Մատչելիության հղումներ

Մարտի 16-ի մամուլ


«Ժամանակ»-ը գրում է. - «Իշխանությունը մի կողմից խոսում է հավատի ու փոփոխությունների մասին, գործարարությունն ու խորհրդարանը տարանջատելու մասին, մյուս կողմից` ընտրությունների է գնում անուններով, որոնք ոչ միայն հավատ չեն ներշնչում, այլեւ նույնիսկ հակառակ զգացումներն են առաջացնում հասարակության մեջ։ Այս ամենը վկայում է, որ Հայաստանի իշխանությունն անցել է արդեն բարոյական բոլոր հնարավոր արգելքները եւ առանց արգելակների արդեն առաջ է սլանում։ Բայց այդ սլացքը նմանվում է ոչ թե տիեզերք թռչող հրթիռի, այլ դեպի անդունդը արշավող մեքենայի»։

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը Հայ ազգային կոնգրեսի պետաիրավական հարցերով հանձնախմբի կոորդինատոր, իրավական աջակցության կենտրոնի ղեկավար Գագիկ Ջհանգիրյանից հետաքրքրվել է, թե «ի՞նչ ներգրավվածություն են ունենալու ՀԱԿ-ի համամասնական ցուցակում մարտյան ողբերգական դեպքերի արդյունքում քաղբանտարկյալ դարձած գործիչները»։ Ջհանգիրյանը պատասխանել է, որ նրանք կլինեն ե՛ւ ՀԱԿ-ի համամասնական ցուցակում, ե՛ւ կառաջադրվեն մեծամասնական ընտրակարգով։ Բայց բոլորը` 100-ից ավելի քաղբանտարկյալները, չեն կարող լինել, շարունակել է Ջհանգիրյանը: «Եթե ցուցակում լինեն միայն քաղբանտարկյալները, ուրեմն այդ ցուցակում ուրիշ որեւէ այլ անձ չպետք է լիներ: Բացի քաղբանտարկյալներից, կան քաղաքական ուժեր կամ անհատներ, որոնք պետք է ներկայացված լինեն այս ցուցակում», - ասել է Ջհանգիրյանը:

«Առավոտի» խմբագրականն անդրադառնում է ՀՀԿ-ի համամասնական ցուցակին: Թերթը գրում է, թե այդ ցուցակից հարձակումների թիրախ կդառնա, բնականաբար, Վիկտոր Դալլաքյանը: - «Բայց եթե հարցին մոտենանք առանց ավելորդ էմոցիաների, ապա օրենսդրական տեխնիկային քաջածանոթ գրագետ մարդուն իր շարքերում ունենալը ձեռնտու է ՀՀԿ-ին», - հավելում է «Առավոտ»-ի խմբագիրը:

«Իրատես de facto»-ի հետ զրույցում Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը ասել է. - «Մեր ընտրությունները միջազգային դիտորդները գնահատել են մեկ քայլ առաջ ժողովրդավարության ճանապարհին։ Այսօր մեզ մեկ քայլ առաջը չի բավարարում, մեզ պետք է հստակ թռիչք այդ ուղղությամբ»։

«Հայոց աշխարհ»-ը զրուցել է «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանի հետ: - «Մեր կուսակցությունը երբեք ընտրակաշառք չի բաժանել եւ չի էլ բաժանելու: ժողովուրդը մշտապես քվեարկել է կուսակցության օգտին` հաշվի առնելով այն վիթխարի աշխատանքը, որը մենք իրականացրել ենք, քվեարկել են մեր ծրագրերի ու գաղափարների օգտին»,- ասել է Բիշարյանը: Նա նաեւ ասել է, թե «Օրինաց երկիրը» օրենքի երկիր, լավ Հայաստան կառուցելու գործում ունի ոչ միայն բավարար վստահություն, այլեւ դրան հասնելու մեծ համոզմունք ու վճռականություն»:

«ժողովուրդ» օրաթերթն էլ անդրադառնում է ընդդիմությանը. - «Սերժ Սարգսյանին հաջողվել է ձեւավորել մի իրավիճակ, որտեղ, ըստ էության, չկան արմատականորեն ընդդիմադիր քաղաքական ուժեր»,- գրում է թերթը: «ժողովուրդը» Սերժ Սարգսյանի համար ամենաանողոք ընդդիմությունն է համարում նրա պաշտոնավարության արդյունքում ստեղծված իրավիճակը` աղքատության աճը, արտագաղթը, համատարած կոռուպցիան եւ տնտեսության անմխիթար վիճակը:

«Ինչպե՞ս վարվեն TV-ները», - այս հարցը տվել է «Երկիր»-ը եւ գրել. - «Հանրապետականին անդամագրված եւ համամասնական ցուցակում իր տեղն ապահոված երգչուհի Շուշան Պետրոսյանը Դաշնակցությանը նվիրված բազմաթիվ երգերի կատարումներ ունի։ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը երեկ հրապարակել է նախընտրական քարոզչության ժամանակահատվածում հավասար պայմաններ ապահովելու մեթոդաբանությունը, ըստ որի, ի թիվս այլ կետերի, դիտարկվելու է նաեւ «տեսահոլովակներում, որոնք նվիրված չեն ընտրությունների լուսաբանմանը, նախընտրական քարոզչություն իրականացնելու հանգամանքի առկայությունը»։ «Երկիր»-ը գրում է` «Ինչպե՞ս վարվեն հեռուստաընկերությունները, եթե հանկարծ անհրաժեշտություն առաջանա եթեր հեռարձակել հանրապետական Շուշան Պետրոսյանի որեւէ այլ թեմայով (ասենք, «Կոմսոմոլ տղեն») երգած երգը, եւ ինչպե՞ս վարվի «Երկիր Մեդիան», եթե սրտանց շատ է ուզում հեռուստադիտողներին գոտեպնդել, ասենք, «Մեզ համար զոհ գնացին դաշնակցական վեհ քաջեր» երգը եթեր հեռարձակելով»։

please wait

No media source currently available

0:00 0:04:09 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG