Մատչելիության հղումներ

Հայաստանյան քաղաքական ուժերը դեռ շարունակում են աշխատել մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների համար իրենց կողմից ներկայացվելիք համամասնական ընտրացուցակների վրա:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ցուցակը ճշգրտման փուլում է:

«Վերջնական տեխնիկական բոլոր դետալները կարգավորելուց հետո մենք կհրապարակենք այն», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

Հստակ է մի բան` բոլոր 41 մեծամասնական ընտրատարածքներում ՀԱԿ-ը մտադիր է թեկնածուներ առաջադրել:

Արման Մուսինյանն ասում է` ցուցակում ընդգրկված կլինեն նաեւ մարտիմեկյան իրադարձություններից հետո դատապարտված անձինք: Ընդդիմությունը նրանց քաղաքական բանտարկյալներ է անվանում:

«Ներկայացված կլինեն նաեւ քաղբանտարկյալներից շատերը, որովհետեւ նրանք մեծ վաստակ են ունեցել համաժողովրդական շարժման, Կոնգրեսի կայացման եւ այս հանցավոր ռեժիմի դեմ պայքարի գործում», - հավելեց Մուսինյանը:

Դեռեւս պարզ չէ, արդյոք Կոնգրեսի համամասնական ցուցակում ընդգրկված կլինի նաեւ ՀԱԿ անդամ, հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը, թե ոչ:

«Ընթացքը ցույց կտա», - ասաց ՀԱԿ մամուլի խոսնակը:

Հիշեցնենք, Սուքիասյանը նաեւ մեծամասնական ընտրակարգով է իր թեկնածությունն առաջադրել Երեւանի 10-րդ ընտրատարածքում, սակայն հնարավոր է նրան չգրանցեն իբրեւ թեկնածու` Հայաստանում 5 տարվա մշտական բնակություն չունենալու հիմնավորմամբ: Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն էր տարածել, որում կարծիք էր հայտնել, թե Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: ՀԱԿ-ը նաեւ հույս էր հայտնել, որ դատական ճանապարհով հնարավոր կլինի վերականգնել օրինականությունը: - «Հակառակ դեպքում, Կոնգրեսն ունի այդ ապօրինությանը համարժեք պատասխան տալու հնարավորություն», - ասված էր ընդդիմադիր միավորման տարածած հայտարարության տեքստում:

Այսօր Արման Մուսինյանը չկոնկրետացրեց, թե որն է լինելու իրենց համարժեք պատասխանը: Առաջիկա չորեքշաբթի օրը իր համամասնական ցուցակը կհրապարակի Հայ հեղափոխական դաշնակցությունը: Այն կգլխավորի Ազգային ժողովում Դաշնակցության խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

«Բարգավաճ Հայաստանից» փոխանցեցին, որ իրենց ցուցակը եւս վերջնական տեսքի է բերվում:

Իր ցուցակը վերջնականացնելու վրա է աշխատում նաեւ «Օրինաց Երկիրը»: Կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված կլինեն այսօրվա պատգամավորներից ոմանք, նաեւ նոր դեմքեր, «Ազատություն» ռադիոկայանին ասաց ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը:

Մեր տեղեկություններով, «Օրինաց Երկրի» համամասնական ցուցակում կարող է ընդգրկվել պաշտպանության նախարարի մամուլի նախկին խոսնակ Դավիթ Կարապետյանը: Նա «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց ՕԵԿ-ին անդամագրվելու, ապագայում նաեւ այդ կուսակցության ցուցակում ընդգրկվելու մասին տեղեկությունները, բայց այսօր հայտնի դարձավ, որ նա իր դիմումի կապակցությամբ ազատվել է ՊՆ խոսնակի պաշտոնից` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, «Օրինաց Երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի խորհրդականի աշխատանքին անցնելու կապակցությամբ:

Առայժմ որեւէ քաղաքական ուժ Կենտրոնական ընտրական հանձնաժողով իր համամասնական ցուցակը չի ներկայացրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG