Մատչելիության հղումներ

Երեւանի ոստիկանապետ. բնապահպանների նստացույցը «անընդունելի է»


Ոստիկանապետը անընդունելի է համարում բնապահպանների նստացույցը
please wait

No media source currently available

0:00 0:03:22 0:00
Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անընդունելի որակեց Մաշտոցի այգում վրանների տեղադրումը եւ երեկոյան ժամը 10-ից հետո բնապահպան ակտիվիստների նստացույցը:

Նազարյանը վերահաստատեց, որ ոստիկանությունը բողոք է ստացել այգու հարեւանությամբ գտնվող Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնի տնօրեն, բժիշկ Գեորգի Օկոեւից:

«Չեն դիմել ոչ մի տեղ, թույլտվություն չեն ստացել: Չի կարելի նման բան ծննդատան դիմաց: Եկեք նայեք քանի հատ դիմում բողոքներ կան: Ստացիոնար բուժվող ծննդաբերող մայրեր են այնտեղ, չի կարելի նման բան: Իրենց համար գոռում, գիշերը 12-ին մագնիտոֆոն են միացնում: Բողոքների թիվը մարդկանց... հիվանդանոցի տնօրենի` Օկոեւի գրած դիմումը... իրենց էլ ասվել է, որ` ժողովուրդ ջան, մի արեք», - ասաց Ներսես Նազարյանը:

Գլխավոր բժիշկ Օկոեւը մեր այցելության պահին ծննդատանը չէր, իսկ հեռախոսով հարցերին պատասխանելուց հրաժարվեց:

Այգում հերթապահող ակտիվիստներն ասում են, որ որեւէ գրավոր բողոք չեն տեսել: Լեւոն Գալստյանի խոսքով, անցնող մեկ ամսվա ընթացքում բնապահպանները երբեւէ չեն աղմկել գիշերը:

«Միշտ փորձել ենք եւ աշխատել ենք ոչ մեկը ոչ մի օրենք չխախտի, մանավանդ գիտենալով, որ մենք գտնվում ենք ծննդատան կողքին եւ 10-11-ից հետո աշխատում ենք ինչքան հնարավոր է ավելի ցածր ձայնով կատարվի ամեն ինչը», - ասաց ակտիվիստը: - «Երբ որ գիշերը ժամը 23:30-ից հետո ինտենսիվ աշխատանքներ էին կատարվում այս նույն Մարգարյան հիվանդանոցի լուսամուտների տակ` այս կրպակներում, էլեկտրական սղոցներով եւ մյուս գործիքներով, ձայները տարածվում էին ամբողջ շրջակայքում, այդ ժամանակ բողոքող չի՞ եղել, հետաքրքիր է»:

Բնապահպան Մերի Խաչատրյանը փոխանցեց, որ այսօր բնապահպանները բողոք են ներկայացրել ոստիկանապետին, գլխավոր դատախազին, ինչպես նաեւ Հատուկ քննչական ծառայությանը` պահանջելով պատասխանատվության ենթարկել այն ոստիկաններին, ում ցուցումով մարտի 14-ի ուշ երեկոյան բնապահպանների վրանն ապամոնտաժվեց:

Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը հակադարձում է, որ վրանը ապամոնտաժելուց առաջ զգուշացրել են ակտիվիստներին, հերքեց պնդումը, թե հաշվի չեն առել, որ վրանում քնած մարդ կա եւ պատռել են այն:

«Բացարձա՛կ: Հավաքել են: Դա հավաքովի վրան է: Խփած չէ գետնին, որ պոկեն: Ոչ մի ճղել, ոչ մի քաշել, նման բան չի եղել: Եվ իրենց էլ նախապես խնդրել են, որ` հավաքեք, մի խանգարեք աշխատանքներին: Թույլ ենք տվել մի օր` բերեցիք, դրեցիք: Բայց պետք չէ չափն անցնել, կենտրոնում դնել այդ վրանը: Բայց սկսել են արդեն չարաշահել, սկսել են` երկրորդն ենք ուզում դնել, երրորդը...», - ասաց Ներսես Նազարյանը:

Հակադարձելով Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի երեկվա հայտարարությանը, թե ոստիկանների կողմից հարուցվող խոչընդոտները իրավաչափ չեն եւ պետք է վերականգնվի ցուցարարների` մեկ վրան ունենալու իրավունքը, Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանն ասաց, թե տեղը հարմար չէ, որպեսզի բողոքի միջոցառում անցկացվի:

«Նորմալ չէ, եւ տեղն էլ հարմար չէ, եւ այնտեղ անցկացրեցին բողոքը իրենց, դատարան է տվել «Ժառանգությունը», թող սպասեն` դատարանով լուծեն: Այսպես չի կարելի», - ասաց ոստիկանապետը: - «Ոստիկանները այս երկու ամիս է իրենց պահում են, որ այնտեղ որեւէ ընդհարում չլինի, որեւէ լարում չլինի, մարտի 8-ին ծաղիկներ են իրենց նվիրում»:

Ոստիկանությունը այսօր հայտարարությամբ է հանդես եկել` ընդգծելով, որ կարեւորում է հանրության ներկայացուցիչների տեսակետները նաեւ այն դեպքում, երբ չի կիսում դրանք, ուստի առաջարկում է շահագրգիռ կողմերին վաղը կլոր-սեղան քննարկում անցկացնել ոստիկանության գործողությունների իրավաչափության վերաբերյալ:

Հիշեցնենք, նման մի քննարկում էլ ոստիկանությունը նախաձեռնել էր երկու շաբաթ առաջ, սակայն ակտիվիստները հրաժարվեցին մասնակցել:

Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը այսօր այգում ակտիվիստների հորդորում էր անպայման ներկա լինել քննարկմանը:

«Միջազգային փորձագետներ են լինելու, իրավաբաններ, իրավապաշտպաններ: Շատ ցանկալի է, որ մասնակցեք: Ինչ կունենաք` կասեք: Մեզանից էլ բողոքեք, բողոք կա` բողոքեք, պրոբլեմ չկա: Մասնակցելու է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանը», - ասում էր Ռոբերտ Մելքոնյանը:

please wait

No media source currently available

0:00 0:05:20 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG