Մատչելիության հղումներ

Վարդան Ղուկասյանը չի ցանկանում պատգամավոր դառնալ


Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյան
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյան
Հայաստանի հանրապետական կուսակցության հրապարակած համամասնական ցուցակում մինչ այս պահը ընդգրկված են վեց մարզպետներ եւ երկու քաղաքապետեր: Մարզպետներից առաջատար դիրքերում Սյունիքի մարզպետն է՝ Սուրիկ Խաչատրյանը. նա ՀՀԿ-ի ցուցակում 59-րդ հորիզոնականում է: Իսկ գեներալ, Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը 66-րդն է:

Շիրակի անկուսակցական մարզպետը չցանկացավ մեկնաբանել ՀՀԿ-ի ցուցակում իրեն ընդգրկելու փաստը: Հիշեցնենք, անցած տարեվերջին Աշոտ Գիզիրյանը իր հարցազրույցներից մեկում ասել էր, թե դեռ երիտասարդ է պատգամավոր դառնալու համար, այնուհետեւ հավելել. - «Ազգային ժողովը մեր օրենսդիր մարմինն է: Ես այն կարծիքին եմ, որ այնտեղ պետք է լինեն համապատասխան գիտելիքներով օժտված մարդիկ: Թող գործարարներ լինեն, ֆինանսիստներ լինեն, բայց գրագետ խավ, որոնք կարող են օրենք ընդունել»:

Հանրապետականի համամասնական ցուցակում 62-րդ հորիզոնականում Արարարտի մարզպետ Էդիկ Բարսեղյանն է: Շիրակի մարզպետին նախորդում է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, հաջորդում են Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը եւ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը: Քաղաքապետերից 4-րդ հորիզոնականում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է: Իսկ Հանրապետականի համար Գյումրիում բավականին, այսպես ասած, լավ ծառայություններ մատուցած Գյումրիի հանրապետական քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հայտնվել է 71-րդ հորիզոնականում: Նա նաեւ մարզում ղեկավարելու է Հանրապետականի նախընտրական շտաբը:

Ղուկասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ չի պատրաստվում վայր դնել քաղաքապետի պաշտոնը եւ պատգամավոր դառնալ:

«Եթե հանկարծ իմ հարցը առաջ գա, որ ես մանդատ ստանամ, ես չեմ ուզենա, կհրաժարվեմ անպայման, որովհետեւ ես շատ անելիքներ ունեմ Գյումրի քաղաքում: Ես ինձ տեսնում եմ որպես քաղաքապետ, ոչ թե պատգամավոր: Միանշանակ հրաժարվելու եմ: Հետագայում էլ որ քաղաքապետությունից դուրս գամ, ընդհանրապես պատգամավորությունից հեռու կմնամ: Ճիշտն ասած, դա իմ բնավորությանը հարիր աշխատանք չէ, ես ավելի գործնական աշխատանք եմ սիրում, քան օրենսդիր: Չնայած վատ չեմ պատկերացնում, լավ էլ կարող եմ նախաձեռնություններով հանդես գալ, բայց գտնում եմ, որ ես գործնական աշխատանքի մեջ ավելի մեծ հաջողություններ կունենամ», - ասաց Ղուկասյանը՝ հավելելով, սակայն, որ ինքը իրեն վատ չէր դրսեւորի նաեւ պատգամավորի պաշտոնում. - «Այս ընթացքում էնքան գրություններ եմ ուղարկում Ազգային ժողով ֆրակցիաներին, Ազգային ժողովի նախագահին, նախաձեռնություններով շատ եմ հանդես եկել եւ, ճիշտն ասած, տեղական ինքնակառավարման հետ կապված օրենսդրական փոփոխություններ էլ իմ անվան հետ են կապված»:

Այս աշնանը Գյումրիում քաղաքապետի ընտրություններ տեղի կունենան: Վարդան Ղուկասյանը պատրաստվում է հինգերորդ անգամ առաջադրվել:


please wait

No media source currently available

0:00 0:03:39 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG