Մատչելիության հղումներ

Արթիկում կոալիցիոն բոլոր ուժերը թեկնածուներ են առաջադրել


Շիրակի մարզի Արթիկ եւ Մարակի քաղաքները իրենց հարակից գյուղերով ընդգրկող թիվ 36 ընտրատարածքում կոալիցիոն երեք ուժերի թեկնածուները իրար դեմ կպայքարեն մեծամասնական ընտրակարգով պատգամավորի աթոռի համար:

Թիվ 36 ընտրատարածքային հանձնաժողով արդեն իսկ փաստաթղթեր են ներկայացրել «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչ Մուշեղ Պետոյանը եւ Հանրապետականի ներկայացուցիչ Մխիթար Վարագյանը: Երկուսն էլ Ազգային ժողովի պատգամավորներ են՝ առաջինը համամասնականով, մյուսը՝ մեծամասնականով:

ԱԺ-ի նախորդ ընտրություններում եւս այս երկու թեկնածուները միմյանց դեմ էին մրցակցում, սակայն հաղթեց Մխիթար Վարագյանը, ով օրերս է համալրել Հանրապետականի շարքերը, թեպետ միշտ այդ քաղաքական ուժն է նրան սատարել: Իսկ Մուշեղ Պետոյանը, ով Ներքին գործերի համակարգի նախկին աշխատող է, ընդամենը անցած տարվա նոյեմբերից է ԲՀԿ-ի համամասնական ցուցակով դարձել պատգամավոր:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Վարագյանն ասաց, թե «ժողովրդի պահանջով» է որոշել երրորդ անգամ առաջադրել իր թեկնածությունը: Դիտարկմանը, թե մարդիկ իրեն չեն տեսնում ԱԺ-ի ամբիոնից հարց բարձրացնելիս, Վարագյանը ասաց. - «Հարցերը հիմնականում լուծում ենք առանց ամբիոնից բարձրացնելու»:

«Կարծում եմ, որ այս ընտրապայքարը ամենահեշտն է լինելու՝ [իմ] կատարած աշխատանքների համար», - ասաց Վարագյանը, ում եղբայրը Արթիկի գործող քաղաքապետն է:

Մյուս թեկնածուն՝ ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանը, մինչ իր փաստաթղթերը ընտրատարածքային հանձնաժողով ներկայացնելը այցելել էր եկեղեցի, ստացել քահանային օրհնությունը:

«Ես հավատքով մարդ եմ, միշտ էլ ինչ-որ կարեւոր իրադարձության ժամանակ փորձում եմ տիրոջ օգնությունը ստանալ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Պետոյանը:

Պետոյանի խոսքով՝ ինքը երկորդ անգամ առաջդրվելու որոշումը միանձնյա չի կայացրել. - «Դա միայն իմ որոշումը չէ, մեր կուսակցության քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել»:

Պետոյանն ասաց, որ պայքարը երեք թեկնածուների միջեւ թեժ կլինի, սակայն բացառեց, որ նախորդ ընտրությունների նման այս անգամ եւս Արթիկում միջադեպ կգրանցվի:

«Այն ժամանակ փորձ քիչ ունեինք, հիմա արդեն ուրիշ է», - ասաց նա՝ հավելելով, որ ինքը միանշանակ հաղթելու է:

Կոալիցիոն երրորդ ուժի՝ «Օրինաց երկրի» ներկայացուցիչը Շիրակի մարզի Մեղրաշեն համայնքը արդեն 15 տարի ղեկավարող Հունան Պետրոսյանն է:

«Ես Ազգային ժողովում չեմ տեսնում որեւէ պատգամավորի, ով լավ պատկերացնում է ֆերմերի, գյուղի հոգսերը, գյուղացու արտադրանքի հետագա ճակատագրի մասին պատկերացում ունի: Մարդիկ, քաղաքում նստած, լավ պատկերացում չունենալով գյուղի մասին, օրենքներ են ստեղծում: Ֆերմեր լինելով, գյուղատնտեսության մեջ աշխատելով՝ ես ավելի լավ եմ պատկերացնում, թե ինչ պետք է անեմ Ազգային ժողովում», - ասաց Պետրոսյանը:

Ի դեպ, Պետրոսյանի եղբայրն էլ Արթիկի ոստիկանապետն է, սակայն, թեկնածուի խոսքով՝ այս հանգամանքը «ոչ թե օգնում, այլ խանգարում է իրեն»:

«Կոալիցիոն բոլոր ուժերը կան այստեղ, բոլորն էլ իշխանությունների թեկնածուներն են, կոնկրետ ես չեմ ակնկալում ուժային որեւէ կառույցի օժանդակություն, ես իմ թեկնածությունը առաջադրում եմ որպես Պետրոսյան Հունան: Չկա «դաբրոյի» հասկացողություն», - ասաց նա:

Այս ընտրատարածքում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) եւս թեկնածու կունենա: Թե ՀԱԿ-ից ով կպայքարի կոալիցիոն երեք ուժերը ներկայացնող պատգամավորության թեկնածուների հետ, պարզ կդառնա առաջիկա օրերին:

please wait

No media source currently available

0:00 0:04:28 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG