Մատչելիության հղումներ

logo-print
«Նման չեմ մարդու, որին կարող են պարտադրել: Պարտադրված կուսակցականը ոչ ոքի պետք չի», - այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Նշելով, որ արդեն ավելի քան մեկ տարի աշխատում է «մի քաղաքական թիմում, իրականացնում որոշակի ծրագրեր»` նախարարն ասաց, որ անցած ժամանակահատվածը բավարար էր որոշում կայացնելու համար. - «Եվ եթե շարունակում ես, [եթե] համահունչ են քո ծրագրերը այդ քաղաքական ուժի հետ, ապա կուսակցական դառնալը քեզ լրացուցիչ հնարավորություններ է տալիս մասնակից դառնալու նաեւ այն քաղաքական որոշումներին, այն կուրսի, ընթացքի որոշմանը, որոնք վերաբերելու են նաեւ այն ոլորտին, որը դու ղեկավարում ես: Պայմանավորված էր դրանով»:

Հարցին, թե հնարավոր չէր արդյոք պաշտոնավարել` առանց կուսակցական դառնալու, Թովմասյանը արձագանքեց. - «Դուք չեք տեսնի քաղաքական համակարգում, բացառությամբ այն կառավարությունների, որոնք տեխնոկրատ կառավարություններն են կամ անցումային փուլի կառավարություններն են… մնացած պարագաներում դու գործ ունես քաղաքական կուսակցությունների հետ, որտեղ քաղաքական կուսակցություններն են որոշում այդ ծրագիրն ու քաղաքականությունը: Այն քաղաքական ուժը, որը մեծամասնություն է ստացել, նա էլ որոշում է: Հետեւաբար դու, որպես տեխնոկրատ, այդ ոլորտի քաղաքականությունը վարող, դու երկար ժամանակ, կարծում եմ, չես կարող»:

Թովմասյանն ասաց, որ կիսում է Հանրապետական կուսակցության գաղափարախոսությունը. - «Ինձ վաղուց են մեղադրում նժդեհյան խոսքերը ցիտելու կամ դրանք շատ լավ իմանալու համար»:

Իսկ հարցին, թե ինչու հենց հիմա` խորհրդարանական ընտրություններից առաջ անդամագրվեց ՀՀԿ-ին, նախարարը պատասխանեց. - «Քաղաքական պրոցեսներ են, համագումար, դիմացը ընտրություններ. որոշում կայացնելու լավ առիթ, լավ ժամանակ»:

Հանրապետական կուսակցության անդամանատոմսը Հրայր Թովմասյանը կստանա, հավանաբար, այսօր երեկոյան:

XS
SM
MD
LG