Մատչելիության հղումներ

«Դաշինքի հարցը լուծված է 99 տոկոսով»


Անուշ Սեդրակյանը, Ալեքսանդր Արզումանյանը եւ Խաչատուր Քոքոբելյանը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համագումարի նախագահությունում:

Անուշ Սեդրակյանը, Ալեքսանդր Արզումանյանը եւ Խաչատուր Քոքոբելյանը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համագումարի նախագահությունում:

«Դաշինքը խոչընդոտող որեւէ բան մեզ մոտ գոյություն չունի», - կառավարության նիստերի մեծ դահլիճում այսօր տեղի ունեցած «Ազատ դեմոկրատներ» կուսակցության երկրորդ (արտահերթ) համագումարից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց «Ազատ դեմոկրատների» վարչության անդամ Արարատ Զուրաբյանը` շարունակելով. - «Որեւէ հարց չկա, որ խոչընդոտում է, որ մենք միասնաբար հանդես գանք: Կա զուտ մի տեխնիկական խնդիր. «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նիստը տեղի է ունենալու ամսի 18-ին, որին հետո ֆորմալ մասը կապահովվի, եւ, մենք կարծում ենք, կհայտարարենք սրա մասին: Հիմա կարող եք հարցնել` հնարավո՞ր է, որ հանկարծ չհայտատարերեք: Ոչինչ չեմ ուզում կյանքում բացառել, բայց ուզում եմ ասել հետեւյալը` 99 տոկոսով այդ խնդիրը լուծված է»:

Ինչ վերաբերում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համագումարում այսօր կայացված որոշմանը, ապա համագումարի մասնակիցների գերակշիռ մասը որոշեց, որ նախ` կուսակցությունը պետք է մասնակցի մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, եւ բացի այդ` համագումարը լիազորեց կուսակցության վարչությանը հստակեցնել ձեւաչափը, թե ինչպես պետք է «Ազատ դեմոկրատները» մասնակցեն ընտրություններին: Առաջիկա օրերին կուսակցության վարչությունն այդ նպատակով նիստ է անցկացնելու, ուր եւ կկայացվի վերջնական որոշումը:

Հայտնի է, որ «Ժառանգության» վարչությունը նույն հարցով նիստ է անցկացնելու այս կիրակի:

«Ես կարծում եմ, որ գործընթացը ունի իր ազատ մեկնությունները տարբեր անհատների ու ուժերի կողմից: Կարեւորը, որ մենք լինենք հետեւողական, հաստատակամ, եւ ես հավատացած եմ, որ մենք այդ նպատակին կհասնենք», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Համագումարին հետեւած ասուլիսին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը հայտարարեց հետեւյալը. - «Պետք է մեր ցուցակում, բացի կուսակցական գործիչներից, ընդգրկված լինեն նաեւ հանրային սեկտորը ներկայացնող մարդիկ, որոնք ոչ պակաս ներդրում ունեն այսօրվա հասարակական կյանքում»:

«Ես իրոք գտնում եմ, որ թե' «Ազատ դեմոկրատներ»-ում, թե' «Ժառանգություն»-ում կան մարդիկ, որոնք կարող են գլխավորել ցուցակը: Բայց ես անձնապես, եւ հուսով եմ, որ այդ կարծիքին եմ իմ ընկերների հետ միասին, մենք կարծում ենք, որ ճիշտ կլինի, որ ցուցակը գլխավորի Րաֆֆի Հովհաննիսյանը», - հայտարարեց Խաչատուր Քոքոբելյանը:

Համագումարին հրավիրված չէին իշխող կուսակցությունները` ՀՀԿ-ն, «Բարգավաճ Հայաստան»-ը եւ «Օրինաց երկիր»-ը:

«Մենք գտել ենք, որ մենք հրավիրել ենք այն քաղաքական ուժերին, որոնք, մեր պատկերացմամբ, չեն խոչընդոտում այսօրվա Հայաստանի Հանրապետության ժողովրդավարացման ընթացքին», - փաստարկեց Քոքոբելյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG