Մատչելիության հղումներ

Սիրիայում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով հայ է զոհվել


Սիրիա -- Իրավապահները հետազոտում են Հալեպում տեղի ունեցած պայթյունի վայրը, 18-ը մարտի, 2012թ.

Սիրիա -- Իրավապահները հետազոտում են Հալեպում տեղի ունեցած պայթյունի վայրը, 18-ը մարտի, 2012թ.

Հայաստանի արտգործնախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանն այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց տեղեկատվությունը, որ Սիրիայի Հալեպ քաղաքի քրիստոնեական Սուլեյմանիա թաղամասում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով մահացել է ազգությամբ հայ Արաքս Պետրոսյանը:

Ավելի վաղ սիրիական «Ալ Իքբարիա» հեռուստատեսությունը հաղորդել էր, որ նախօրեին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հակառակորդները Սուլեյմանիա թաղամասում տեղակայված Ազգային անվտանգության վարչության շենքի մոտ պայթեցրել են ականապատված մեքենա, ինչի հետեւանքով զոհվել են մարդիկ, վնասվել են շրջակա բնակելի շենքերը:

Այս պայթյունից մեկ օր առաջ նմանատիպ ահաբեկչական գործողություններ էին իրականացվել նաեւ մայրաքաղաք Դամասկոսում` դառնալով շուրջ երեք տասնյակ մարդկանց մահվան պատճառ:

Սիրիահայ համայնքի ներկայացուցիչ, «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Գաբրիել Ջամբարջին «Ազատություն» ռադիոկայանին հեռախոսով փոխանցեց, որ չնայած Հալեպում հայազգի քաղաքացու զոհվելու փաստին, սիրիահայ համայնքում խուճապ չկա:

Ջամբարջին չի կարծում, թե տեղի ունեցած ահաբեկչությունն ուղղված է եղել հատկապես Սիրիայի քրիստոնյա բնակչության դեմ: «Նման բաներ լինում են, իսկ ռումբերը ազգություն կամ կրոն չեն ճանաչում», - ասաց Փյունիկ հիմնադրամի նախագահը:

Հիշեցնենք` մոտ մեկ ամիս առաջ նմանատիպ մի պայթյունի հետեւանքով Սիրիայում զոհվել էր հայազգի զինծառայող Վիգեն Հայրապետյանը:

Ջամբարջին նշեց նաեւ, թե Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների հետեւանքով հայ բնակչության արտահոսք չկա: Ըստ նրա, նման մտադրություն ունեցողները, այդուամենայնիվ, ցանկացած պահի կարող են մեկնել Հայաստան, քանի որ Հայաստան մեկնելը նրանց համար շատ ավելի դյուրին է, քան որեւէ այլ երկիր: Հայաստանի կառավարությունը, ըստ նրա, իր բոլոր հնարավորություններով ու կառույցներով պատրաստ է օժանդակել այն սիրիահայերին, ովքեր Հայաստան մեկնելու ցանկություն կունենան:

Միգրացիոն պետական ծառայության տնօրեն Գագիկ Եգանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ վերջին շրջանում սիրիահայերի հոսք դեպի Հայաստան չկա: - «Աննշան թիվ է, խոսքը մեկ-երկու ընտանիքի մասին է», - ասաց Եգանյանը:

Արաբագետ, վերջերս հրատարակված «Սիրիայի հայ համայնքը. արդի հիմնախնդիրներ» գրքի համահեղինակ Արաքս Փաշայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ ստեղծված իրավիճակում սիրիահայերը վաղ, թե ուշ կանգնելու են երկիրը լքելու մարտահրավերի առջեւ:

«Անկախ այն փաստից` Բաշար ալ-Ասադի վարչակարգին կհաջողվի պահել իշխանությունը, թե ոչ, դրանից երկրում իրավիճակը, գոնե առաջիկայում, չի կայունանա եւ առաջիկայում եւս հնարավոր են նմանօրինակ ահաբեկչություններ, քրեածին տարրն է երկրում ակտիվացել, տնտեսական դրությունն է գնալով վատթարանում եւ, բնականաբար, նման իրավիճակում հայերի շրջանում մտահոգությունը պետք է մեծանա», - նշեց արաբագետը: - «Գուցե այս փուլում հայերը մասսայական չեն արտագաղթում, կամ հատուկ խուճապի մեջ չեն, բայց եթե իրավիճակը երկրում առաջիկայում չկայունանա, դա անխուսափելիորեն հանգեցնելու է արտագաղթի ընդլայնմանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG