Մատչելիության հղումներ

Թամամյանն ընդունել է իրեն ներկայացված մեղադրանքը


Հովհաննես Թամամյանը դատարանում, 16 փետրվարի, 2012

Հովհաննես Թամամյանը դատարանում, 16 փետրվարի, 2012

Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը այսօր դատարանի դահլիճում հայտարարեց է, որ համաձայն է իրենց ներկայացված մեղադրանքի հետ:

Նա, միանալով գործով մյուս երկու ամբաստանյալների` ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ Արմեն Պողոսյանի եւ ոստիկանության հատկապես կարեւոր գործերով նախկին ավագ քննիչ Վահան Խանզադյանի միջնորդությանը, դատարանին խնդրեց իր նկատմամբ նույնպես արագացված դատական կարգ կիրառել:

Թամամյանը, հիշեցնենք, մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308 հոդվածի առաջին մասով` պաշտոնական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական դիրքը իր ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու համար շահադիտական կամ այլ շահագրգռվածությունից ելնելով, որը պատժվում է առավելագույնը 4 տարի ժամկետով, ինչպես նաեւ նույն հոդվածի 2-րդ մասով` պաշտոնական լիազորությունները չարաշահելը, որը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ եւ պատժվում է ազատազրկմամբ 2-6 տարով:

«Հարգելի դատարան, հարգելի պետական մեղադրող, ես նախաքննության ողջ ընթացքում չեմ խոչընդոտել եւ քանի որ իմ նախկին գործընկերները նման միջնորդություն են ներկայացրել, ես էլ եմ միանում եւ համաձայն եմ արագացված դատաքննության կարգ կիրառելուն», - հայտարարեց Թամամյանը:

Թամամյանի մեղադրանքում կա երկու դրվագ, որոնցից մեկը վերաբերում է Արաբկիրում տեղի ունեցած սպանությանը, մյուսը` Գավառում տեղի ունեցած սպանության փորձին: Մասնավորապես, ըստ դատախազության, Գավառում 2009-ին սպանության փորձ իրականացրած անձանց քրեական պատասխանատվությունից զերծ պահելու դիտավորությամբ, տեղեկացված լինելով, թե ովքեր են կատարել հանցագործությունը, ինչպես նաեւ իմանալով, թե որտեղ են թաքցված հանցագործության գործիք հանդիսացող զենքերը, Թամամյանը ձեռնպահ է մնացել տեղեկությունները ստուգելու եւ հանցագործության գործիք հանդիսացող զենքերը հայտնաբերելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական աշխատանքները կազմակերպելուց: Ավելին, ըստ դատախազության, Թամամյանը ոչնչացրել է սպանության փորձն իրականացրած անձանց առնչությունը հաստատող տեղեկություններ պարունակող հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման ամփոփագիրը: Այս գործից բացի, ըստ դատախազության, Թամամյանը 2010 թվականին Կոմիտասի պողոտայում տեղի ունեցած սպանության գործով թաքցրել էր վերոհիշյալ հանցագործությունը կատարած անձին եւ միջոցներ չէր ձեռնարկել դեպքի իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նշենք, որ մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանն այսօր, երբ ներկայացնում էր Կոմիտասի պողոտայում տեղի ունեցած սպանության գործը, ասաց, որ Թամամյանը հանցագործին թաքցրել է Ազգային ժողովի պատգամավոր, հանրապետական Լեւոն Սարգսյանի խնդրանքով:

«Վռամ Բաղդասարյանին ավելորդ քաշքշուկի մեջ չգցելու վերաբերյալ իր մտերիմ, Ազգային ժողովի պատգամավոր Լեւոն Սարգսյանի խնդրանքը բավարարելու եւ նրան ծառայություն մատուցելու շահագրգռվածությունից ելնելով, Վռամ Բաղդասարյանին քրեական պատասխանատվությունից զերծ պահելու եւ այդ կերպ Լեւոն Սարգսյանին առավել հաճոյանալու դիտավորությամբ, Վռամ Բաղդասարյանի մեղավորությունը հիմնավորող ապացույցները նախաքննական մարմնին խեղաթյուրված ներկայացնելու նպատակով` իր պաշտոնեական դիրքը օգտագործել է ծառայության շահերին հակառակ», - հայտարարեց մեղադրող դատախազը:

Այսպիսով, այսօր դատարանում Թամամյանը ընդունեց իրեն ներկայացված այս մեղադրանքները, թեեւ նրա փաստաբանը Վաղինակ Գեւորգյանը ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր, որ իր պաշտպանյալը իրեն մեղավոր չի համարում:

Դատարանը բավարարեց Թամամյանի միջնորդությունը եւ որոշեց գործը քննել արագացված դատաքննության կարգով: Հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 20-ին: Այդ օրը մեղադրողը հանդես կգա մեղադրական ճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG