Մատչելիության հղումներ

Ղարաբաղի հարցով երկու տասնամյակ շարունակվող բանակցություններն ու սառեցված հակամարտությունը լուրջ վտանգ են տարածաշրջանային խաղաղության համար, համոզված է «Քարնեգի» հիմնադրամի փորձագետ Թոմաս դե Վաալը:

Ադրբեջանական ընդդիմադիր Obyektiv TV ինտերնետ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում բրիտանացի վերլուծաբանը նշել է. - «20 տարին շատ վտանգավոր ժամկետ է, քանի որ մարդիկ սկսում են մոռացության մատնել պատերազմի ավերածությունները: Ավելին, երիտասարդ սերնդի շատ ներկայացուցիչներ սկսում են մտածել, որ կարելի է պատերազմական գործողություններով խնդիրներ լուծել: Հարկ է արձանագրել, որ անպտուղ բանակցությունների երկու տասնամյակից հետո նման տրամադրությունները [Ադրբեջանում] իրոք առկա են»:

Նա, սակայն, խորհուրդ է տալիս ադրբեջանական իշխանություններին եւ հանրությանը այդ տրամադրություններին տուրք չտալ` զգուշացնելով, որ հակառակ պարագայում հայ - ադրբեջանական հակամարտության գոտում կարող է կրկնվել այն ամենը, ինչ կատարվեց Հարավային Օսիայում 2008-ի օգոստոսին:

«Հարկ է հիշել, թե ինչպես Վրաստանում 2008 թվականի պատերազմի ժամանակ բոլորին թվում էր, թե մեկ-երկու օրում հնարավոր է լուծել բոլոր խնդիրները: Առաջին օրը նույնիսկ էյֆորիկ տրամադրություններ կային, բոլորին թվում էր, թե Ցխինվալին արդեն գրավել են: Հետագայում, սակայն, տեղի ունեցավ այդ արյունալի ջարդն ու ստեղծվեց մի վատ իրավիճակ, որն այսօր էլ առկա է: Ես չէի ցանկանա, որ նման իրադրություն ստեղծվեր նաեւ Լեռնային Ղարաբաղում», - նշում է Թոմաս դե Վաալը:

Բրիտանացի վերլուծաբանը, սակայն, չի կարծում, որ սառեցված հակամարտություների առատության պայմաններում ռազմական դաշինքներում ներգրավվածությունը կարող է դառնալ Հարավային Կովկասում անվտանգություն ապահովելու լավագույն միջոցը:

«Ես դեմ եմ ՆԱՏՕ-ի ընդլայնմանը դեպի Հարավային Կովկաս։ Ես կարծում եմ, որ Կովկասը` գտնվելով Արեւմուտքի եւ Արեւելքի, Իրանի եւ Ռուսաստանի միջեւ, ավելի չեզոք պայմաններում պետք է գտնվի: Իմ համոզմամբ, ՆԱՏՕ-ի ներկայությունը Հարավային Կովկասում առաջացնելու է Ռուսաստանի դժգոհությունը, այնպես ինչպես ռուսական ռազմաբազաների` Հայաստանում տեղակայված լինելու փաստը նյարդայնացնում է Ադրբեջանին ու Վրաստանին», - նկատում է դե Վաալը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG