Մատչելիության հղումներ

Ներսես Նազարյան. «Նորմալ չի եւ տեղն էլ հարմար չի»


Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյան
Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյան
Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «անընդունելի» որակեց Մաշտոցի այգում վրանների տեղադրումը եւ գիշերվա ժամը 10-ից հետո վրաններում բնապահպան ակտիվիստների նստացույցը:

«Չեն դիմել ոչ մի տեղ, թույլտվություն չեն ստացել` չի կարելի նման բան։ Ծննդատան [Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնի] դիմաց, եկեք նայեք` քանի հատ դիմում-բողոքներ կա, եւ ծննդատնից` ստացիոնար բուժվող, ծննդաբերող մայրեր են էնտեղ, չի կարելի նման բան։ Իրենց համար գոռում, գիշերը 12-ին մագնիտոֆոն միացնում, բողոքների թիվը մարդկանց, էդ հիվանդանոցի տնօրենի` [Գեորգի] Օկոեւի գրած դիմումը... Իրենց էլ ասվել է, որ «ժողովուրդ ջան` մի արեք, արեցիք մինչեւ ժամը 10-ը` չի կարելի, 10-ից հետո մի արեք դա», - ասաց Երեւանի ոստիկանապետը։

Նազարյանը հերքեց բնապահպան ակտիվիստների ահազանգն ու հայտարարությունները, որ մարտի 14-ի երեկոյան ոստիկանները պատռել են նրանց վրանը եւ ապամոնտաժելիս նույնիսկ ուշադրություն չեն դարձրել, որ ակտիվիստ Բայանդուր Պողոսյանը մեջը քնած է։

Ակտիվիստները, հիշեցնենք, երեկ պահանջում էին պատասխանատվության ենթարկել Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին։

«Ոչ մի ճղել, ոչ մի քաշել, ոչ մի պոկել` նման բան չի եղել, եւ իրենց էլ նախապես խնդրել են, որ «հավաքեք, մի խանգարեք աշխատանքին, թույլ ենք տվել` մի օր բերեցիք, դրեցիք, բայց պետք չի չափն անցնել, պետք չի կենտրոնում դնել էդ վրանը», բայց սկսել են արդեն չարաշահել, սկսել են` «երկրորդ ենք ուզում, դնել, երկրորդը, երրորդը...», - նշեց Երեւանի ոստիկանապետը։

Նրա հավաստմամբ` ոստիկանների գործողությունները եղել են իրավաչափ. - «Բացարձակ, բացարձակ, հավաքել են` դա հավաքովի վրան է ինքը, խփած չի գետնին, որ պոկեն-հանեն, դա դրված է ուղղակի։ Ոստիկանները, փառք Աստծո, այս երկու ամիս է իրենց պահում էին, որ էնտեղ որեւէ ընդհարում չլինի, որեւէ լարում չլինի, մարտի 8-ին ծաղիկներ են իրենց նվիրում»։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հինգշաբթի երեկոյան ոստիկանությանը կոչ է արել վերականգնել Մաշտոցի պուրակում խաղաղ ցուցարարների մեկ վրան ունենալու իրավունքը, ոստիկանների կողմից հարուցվող խոչընդոտները որակելով «ոչ իրավաչափ»։

Մինչդեռ Երեւանի ոստիկանապետի կարծիքն այս հարցի վերաբերյալ այլ է. - «Նորմալ չի եւ տեղն էլ հարմար չի, եւ էնտեղ անցկացրեցին բողոքը իրենց, դատարան են տվել` «Ժառանգություն»-ը, թող սպասեն` դատարանով լուծեն, մյուս լուծեն, այսպես չի կարելի էլի»։

Բնապահպանները, այդուհանդերձ, այսօր էլ են գիշերել Մաշտոցի այգում` արդեն առանց վրանի։ Նրանք ուրբաթ օրը կորոշեն իրենց հետագա անելիքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG