Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը հաստատեց ցուցակները


Լուսանկարը՝ «Ժառանգության» լրատվական ծառայության

Լուսանկարը՝ «Ժառանգության» լրատվական ծառայության

«Ժառանգություն» կուսակցությունը կիրակի օրը հաստատեց մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով իր թեկնածուների, ինչպես նաեւ համամասնական ընտրակարգով իր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համատեղ ցուցակը։

«Ժառանգության» լրատվական ծառայության փոխանցմամբ, նախ կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարությամբ կայացել է վարչության ընդլայնված նիստը: Վարչությունը քննարկել եւ որոշել է կուսակցության խորհրդի քննարկմանը ներկայացնել ընտրություններին մասնակցությանը, ինչպեսեւ կուսակցության կողմից առաջադրվող մեծամասնական թեկնածուների ցանկին եւ համամասնական ցուցակին վերաբերող հարցերը:

Վարչության նիստից անմիջապես հետո տեղի է ունեցել կուսակցության խորհրդի նիստը, որի ժամանակ Հովհաննիսյանը ներկայացրել է վարչության զեկույցը Հայաստանում քաղաքական իրավիճակի մասին, խորհրդի անդամները ներկայացրել են տեսակետներ առաջիկայում` մինչեւ ընտրություններ, ինչպեսեւ մայիսի 6-ից հետո կուսակցության մարտավարության եւ ռազմավարության վերաբերյալ:

Ապա խորհուրդը քննարկել է վարչության առաջարկը ընտրություններին մեծամասնական եւ համամասնական ընտրակարգով կուսակցության մասնակցության ձեւաչափի եւ կազմի վերաբերյալ: Խորհուրդը որոշել է մասնակցել ընտրություններին եւ հաստատել է կուսակցության կողմից առաջադրվող մեծամասնական թեկնածուների 8-հոգանոց ցանկը, ապա, հաշվի առնելով «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ բանակցությունների ընթացքում ձեռք բերված համաձայնությունը` հաստատել է 101 հոգուց բաղկացած համամասնական համատեղ ցուցակը:

Թիվ 1 ընտրատարածքում «Ժառանգության» կողմից մեծամասնական ընտրակարգով առաջադրվում է Ազգային ժողովի պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը, թիվ 4-ում՝ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, թիվ 6-ում՝ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, թիվ 9-ում՝ քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը, թիվ 12-ում՝ պատգամավոր Անահիտ Բախշյանը, թիվ 20-ում՝ պատմաբան-իրավագետ, ուսուցիչ Ռոբերտ Շահբազյանը, թիվ 21-ում՝ տնտեսագետ Գագիկ Մարգարյանը, թիվ 30-ում՝ դեղագետ Գառնիկ Սահակյանը։ Մեծամասնական բոլոր թեկնածուները «Ժառանգության» անդամներ են։

Համամասնական համատեղ ցուցակը գլխավորում է Րաֆֆի Հովհաննիսյանը, երկրորդը «Ազատ դեմոկրատներ»-ի նախագահ Խաչատուր Քոքոբելյանն է, որին հաջորդում են Զարուհի Փոստանջյանը, նախկին արտգործնախարար, «Ազատ դեմոկրատներ»-ի ղեկավար անդամ Ալեքսանդր Արզումանյանը, Ռուբեն Հակոբյանը, անկուսակցական, ՄԶՄԿ-ի նախագահ Թեւան Պողոսյանը, նախկին փոխոստիկանապետ, «Ազատ դեմոկրատներ»-ի ներկայացուցիչ Մասիս Այվազյանը, Ստյոպա Սաֆարյանը, անկուսակցական, բլոգեր Իզաբելլա Աբգարյանը, անկուսակցական, հաշմանդամների «Աշխարհն առանց արգելքների» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արման Մուշեղյանը։ Ցուցակի առաջին 25 տեղերում են նաեւ «Ազատ դեմոկրատներ»-ի ղեկավար անդամ, գրականագետ Անուշ Սեդրակյանը, Անահիտ Բախշյանը, Արմեն Մարտիրոսյանը, անկուսակցական, ռադիոլրագրող Արաքս Պողոսյանը, անկուսակցական, Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը, «Ժառանգության» ներկայացուցիչ, տնտեսա-աշխարհագրագետ Հովսեփ Խուրշուդյանը, անկուսակցական, պատգամավոր Վարդան Խաչատրյանը եւ այլ գործիչներ։

Ամբողջական ցուցակները օրենքով սահմանված ժամկետում կներկայացվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով, ասված է «Ժառանգության» հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG