Մատչելիության հղումներ

Վրաստանում քաղաքական սկանդալ է հասունանում


Վրաստան - Ընդդիմադիր գործիչներ (ձախից` աջ) Դավիթ Ուսուպաշվիլին, Բիձինա Իվանիշվիլին եւ Իրակլի Ալասանիան «Վրացական երազանք» քաղաքական կոալիցիայի շնորհանդեսի ժամանակ, Թբիլիսի, 21-ը փետրվարի, 2012թ.

Վրաստան - Ընդդիմադիր գործիչներ (ձախից` աջ) Դավիթ Ուսուպաշվիլին, Բիձինա Իվանիշվիլին եւ Իրակլի Ալասանիան «Վրացական երազանք» քաղաքական կոալիցիայի շնորհանդեսի ժամանակ, Թբիլիսի, 21-ը փետրվարի, 2012թ.

Խորհրդարանական ընտրություններից մոտ կես տարի առաջ Վրաստանում ներքաղաքական սկանդալ է հասունանում:

Միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ստեղծած «Վրացական երազանք» կուսակցության աջակիցներին արդեն մի քանի օր է ինչ զանգվածաբար հարցաքննությունների են հրավիրում` փորձելով պարզել` ինչո՞ւ են այդ մարդիկ որոշել աջակցել նորաստեղծ ընդդիմադիր շարժմանը:

Ընդդիմության կողմնակիցներին հարցաքննում են երկրի Վերահսկիչ պալատի ներկայացուցիչները, որոնց հետաքրքրում է հատկապես շարքային քաղաքացիների` ընդդիմությանը ցուցաբերած ֆինանսական օգնությունը:

Վրացական աղբյուրների պնդմամբ` հարցաքննության ծանուցագրեր են ուղարկվել Վրաստանի հարյուրավոր քաղաքացիների։

Amnesty International կազմակերպության Թբիլիսիի գրասենյակի տնօրեն Նատալյա Նոզաձեն «Ազատություն» ռադոիակայանի վրացական ծառայությանը փոխանցել է. - «Մենք կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին շատ զգուշորեն գործել եւ զերծ մնալ մարդկանց արժանապատվությունը ոտնահարելուց: Հայտնի են դեպքեր, երբ հարցաքննությունները տեւում են մի քանի ժամ, եւ դրանց ընթացքում ընդդիմության ակտիվիստին նույն հարցն է տրվում` ինչո՞ւ են նրանք աջակցում իշխանությունների ընդդիմախոսներին։ Ավելին, մենք տեղեկություններ ունենք, որ ակտիվիստներից մի քանիսին ընդհանրապես սպառնացել են հաշվեհարդար տեսնել, եթե նրանք շարունակեն համագործակցել ընդդիմության հետ»: Այս ամենը, ըստ Amnesty International-ի ներկայացուցչի, վկայում է, որ հարցաքննությունները «քաղաքական դրդապատճառներով են թելադրված եւ նպատակ ունեն ահաբեկել ընդդիմության գործող եւ հավանական ակտիվիստներին»:

Իսկ ընդդիմության այն ակտիվիստներով, որոնք անտեսել են Վերահսկիչ պալատից ստացված ծանուցագրերը եւ հարցաքննության չեն ներկայացել, սկսել է զբաղվել երկրի ոստիկանությունը: Դա, ըստ Վրաստանի երիտասարդ իրավաբանների ընկերակցության ղեկավար Թամար Չուգոշվիլիի, օրենքի աղաղակող խախտում է. - «Վերահսկիչ պալատն իրավունք չուներ այդ գործերը փոխանցել ներքին գործերի նախարարությանը, քանի որ ընդդիմադիրներին ուղարկված ծանուցագրերում որեւէ հիշատակում չկա կոնկրետ քրեական գործի հետաքննության մասին, որի շրջանակներում էլ իրականացվում է այդ հարցաքննությունը»:

Վերահսկիչ պալատի գործողությունները օրեցօր ավելի մեծ հնչեղություն են ստանում: Դրանց արձագանքել է անգամ Թբիլիսիում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Բասը, որը Facebook-ի իր էջում գրել է. - «Վերահսկիչ պալատի գործողությունները չեն նպաստում այդ կառույցի նկատմամբ հանրային վստահության աճին, ինչպես նաեւ խաթարում են նախընտրական մրցակցային միջավայրի հանդեպ մարդկանց հավատը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG