Մատչելիության հղումներ

Ծառուկյանը մեծամասնականով թեկնածությունը առաջադրեց


Հայաստան - Գագիկ Ծառուկյանը ելույթ է ունենում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարում, արխիվ

Հայաստան - Գագիկ Ծառուկյանը ելույթ է ունենում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարում, արխիվ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է թիվ 28 ընտրատարածքում: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից (ԿԸՀ): Ծառուկյանը 2007-ին էլ էր Աբովյան քաղաքն ու մերձակա ինը համայնքները ընդգրկող թիվ 28 ընտրատարածքից ընտրվել: Ծառուկյանն առայժմ այս ընտրատարածքում առաջադրված մրցակիցներ չունի:

ԿԸՀ վերջին տվյալներով՝ ԲՀԿ-ն արդեն մեծամասնական 14 թեկնածուներ է առաջադրել, որոնցից 7-ը հանրապետական մրցակիցներ ունեն:

ԲՀԿ-ի ղեկավար անդամ Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց կուսակցությունը մեծամասնականով առաջադրումները դեռ շարունակելու է։ Թեկնածուների վերջնական թիվը նա չհրապարակեց, բայց նշեց, որ կոալիցիոն գործընկերների թեկնածուների հետ նույն ընտրատարածքներում առաջադրումներ էլի կլինեն։ Հանրապետականը, ինչպես հայտնի է, մեծամասնականով 33 թեկնածուներ է առաջադրում:

«Բացարձակապես նորմալ է, որովհետեւ ընտրատարածքները որեւէ մեկի սեփականությունը չեն: Ընտրությունը պետք է կատարի ժողովուրդը: Դա միանգամայն նորմալ ընտրական գործընթաց է», - ասաց Զոհրաբյանը:

Այս պահի դրությամբ, թիվ 3 ընտրատարածքում ԲՀԿ գործող պատգամավոր Աշոտ Տոնոյանը կմրցի հանրապետական Արթուր Ստեփանյանի հետ: Թիվ 6 ընտրատարածքում Աջափնյակի թաղապետ Ռուբեն Հովսեփյանի դեմ ԲՀԿ-ն առաջադրել է «Վասանավի» ՍՊԸ-ի տնօրեն Վահան Կարապետյանին: Թիվ 9 ընտրատարածքում ԲՀԿ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանն առաջադրվել է ՀՀԿ գործող պատգամավոր Ռուբեն Սադոյանի դեմ: Թիվ 14 ընտրատարածքում առաջադրված են «Տիգրան Մեծ» ընկերության ղեկավար, հանրապետական Վրեժ Մարկոսյանն ու ԲՀԿ-ական Բազմասեր Առաքելյանը: Թիվ 36 ընտրատարածքում միմյանց հետ մրցելու են ՀՀԿ եւ ԲՀԿ գործող պատգամավորներ Մխիթար Վարագյանն ու Մուշեղ Պետրոսյանը: Թիվ 16 ընտրատարածքում հանրապետական Մուրադ Մուրադյանը կմրցի ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ստեփանյանի հետ: Իսկ թիվ 27 ընտրատարածքում ԲՀԿ պատգամավոր Մուրադ Գուլոյանը այսօր առաջադրվել է հանրապետական Համլետ Հայրապետյանի դեմ:

Նաիրա Զոհրաբյանը փոխանցեց, որ առաջադրումները կշարունակվեն մինչեւ հաջորդ շաբաթվա սկիզբը: «Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով` ԲՀԿ-ի մեծամասնական թեկնածուների թիվը ՀՀԿ-ի թեկնածուների թվից շուրջ մեկ տասնյակով պակաս է լինելու:

Զոհրաբյանը «անհեթեթ» համարեց կոալիցիոն գործընկերոջ հետ «ինչ-ինչ պայմանավորվածությունների մասին խոսելը»:

Այդ դեպքում, արդյո՞ք ընտրատարածքներում կոալիցիոն գործընկերների` միմյանց դեմ թեկնածուներ առաջադրելը 2011-ի փետրվարի 17-ին ստորագրված կոալիցիոն հուշագրի պահանջների խախտում չէ. հուշագրում ամրագրված է, որ «կոալիցիոն կուսակցությունները միասնական են եւ նպատակ չունեն գալիք խորհրդարանական ընտրություններում իրենց քաղաքական կշիռն ավելացնել միմյանց դեմ պայքար ծավալելու հաշվին»։

«Ես կարծում եմ` ոչ, դա նորմալ է, որովհետեւ ընտրությունն ինքնին մրցակցություն է, հակառակը կլիներ անտրամաբանական: Եվ այստեղ կարեւորն այն է, որ մրցակցային հավասար դաշտ ապահովվի բոլոր թեկնածուների համար», - նշեց Նաիրա Զոհրաբյանը:

Նաիրա Զոհրաբյանը «ոչ կոռեկտ» համարեց Հանրապետականի մեծամասնական թեկնածուների մասին խոսելը: Ինչ վերաբերում է նրանց հետ ԲՀԿ-ի մրցունակությանը, նա հայտարարեց, որ «իրադարձություններից առաջ պետք չէ ընկնել»:

Հանրապետականը եւս շարունակում է հերքել, որ կոալիցիոն գործընկերների միջեւ մեծամասնականի տեղերը ներքին կարգով բաշխված են:

«Քվոտավորման գնում են ՍՊԸ-ները: Հանրապետականը ոչ բաց բաժնետիրական, ոչ էլ փակ բաժնետիրական ընկերություն է: Հանրապետականը քաղաքականության մեջ առաջնորդվում է քաղաքական խաղի կանոններով եւ, բնականաբար, որեւէ քվոտավորում չի կարող լինել: Մենք ազատ արդար մրցակության կողմնակից ենք», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց ԱԺ-ի փոխնախագահ, ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Շարմազանովը հույս հայտնեց, որ կլինի նորմալ ընտրապայքար, այլ ոչ թե տարբեր ուժերի թիմակիցների միջեւ «առճակատում»՝ ընդգծելով, որ ընտրությունը քաղաքական գործընթաց է, ոչ թե «առճակատման առիթ»: Բայց միաժամանակ նա շարունակում է մնալ այն համոզման, որ Հանրապետականը ընտրություններում հիմնական ֆավորիտն է լինելու:

«Ես չեմ ասում, որ մենք 33 ընտրատարածքներում էլ կհաղթենք, բայց գոնե որտեղ մեծամասնականով առաջադրել ենք, ակնկալում ենք, որ լուրջ հաջողություն կլինի: Անկախ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, «Ժառանգության», «Ազատ դեմոկրատների», Դաշնակցության եւ այլ քաղաքական ուժերի նկրտումներից, ամբիցիաներից եւ ցանկություններից, Հանրապետական կուսակցությունը մնում է խորհրդարանական ընտրությունների հաջողության հասնելու հիմնական ֆավորիտը», - ասաց նա:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG