Մատչելիության հղումներ

Սահակյանը Ծառուկյանի ելույթում նախընտրական տրամաբանություն է տեսնում


Գալուստ Սահակյան, արխիվային լուսանկար

Գալուստ Սահակյան, արխիվային լուսանկար

Իշխող քաղաքական կոալիցիայի անդամ Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Գալուստ Սահակյանի ներկայացմամբ, կոալիցիայի մյուս անդամ` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 6-րդ համագումարում Գագիկ Ծառուկյանի ելույթը կրում էր նախընտրական տրամաբանություն: Նման կարծիք Սահակյանը հայտնեց «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:

«Դա պիտի բնական համարել, որովհետեւ նախընտրական ժամանակաշրջան ենք ապրում, եւ, կարծում եմ, ընդհանրապես, կոալիցիոն շրջանակներում այս հինգ տարիներին այդ խնդիրները միշտ էլ կոալիցիոն ուժերի կողմից արծարծվել են», - ասաց Գալուստ Սահակյանը` շարունակելով. - «Այսինքն, եթե ճիշտ ձեւով խնդիրները ինվենտարիզացիա չի արվում, նման իրավիճակներում քաղաքական ուժերի գործունեությունը անմիտ կդառնա»։

Շաբաթ օրը «Բարգավաճ Հայաստանի»-ի 6-րդ համագումարում ելույթի ժամանակ այդ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քննադատության ենթարկեց Հայաստանում առկա սոցիալ-տնտեսական վիճակը:

«Մեր երիտասարդներն իրենց ապագան պետք է տեսնեն ու կառուցեն հայրենիքում: Աշխատող մարդը չպետք է կարիքավոր լինի, եւ եթե մենք չենք կարողանում լուծել աշխատատեղերի, զբաղվածության խնդիրը, ապա մենք անընդհատ ստիպված ենք լինելու պայքարել աղքատության դեմ: Արդյո՞ք մեր երկրում հաջողվել է լուծել այդ ռազմավարական լրջագույն խնդիրը: Կարծում եմ` ոչ», - իր ելույթում, մասնավորապես, ասաց Ծառուկյանը:

Անդրադառնալով 2008 թվականի համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքներին եւ նշելով, որ «աշխարհի գրեթե բոլոր երկրներում կառավարություններն իրենց գործարարներին, եւ հատկապես միջին եւ փոքր ձեռներեցներին, գյուղացիներին, օգնության ձեռք մեկնեցին»` «Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավարն այնուհետեւ հայտարարեց. - «Փաստն այն է, որ մեզնում փոքր եւ միջին բիզնեսը մնաց բառիս բուն իմաստով անտեր, մի զգալի մասը փակվեց եւ հեռացավ երկրից»։

Ի պատասխան` Գալուստ Սահակյանը հիշեցրեց, որ անցած տարիների ընթացքում Հանրապետականի հետ միասին «Բարգավաճ Հայաստան»-ը նույնպես իշխանության մաս էր ու այժմ էլ ներկայացված է կառավարությունում:

«Այսինքն, եթե կոալիցիա է, բոլորն էլ մաս են կազմում իշխանության։ Դրա համար մենք մշտապես ասում ենք` մենք տեր ենք ե՛ւ չեղած գործերի, ե՛ւ եղած գործերի։ Ընտրություններ են` բնականաբար, այլ վերլուծություններ կարող են լինել։ Մենք ինքներս էլ նման խնդիրներով ինքնաքննադատությամբ ենք հանդես գալիս, բայց նաեւ նախընտրական պայմանները թելադրում են ժողովրդի մոտ խոսք ասել, որպեսզի կեցվածքի տրամաբանությունը քաղաքական ուժի հնարավորինս ավելի ընդգծված լինի», - հայտարարեց Հանրապետական կուսակցության փոխնախագահը։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG