Մատչելիության հղումներ

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում շաբաթ օրը կայացավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 6-րդ արտահերթ համագումարը:

Համագումարին ներկա են երկրի նախագահ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ղեկավար ներկայացուցիչներ, հյուրեր արտասահմանից:

Իր ելույթում կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ընդգծելով գալիք խորհրդարանական ընտրություններն ազատ, արդար եւ համերաշխության մթնոլորտում անցկացնելու անհրաժեշտությունը` ասաց. - «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մենք անելու ենք հնարավորը ընտրողի քվեն պաշտպանելու համար, ընտրողների իրավունքը պաշտպանելու համար, եւ բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք մեզ հետ պատրաստ են պայքարել հանուն ազատ եւ արդար ընտրությունների, մենք համարում ենք մեր դաշնակիցներն ու գործընկերները»:

«Մեզ պետք է ոչ թե թշնամանք, այլ սթափ մրցակցության մթնոլորտ», - ընդգծեց Ծառուկյանը` հավելելով, թե առաջիկա ընտրություններից է կախված մեր երկրի հետագա ճակատագիրը. - «Հաջողության է հասնում այն երկիրը, որը կարողանում է համերաշխության մթնոլորտ ձեւավորել երկրի ներսում: Ո'չ ես, ո'չ ԲՀԿ որեւէ անդամ երբեք հանդես չենք գալու թշնամանքի դիրքերից որեւէ կուսակցության որեւէ գործչի հանդեպ: Մեր երկրի ներսում մենք չպետք է փնտրենք թշնամիներ, եւ ես ուզում եմ հավատալ, որ մայիսի 6-ի ընտրություններից մենք դուրս կգանք ավելի համախմբված: Արդար ընտրությունների անցկացման շուրջ պետք է համախմբվի ողջ քաղաքական դաշտը»:

Գագիկ Ծառուկյանի ելույթը երկար չէր, բայց առավելապես քննադատական շեշտադրումներ էր պարունակում հատկապես երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ:

«Այսօր մենք պարտավոր ենք ընդունել, որ մեր տնտեսական վիճակի կտրուկ փոփոխությունը դարձել է ազգային անվտանգության խնդիր», - ասաց նա` վկայակոչելով արտագաղթը, մանր ու միջին գործարարության համար ոչ բարենպաստ միջավայրը:

«Փաստն այն է, որ մեզանում փոքր եւ միջին բիզնեսը մնաց բառիս բուն իմաստով անտեր», - ասաց նա` շարունակելով. - «Պետք է ամեն ինչ անել, որ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը փոխվի»:

Այնուհետեւ ելույթ ունեցավ վերջերս «Բարգավաճ Հայաստան»-ին անդամագրված նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը` ավելի սուր շեշտադրումներով: Վկայակոչելով Ազգային վիճակագրական ծառայության վերջին տվյալները, ըստ որոնց Հայաստանի բնակչությունը 2011-ին կազմել է 2 միլիոն 871 հազար մարդ, նա ընդգծեց. - «Սա նշանակում է, որ մենք իջել ենք 3 միլիոնի հոգեբանական շեմից, եւ այլեւս չենք կարող ասել, որ 3-միլիոնանոց երկիր ենք, որովհետեւ չենք: Ակնհայտ է, որ եթե առաջիկա տարիներին Հայաստանում սոցիալ-տնտեսական, քաղաքական եւ բարոյա-հոգեբանական իրավիճակը կտրուկ չփոխվի, ոչ հեռու ապագայում մենք արդեն հատած կլինենք 2,5 միլիոնի շեմը: Ինչո՞ւ են մարդիկ գնում: Նրանք գնում են, որովհետեւ կորցրել են հույսը կորցրել են երկրի ապագայի նկատմամբ, որովհետեւ հոգնել են անարդարությունից, որովհետեւ չեն վստահում»:

«Մթնոլորտը փոխելու համար ընդամենը անհրաժեշտ է քաղաքական կամք, որ իշխանության եկողները իրենց անձնական շահերը մի կողմ դնեն եւ բոլորի համար հավասարապես կիրառեն Սահմանադրությունն ու օրենքները», - հայտարարեց Օսկանյանը` երկրորդ մեծ խնդիրը համարելով Ղարաբաղի խնդիրը: - «Ադրբեջանի հոխորտանքները, սահմանային ոտնձգությունները եւ պատերազմի սպառնալիքները դարձել են մեզ կաշկանդելու, հաճախ մարդու իրավունքների ու քաղաքական ազատությունների ասպարեզում մեր անգործությունն արդարացնելու եւ հետեւաբար՝ երկրի առաջընթացն ու ժողովրդավարացումը կանգնեցնելու եւ կանխարգելելու գործոններ: Մարդիկ ինձ հաճախ ասում են, թե` ունենալով Լեռնային Ղարաբաղի խնդիրը եւ պատերազմի մշտական սպառնալիքը՝ մենք չենք կարող մեզ թույլ տալ լիակատար ժողովրդավարության, լիակատար իրավունքների ու ազատությունների, լիակատար հանդուրժողականության «շռայլությունը»: Ես կասեի ճիշտ հակառակը»:

«Մեր գլխին կախված է պատերազմի վտանգը, դրա համար էլ պետք է դառնանք ժողովրդավար, ունենանք բաց մրցունակ տնտեսություն, որդեգրենք եվրոպական արժեքները մեր արժեքներին զուգահեռ եւ ինտեգրվենք եվրակառույցներին», - հավելեց Օսկանյանը` ժողովրդավարական առաջընթացը համարելով «Ղարաբաղի արդեն ինքնորոշված փաստի միջազգային ճանաչման հիմնական նախապայմաններից մեկը»:

Համագումարը երկար չտեւեց, մի քանի ելույթներից հետո հաստատվեց կուսակցության նախընտրական ծրագիրը: Ո'չ Գագիկ Ծառուկյանը, ո'չ Վարդան Օսկանյանը չպատասխանեցին լրագրողների հարցերին:
Ծառուկյանն ու հանրապետականի թիմը Սերժ Սարգսյանին ուղեկցելով հեռացան ծառայողական մուտքից: Իսկ Վարդան Օսկանյանն ասաց, որ շտապում է եւ հեռացավ:

ԲՀԿ-ին անդամակցող ՄԱԿ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանից փորձեցինք ճշտել, արդյո՞ք ընտրողի քվեն պաշտպանելու եւ այդ հարցում շահագրգիռ ուժերի հետ համագործակցելու պատրաստակամության մասին ԲՀԿ առաջնորդի հայտարարությունները վկայում են, որ Հանրապետականի կողմից ընտրությունների կեղծվելու դեպքում Ծառուկյանի գլխավորած ուժը կտեղափոխվի ընդդիմադիր դաշտ եւ կմիանա ընդդիմադիր ուժերին:

«Մենք տրամադրված ենք նորմալ, քաղաքակիրթ ընտրությունների: Սակայն եթե որեւէ մեկը կփորձի այդ նորմալ քաղաքակիրթ ընտրությունները տեղափոխի բռնցքամարտի դաշտ, մենք դրան էլ ենք պատրաստ», - ասաց Արսենյանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG