Մատչելիության հղումներ

logo-print

ԿԸՀ-ի որոշումը «փոխզիջումային տարբերակ է»


Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքը Երեւանում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքը Երեւանում:

ԿԵնտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) այսօր որոշեց փոփոխություն կատարել լրագրողների հավատարմագրման կարգի մեջ:

Մասնավորապես, չեղյալ է համարվել այն կետը, ըստ որի ԿԸՀ-ն չի հավատարմագրում այն լրագրողներին, որոնք դատապարտվել են դիտավորյալ հանցագործության համար, եւ նրանց դատվածությունը մարված կամ հանված չէ:

Արդեն նախկին կարգի համաձայն, հանձնաժողովը չպետք է հավատարմագրեր նաեւ այն լրագրողներին, որոնք տարածել են ընտրական հանձնաժողովների պաշտոնատար անձանց գործունեության մասին այնպիսի տեղեկություններ, որոնք, ըստ դատարանի, չեն համապատասխանում իրականությանը: Այս կետը նույնպես չեղյալ համարվեց:

Ներկայացնելով որոշման նախագիծը` ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանը «շահարկում» անվանեց նշված կետերի առնչությամբ լրագրողական կազմակերպությունների մեկնաբանությունները. - «Մասնավորապես, շահարկման առարկա դարձավ այն հանգամանքը, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փորձ է կատարում դրանով լրացուցիչ խոչընդոտներ կամ լրացուցիչ սահմանափակումներ ստեղծել լրագրողների հավատարմագրումը իրականացնելու համար եւ անգամ արվում էին դատողություններ, որ այդ ամենը արվում է` Ազգային ժողովի ընտրություններում լրացուցիչ սահմանափակումներ կիրառելու խնդրով պայմանավորված»:

Հիշեցնենք. մարտի 8-ին Երեւանի մամուլի ակումբը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, մամուլի աջակցության «Ինտերնյուս» հասարակական կազմակերպությունը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը եւ Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի Հայաստանի գրասենյակը տարածել էին հայտարարություն, որում, մասնավորապես, նշված էր. - «Հաշվի առնելով, որ մոտակա ամիսներին լրագրողների բավական մեծ մասը ներգրավված է լինելու ընտրական գործընթացների լուսաբանման մեջ, կարգը փաստորեն արգելք կարող է հանդիսանալ լրագրողի մասնագիտական գործունեության համար` զրկելով լրագրողին հավատարմագրման հնարավորությունից «անցյալի մեղքերի համար», որն էլ անընդունելի է ժողովրդավարական արժեքներ դավանող երկրում»:

Նշված մտահոգությունների կապակցությամբ Մուկուչյանը ասաց. - «Ներկայացված մտահոգությունները բացառապես արհեստածին էին: Հիշյալ դրույթները որեւէ պրակտիկ կիրառություն ունենալ չէին կարող` հատկապես պայմանավորված Ազգային ժողովի ընտրություններով»:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում արձագանքելով ԿԸՀ-ի նախագահի գնահատականներին` ասաց. - «Որոշ մեկնաբանությունների հետ համաձայն չեմ: Պարոն Մուկուչյանի մեկնաբանությունները մի քիչ ավելի կոշտ էին, քան մեր մոտեցումները… Բայց ընդհանուր առմամբ որոշումը, կարելի է ասել, փոխզիջումային տարբերակ է»:

Մելիքյանի խոսքով, լավ կլիներ, եթե ԿԸՀ-ն չեղյալ համարեր լրագրողներին չհավատարմագրելու մեկ այլ պայման` եթե դատարանը որեւէ լրագրողի ճանաչել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ. - «Ավելի քաղաքակիրթ մոտեցում կլիներ… Խմբագիրը ինքն է որոշում ում ուղարկի: Եթե կիսագործունակ, բայց տաղանդավոր մարդու է ուղարկում, ուրեմն ինքը ճիշտ որոշում է կայացրել: Առհասարակ դա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշելիք հարցը չէ, թե լրատվամիջոցը ում կուղարկի լուսաբանելու այդ աշխատանքները»:

Տիգրան Մուկուչյանը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան ասաց, թե նշված կետի փոփոխության հիմք չի տեսնում. - «Անգործունակ է անձը ճանաչվում դատարանի կողմից այն դեպքում, երբ չի կարող հաշիվ տալ իր գործողություններին եւ ղեկավարել իր գործողությունները: Խոսքը վերաբերում այնպիսի անձի, որը հոգեկան խանգարման կամ հիվանդության հետեւանքով չի կարող ինքնուրույն կառավարել կամ ղեկավարել իր գործողությունները»:

Հարկ է նշել, որ ԿԸՀ-ի անդամները այսօրվա նիստի օրակարգում ներառված բոլոր հարցերի կապակցությամբ որոշումներն ընդունեցին միաձայն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG