Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ի ցուցակը «ավելի քան մրցունակ է»


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀԿ-ի համագումարում, 10 մարտի, 2012 թվական

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀԿ-ի համագումարում, 10 մարտի, 2012 թվական

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ Էդուարդ Շարմազանովը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով ՀՀԿ-ի կիրակի օրը հրապարակված համամասնական ցուցակին, ասաց, թե իրենց ցուցակն ավելի քան մրցունակ է, եւ դրանում բոլորը կհամոզվեն նաեւ մայիսի 6-ին կայանալիք ընտրությունների ժամանակ:

ՀՀԿ-ի 250-հոգանոց ցուցակը գլխավորում է Հայաստանի նախագահ, կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը: Ցուցակի երկրորդ տեղում Ազգային ժողովի նախկին նախագահ, կուսակցության նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանն է, ում հաջորդում են վարչապետ Տիգրան Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, խորհրդարանի Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը, Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, տասնյակը եզրափակում է Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։ Ցուցակի երկրորդ տասնյակում ՀՀԿ-ականներից բացի տեղ են գտել Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանը, երգչուհի Շուշան Պետրոսյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը, «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը:

Հարցին, թե որքանո՞վ է հավանական, որ ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող Հովիկ Աբրահամյանը զբաղեցնի վարչապետի պաշտոնը, իսկ երրորդ հորիզոնականում հայտնված Տիգրան Սարգսյանը՝ խորհրդարանի խոսնակի, Շարմազանովը պատասխանեց. - «Հանրապետական կուսակցությունը սովորաբար կադրային ռեզերվը եւ պաշտոնի գնացողների հարցը քննարկում է ընտրություններից հետո՝ հաշվի առնելով ուժերի դասավորվածությունը: Մենք այս պահին որեւէ պաշտոն որեւէ մեկին չենք խոստացել եւ որեւէ հարց չի քննարկվել: Հովիկ Աբրահամյանը երկրորդն է, որովհետեւ ՀՀԿ-ի նախընտրական շտաբի պետն է, Տիգրան Սարգսյանը երրորդն է, որովհետեւ գործող վարչապետն է եւ գործադիր մարմնի ակտիվ անդամը»:

Հարցին, թե ինչո՞ւ է ՀՀԿ-ը իր ցուցակում ընդգրկել «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանին եւ «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանին, Շարմազանովն ասաց՝ նրանք ոչ միայն ՀՀԿ-ին, այլեւ հասարակությանն են անհրաժեշտ:

«Այս մարդիկ պատրաստ են իրականացնել այն բարեփոխումների կուրսը, որը Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրով է դրված: Ավելին՝ այդ մարդիկ այս տարիների ընթացքում սատարում էին ՀՀԿ-ի նախագահի քաղաքականությանը», - ասաց նա:

Ուշագրավ է, որ ՀՀԿ-ն իր ցուցակում ընդգրկել է նաեւ Երկրապահ կամավորական միության նախագահ Մանվել Գրիգորյանին, ում 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո Ռոբերտ Քոչարյանն ազատեց պաշտպանության փոխնախարարի պաշտոնից: Վերջին նախագահական ընտրություններից անմիջապես հետո Ազատության հրապարակում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ Մանվել Գրիգորյանը կանգնած է ժողովրդի կողքին: Ավելի ուշ, 2008-ի մարտին Գրիգորյանին անդրադարձավ նաեւ Սերժ Սարգսյանը՝ նշելով, թե ափսոսում է, որ իր մարտական ընկերը ներքաշվել է քաղաքականության մեջ:

Հարցին, թե արդյո՞ք Գրիգորյանին ՀՀԿ-ի ցուցակում ներգրավելով նախագահը նրան չի ներքաշո՞ւմ քաղաքականության մեջ, Շարմազանովը պատասխանեց. - «Չեմ կարծում, որ սա նախագահի ներքաշման մասին է խոսում: Սա խոսում է նրա մասին, որ Երկրապահ կամավորական միության նախագահը կամենում է իր ապագան տեսնել նաեւ այս ոլորտում եւ պաշտպանում է նախագահի քաղաքականությունը»:

Շարմազանովն ասաց՝ Գրիգորյանը առանց իր ցանկության չէր ընդգրկվի ՀՀԿ-ի ցուցակում. - «Նախաձեռնությունը երկուստեք էր»: Անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ խնդիրներով է Գրիգորյանը զբավելու, Շամազանովն ասաց. - «Երբ բարով-խերով ընտրվի, եւ հանրապետականները նորմալ մասնակցություն ունեցան, տեսնենք ինչպիսի խմբակցություն կունենանք, այն ժամանակ կտեսնենք յուրաքանչյուրը ինչով կզբաղվի: Ես ցուցակի առանձին ներկայացուցիչների մասին չեմ ցանկանում այս պահին խոսել»:

Այսպիսով, կարելի է արձանագրել, որ երկրի ողջ ղեկավար կազմը որպես թեկնածու ընդգրկված է Հանրապետականի համամասնական ցուցակում եւ խնդիրն այն է, թե արդյո՞ք նրանք քարոզչությունն իրականացնելիս մեկնելու են արձակուրդ, թե դա անելու են ոչ աշխատանքային ժամերին: Ընտրական օրենսգիրքը սահմանափակում է քաղաքական, հայեցողական, քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող պետական կամ համայնքային ծառայող հանդիսացող թեկնածուների նախընտրական քարոզչությունը: Մասնավորապես, արգելվում է թեկնածուին պաշտոնական լիազորությունները իրականացնելիս քարոզչությամբ զբաղվել:

Առայժմ որեւէ տեղեկատվություն չի հաղորդվում, թե արդյոք նախագահ Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում կգնա արձակուրդ, թե՝ ոչ: Ինչ վերաբերում է վարչապետ Տիգրան Սարգսյանին, ապա նրա խոսնակ Արամ Անանյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե «վաղաժամ է խոսել այդ մասին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG