Մատչելիության հղումներ

logo-print

Փլուզվել է Վայոց ձորի մարզում գտնվող «Մոզրով»-ի քարանձավի մուտքը, ինչը, ըստ «Փրկենք Մոզրովի քարանձավը» նախաձեռնության անդամների, կարող է լուրջ հետեւանքներ ունենալ ողջ քարանձավի հետագա ճակատագրի համար: Քարանձավը ՀՀ կառավարության որոշմամբ ընդգրկված է պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում:

Հայաստանի քարանձավագիտության կենտրոնի նախագահ Սամվել Շահինյանը պատմում է, որ «Մոզրով»-ի քարանձավը մարդիկ բացահայտել են 1973 թվականին, երբ այդ հատվածում իրականացրել են ճանապարհաշինարարական աշխտանքներ. - «Նախնական փլուզումը 74 թվականին էր: Ճանապարհը սարքելիս տրակտորի ծանրությունից այնտեղ, որտեղ բարակ էր, առաստաղը փլուզվել է: Այդ փլուզումից հետո, այլ փլուզումներ չեն եղել, սակայն ճաքերը եւ կախված քարերը չափազանց շատ էին: Եթե հնարավորություն լիներ ժամանակին այդ քարերը քարաթափ անել եւ տարհանել այդտեղից, ապա վտանգները շատ ավելի քիչ կլինեին»:

Փաստորեն 74 թվականի փլուզումից հետո հետեւանքները չեն վերացվել, իսկ տարիների ընթացքում քարանձավի բաց մուտքից ներթափանցած քամիները, փոշին, ջերմաստիճանի տատանումները է'լ ավելի վնաս են պատճառել քարանձավին:

Սակայն Շահինյանը քարանձավի այսօրվա վիճակի համար մեղավորներ փնտրել չի ցանկանում, նշում է, որ դա բնականոն երեւույթների արդյունք է. - «Երբ արդեն փլուզված է, ճաքերը կա, քարերը կախված են, ջրերի այս գարնանային հալոցքի հետեւանքով թուլացել են եւ գրավիտացիայի ուժի հետեւանքով այդ ծանրությունները պետք է ընկնեին ցած»:

«Փրկենք Մոզրովի քարանձավը» նախաձեռնության անդամ Գոռ Հովհաննիսյանը նշում է, որ իրենք լինելով բնապահպաններ ու անհանգստացած լինելով քարանձավի հետագա ճակատագրով, երկու ամիս առաջ դիմել են մշակույթի նախարարություն` պահանջելով թույլտվություն քարանձավում վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար, բայց, ցավոք սրտի, մինչեւ օրս դեռ պատասխան չեն ստացել:

«Ցավոք սրտի, մշակույթի նախարարությունը հայտարարեց, որ մուտքն ընդհանրապես արգելվում է բոլորի համար, ու դա գիտեք ինչ աբսուրդ ա: Եկեք համեմատենք սենց մի բանի հետ, որ եթե Գառնու տաճարի պատը ճաքի, վերանորոգելու փոխարեն, արգելենք տուրիստների մուտքն այնտեղ: Քաnի որ մենք արդեն ֆինանսական միջոցներ ենք գտել եւ ռեսուրսներ ունենք մուտքը փակելու համար այնտեղ շինարարություն իրականացնելու, որպեսզի խոնավությունը վերականգնվի, կաթոցները սկսեն, եթե իհարկե դեռ ուշ չի, բայց մշակույթի նախարարությունն ասաց` մեկ շաբաթվա ընթացքում խումբ կկազմվի, ու դուք կսկսեք աշխատանքները: Անցել է արդեն երկու ամիս էդ աշխատանքային խումբը մինչեւ հիմա կազմվում ա, ես հույս ունեմ, որ կվերջացվի խմբի կազմավորման աշխատանքները», - նշում է Գոռը:

Հետագա քարաթափը կանխելու եւ այցելուների կյանքը չվտանգելու համար Շահինյանն առաջարկում է ինժեներական անվտանգ մեթոդներով հեռացնել փլուզման ենթակա կախված քարերը եւ մուտքի բացվածքը գմբեթաձեւ ծածկի տակ առնել, որը նաեւ կպահպանի քարանձավը:

Սակայն հաշվի առնելով, որ այդ ամենը կապված է մեծ ծախսերի հետ, Շահինյանն առաջարկում է այն հանձնել մասնավոր սեկտորին. - «Տալ չի նշանակում տալիս եմ կեր, ոնց որ Հայաստանում է ընդունված, այլ տալիս ենք եւ տալիս ենք օրենքները: Պետությունը պայմանագիր է կնքում, քանի որ դրա սեփականատերը պետությունն է եւ ասում է, որ այս, այս, այս գործընթացներն իրականացնելու համար դու մեր հետ պրոբլեմ չես ունենա, այս, այս, այս կետերը խախտելու դեպքում չափազանց լուրջ պատասխանատվության առաջ ես կանգնելու»:

Բնապահպանները համաձայն են Շահինյանի առաջարկին` միեւնույն ժամանակ խոստանալով հետեւել իրականացվող աշխատանքներին եւ ոչ բարեխիղճ շահագործման դեպքում, թեկուզ պայքարի միջոցով, բայց հետ վերցնել քարանձավը:

«Որպես բնասեր, բնապահպան` ես պետք է դեմ լինեի քարանձավները շահագործելուն, գումարով մուտքը կազմակերպելուն, բայց տվյալ դեպքում դեմ չեմ, քանի որ միակ նորմալ տարբերակը Հայաստանում դա է: Ես չգիտեմ ինչ-որ արժանի մեկին ում կարելի է տալ դա, բայց ես կոչ եմ անում գտնել ու եթե կա մարդ, ով կարող է ճիշտ օգտագործել, թող գա, վերցնի ու պետությունը թող դրան չխոչընդոտի», - նշում է Գոռը:

XS
SM
MD
LG