հավատարմագրված թղթակից Ռիկարդ Ջոզվիակի փոխանցմամբ, նախագծում կա երեք հիմնարար դրույթ։

Դրանցից մեկն այն է, որ Ասոցացման համաձայնագիրը վերաբերում է Հայաստանի ամբողջ տարածքին։ Սա որոշակի լրացուցիչ իմաստ է հաղորդում Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում, քանի որ նույն ձեւակերպումը կա նաեւ Ադրբեջանին վերաբերող նախագծում։

«Սա է, թերեւս, վիճահարույց հանգամանքը։ Բացի այդ, փաստաթղթում ընդգծվում է գալիք խորհրդարանական ընտրությունները պատշաճ անցկացնելու անհրաժեշտությունը։ Դրանք պետք է լինեն ազատ եւ արդար», - ասել է Ռիկարդ Ջոզվիակը։

Նրա փոխանցմամբ, նախագծում կա նաեւ դրույթ, որի համաձայն` Եվրոպական միությունը ցանկանում է առավել ակտիվ դեր կատարել ղարաբաղյան բանակցային գործընթացում եւ, մասնավորապես, աջակցել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի աշխատանքին։

Հինգշաբթի օրը քվեարկվելիք նախագծում կա անդրադարձ Մեծամորի ատոմակայանին, որը, ըստ Եվրամիության, մտահոգության առիթ է։

«Հարկ է որոշել դրա աշխատանքը դադարեցնելու հստակ ժամկետը», - ասվում է նախագծում, որը հաստատվելուց հետո կիրառվելու է Հայաստանի հետ Ասոցացման պայմանագրի բանակցություններում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG