Մատչելիության հղումներ

Թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը (ԸԸՀ) կարող է որպես պատգամավորության թեկնածու չգրանցել Հայ ազգային կոնգրեսի անդամ, հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանին:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սամվել Յազրյանը շաբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, հանձնաժողովը Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունից գրություն է ստացել, որտեղ նշված է, որ վերջին 5 տարում Խաչատուր Սուքիասյանը մշտապես չի բնակվել Հայաստանում:

Սուքիասյանը, սակայն, պատգամավորության թեկնածու գրանցվելու համար բնակության վայրից ավելի վաղ ստացած տեղեկանք ունի, որտեղ նշված է, որ նա վերջին հինգ տարիներին ապրել է Հայաստանում: Այդ տեղեկանքը Սուքիասյանին տրամադրել է Էրեբունի վարչական շրջանի ոստիկանության անձնագրային բաժնի պետը: Գրանցման փաստաթղթերն ընդունելիս այդ տեղեկանքը հարցեր չի առաջացրել:

Այժմ, սակայն, Անձնագրային եւ վիզաների վարչությունը պնդում է, որ Խաչատուր Սուքիասյանին տրամադրված այդ տեղեկանքն անվավեր է, քանի որ, իրենց տվյալներով, վերջին 5 տարիների ընթացքում Սուքիասյանը Հայաստանում չի ապրել 10 ամիս եւ 20 օր:

Խաչատուր Սուքիասյանը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ թիվ 10 ԸԸՀ` պնդելով, որ իր ներկայացրած փաստաթղթերը անթերի են եղել: Նա նաեւ պնդել է, որ օրենքը չի նախատեսում, թե պետական մարմինը կարող է մասնակի հետ կանչել տեղեկանքը: Հետեւաբար ԸԸՀ-ն պարտավոր է առաջին տեղեկանքը գնահատել որպես «պատշաճ ապացույց»:

Հանձնաժողովի նախագահ Սամվել Յազրյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Սուքիասյանին պատգամավորության թեկնածու գրանցել-չգրանցելու հարցը վերջնականապես պարզ կդառնա մարտի 22-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում, երբ հանձնաժողովներն անցնեն թեկնածուների գրանցման գործընթացին: Ներկայացված փաստաթղթերն ուսումնասիրելիս, ըստ Յազրյանի, իրենք հիմք են ընդունելու Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության ներկայացրած վերջին տեղեկանքը, ըստ որի վերջին 5 տարում Սուքիասյանը մշտապես չի բնակվել Հայաստանում:

«Հանձնաժողովը իրավասություն չունի ոստիկանության տեղեկանքը քննարկել: Ոստիկանությունը պետական մարմին է, ես էլ եմ պետական մարմին», - հավելեց Յազրյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG