Մատչելիության հղումներ

Երեւանի պետական բժշկական համալսարանում այժմ սովորում է 1184 օտարերկրացի ուսանողներ 23 երկրներից: Նրանցից մոտավորապես 250-ը սփյուռքահայեր են:

«Շատ հեշտ է այստեղ սովորել, նաեւ հետաքրքիր, Հայաստանն էլ շատ սիրում եմ», - ասում է հնդիկ մի ուսանողուհի:

ԵՊԲՀ-ում օտարազգի ուսանողներից շատերը, սակայն, ասում են, որ հայերի ու իրենց միջեւ շփում համարյա չկա:

Համալսարանի հայ ուսանողներից մեկն էլ իր դրական կարծիքն արտահայտեց իրենց բուհում սովորող օտարազգի ուսանողների մասին, բայց նշեց, որ նկատել է՝ հայ ուսանողների մի խումբ չի սիրում նրանց:

ԵՊԲՀ-ի միջազգային կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում նշեց, որ բազմիցս օտարազգի ուսանողները դիմել են դեկանատ տարբեր խնդիրներով, որոնք քիչ թե շատ լուծելի են:

Երվանդ Սահակյանի խոսքով՝ իրենք օտարազգի ուսանողների ծնողների հետ միշտ կապի մեջ են լինում, պարբերաբար տեղյակ են պահում ծնողներին ուսանողների առաջադիմության ու վարքի մասին:

«Այստեղ մենակ են, ծնողներից հեռու: Իսկ երիտասարդները միշտ էլ ծնողների կամ մեծերի խորհրդի կարիքն ունեն: Լինում են նման հարցեր, անձնական հարցերով են դիմում: Աշխատում ենք, ինչքան հնարավոր է, օգնել», - հավելեց պրոռեկտորը:

Սփյուռքահայ ուսանողների հավաստմամբ՝ սկզբնական շրջանում հիմնական խնդիրներից մեկը հայերեն լեզվի բարդության խնդիրն է:

Օտարերկրացիների համար վարձավճարներն ավելի բարձր են, քան հայաստանցիների համար. ստոմատոլոգիական ֆակուլտետում՝ 1.400.000, ընդհանուր բժշկության ֆակուլտետում՝ 1.250.000, իսկ դեղագիտականում՝ 1.000.000 դրամ:

Սակայն օտարազգի ուսանողները հավաստում են, որ վարձավճարները մատչելի են, քանի որ իրենց երկրում բժշկական համալսարաններում ուսումը կրկնակի թանկ է:

Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի նախագահ Կարեն Ակոպյանը նշեց, որ Իրանից ժամանած ուսանողները Ամանորից մեկ ամիս առաջ հայրենիք մեկնելու ցանկություն են հայտնում. - «Շատ տարածված խնդիր է մանավանդ Իրանից ժամանած մեր ուսանողների մոտ, որ Նոր տարուց մի ամիս առաջ են ուզում գնալ: Այսինքն՝ թողնել քննությունները, ամեն ինչը, հետո վերջում գան, հանձնեն: Բնականաբար, նման բան լինել չի կարող»:

Հայ ուսանողներից ոմանք մեծ հաճույքով ընկերանում են օտարազգի ուսանողների հետ, սակայն ցավով նշեցին, որ իրենց հայ ընկերներից շատերը չեն ընդունում նրանց:

ԵՊԲՀ-ում ամենամյա «Բարեկամություն» փառատոնի շրջանակներում օտարազգի ուսանողները հնարավորություն են ունենում փառատոնի շրջանակներում ներկայացնելու իրենց մշակույթը, միջոցառման ժամանակ երգով, պարով, խոհանոցային ուտեստների ընտրանիով են հանդես գալիս, նաեւ ուսխորհրդարանի ռադիոհանգույցով պարբերաբար շնորհավորում են օտարազգիների տոները:

XS
SM
MD
LG