Մատչելիության հղումներ

Հայաստանը հրավեր է հղել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին


ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը ղեկավար Անդրեյ Սորոկինը եւ Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը ստորագրում են հուշագիրը:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը ղեկավար Անդրեյ Սորոկինը եւ Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը ստորագրում են հուշագիրը:

Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար Հայաստանը հրավեր է հղել Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակին (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ):

Հրավերը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան ասաց ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, ուղարկել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

ԱԺ ընտրություններում դիտորդական առաքելություն են իրականացնելու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի 24 երկարաժամկետ եւ 250 կարճաժամկետ դիտորդներ: Դիտորդների առաջին խումբը Երեւան կժամանի հաջորդ շաբաթ:

Լրագրողների հետ հանդիպմանը Անդրեյ Սորոկինը հույս հայտնեց, որ ընտրությունների արդյունքները եւ դիտորդների գնահատականը դրական կլինեն:

«Այս ընտրությունները Հայաստանի համար քննություն են», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Օնո Սիմոնսը` հավելելով. - «Եթե ամեն ինչ այնքան վատ ընթանա, որ Հայաստանը չկարողանա հանձնել այդ քննությունը, դա կազդի Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունների վրա, քանի որ Եվրամիությանն ակնկալում է, որ առաջիկա ընտրությունները պետք է լինեն ազատ, արդար, թափանցիկ»:

Սիմոնսը հիշեցրեց, որ նախորդ տարվանից Եվրամիությունը Արեւելյան գործընկերության ծրագրի մաս կազմող երկրների համար որդեգրել է «Ավելին` ավելիի համար» քաղաքականությունը, եւ հավելեց, որ վատ ընտրություններ անցկացնելու դեպքում Հայաստանը չի կարողանա հավակնել ավելիին:

Արեւելյան գործընկերության ծրագրում, հիշեցնենք, ընդգրկված են նախկին Խորհրդային միության 6 երկրներ` Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Բելառուսը, Ուկրաինան եւ Մոլդովան:

Հայաստանում Ասոցացման համաձայնագրի կնքումը կապվում է նաեւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում արձանագրելիք առաջընթացի հետ: Եվրոպական կառույցների տարբեր պաշտոնյաներ բազմիցս հայտարարել են, որ մայիսին կայանալիք ԱԺ ընտրությունները Հայաստանի համար փորձաքար են դառնալու:

Օնո Սիմոնսը բերեց Ուկրաինայի օրինակը, երբ ազատ առեւտրի շուրջ բանակցությունները շատ երկար տեւեցին, եւ Ասոցացման համաձայնագիրը դեռեւս չի կնքվել, քանի որ եվրոպացի պաշտոնյաները մի շարք մտահոգություններ ունեն Ուկրաինայի վարած քաղաքականության հարցում:

Հայաստանը Եվրամիության հետ այս պահին բանակցում է մուտքի արտոնագրերի ռեժիմի դյուրացման համաձայնագրի շուրջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ Ասոցացման համաձայնագրի մեկ այլ բաղադրիչի` խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի հիմնելու հարցի շուրջ բանակցելու համար:

Առաջիկա խորհրդարանական ու նախագահական ընտրությունները ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացնելու հարցում Հայաստանին կօգնեն Եվրամիությունը եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը: Եվրամիությունն այդ նպատակով հատկացնելու է 1 միլիոն 700 հազար եվրո: Ծրագիրն իրականացնելու է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը:

Այսօր ԵԱՀԿ-ի գրասենյակի ղեկավարը եւ Հայաստանի օմբուդսմենը ստորագրեցին համաձայնագիր, որով մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակներ կբացվեն Հայաստանի 6 մարզերում: Աշխատակիցների աշխատավարձերը, գրասենյակների համար անհրաժեշտ գույքն ու մեքենաները կֆինանսավորվեն այդ ծրագրի շրջանակներում:

Օմբուդսմենի մարզային գրասենյակները ընտրությունների ընթացքում քաղաքացիներին իրավաբանական օգնություն կցուցաբերեն: Մի քանի օրից կգործի նաեւ «թեժ գիծ», որի միջոցով թե' նախընտրական շրջանում, թե' ընտրությունների օրը քաղաքացիները կարող են դիմել այդ գրասենյակներ:

XS
SM
MD
LG